Esquire ամսագիր, 1935թ. Ամերիկացի հայտնի գրող Հեմինգուեյը գրելու արվեստի մասին բավականին շատ խորհուրդներ է թողել երիտասարդ սկսնակ գրողներին: 1935 թվականի հոկտեմբերին «Esquire» (Էսքուայըր) ամսագրում տպագրվում է Հեմինգուեյի հետ մի հարցազրույց, որտեղ նա ներկայացված է «Ձեր թղթակիցը» անվանումով և երիտասարդ գրողներին պատմում է իր խորհուրդների մասին:
hemingway
Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք լավ կամ վատ գրական ստեղծագործություն ասելով:
Ձեր թղթակից (Հեմինգուեյ).- Լավ գրական երկը ճշմարիտ ստեղծագործությունն է: Պատմվածքի ճշմարիտ լինելը կախված է նրանից, թե որքան լավ է հեղինակը ճանաչում կյանքը և որքան ջանք է գործադրում, որպեսզի նույնիսկ հնարելու դեպքում այն լինի իրական:
Եթե նա չգիտի՝ ինչպես կվարվեն և ինչ կմտածեն մարդիկ նման հանգամանքներում, ապա որոշ ժամանակ կզրկվի գրելու հնարավորությունից կամ կկենտրոնանա հնարելու վրա: Բայց, եթե շարունակի գրել մի բան, որի մասին չգիտի, ապա միմիայն հորինվածք կստացվի: Մի քանի անգամ այդպես կեղծելով' այլևս չի կարողանա ազնվորեն գրել:
Մայս.- Իսկ ի՞նչ կասեք երևակայության մասին:
Ձ.Թ.- Ոչ ոք չգիտի, թե ինչ է երևակայությունը, բացի նրանից, որ այն տրված է ի վերուստ: Միգուցե այն մեր ժառանգական փորձառությունն է: Կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է: Ազնվությունից հետո սա միակ բանն է, որ անհրաժեշտ է գրողին: Որքան շատ է փորձը, այնքան ճշմարիտ կլինի երևակայությունը: Եթե կարող է այդքան ճշմարիտ երևակայել, ապա մարդիկ կհավատան, որ նրա պատմածը իրականում կատարվել է, և նա ուղղակի վերապատմում է այն:
Մայս.- Իսկ ինչո՞վ կարող է այն տարբերվել լուրից:
Ձ.Թ.- Լուրը մարդիկ չեն մտապահում: Երբ նկարագրում ես այդ օրը կատարված ինչ-որ բան, ժամկետները ստիպում են ընթերցողին տեսնել այն իր սեփական երևակայությամբ: Մեկ ամիս անց ժամանակի այդ գործոնն անհետանում է, և ձեր խնդիրն այլևս անհասկանալի է դառնում, քանի որ նրանք արդեն չեն հիշում դրա մասին:
Իսկ, եթե նկարագրելու փոխարեն այն պատկերեք, կդարձնեք ամբողջական, հաստատուն և կենսունակ:
Լավ, թե վատ ստեղծում ես: Ճշմարտացի կհամարվի այն, թե ոչ կախված է երևակայել կարողանալուց և ձեր ներդրած գիտելիքների չափից: Հասկանո՞ւմ եք ինձ:
Շարունակությունը` mitq.am