Esquire ամսագիր, 1935թ.

Ամերիկացի հայտնի գրող Հեմինգուեյը գրելու արվեստի մասին բավականին շատ խորհուրդներ է թողել երիտասարդ սկսնակ գրողներին: 1935 թվականի հոկտեմբերին «Esquire» (Էսքուայըր) ամսագրում տպագրվում է Հեմինգուեյի հետ մի հարցազրույց, որտեղ նա ներկայացված է «Ձեր թղթակիցը» անվանումով և երիտասարդ գրողներին պատմում է իր խորհուրդների մասին:

Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք լավ կամ վատ գրական ստեղծագործություն ասելով:

Ձեր թղթակից (Հեմինգուեյ).- Լավ գրական երկը ճշմարիտ ստեղծագործությունն է: Պատմվածքի ճշմարիտ լինելը կախված է նրանից, թե որքան լավ է հեղինակը ճանաչում կյանքը և որքան ջանք է գործադրում, որպեսզի նույնիսկ հնարելու դեպքում այն լինի իրական:

Եթե նա չգիտի՝ ինչպես կվարվեն և ինչ կմտածեն մարդիկ նման հանգամանքներում, ապա որոշ ժամանակ կզրկվի գրելու հնարավորությունից կամ կկենտրոնանա հնարելու վրա: Բայց, եթե շարունակի գրել մի բան, որի մասին չգիտի, ապա միմիայն հորինվածք կստացվի: Մի քանի անգամ այդպես կեղծելով' այլևս չի կարողանա ազնվորեն գրել:

Մայս.- Իսկ ի՞նչ կասեք երևակայության մասին:

Ձ.Թ.- Ոչ ոք չգիտի, թե ինչ է երևակայությունը, բացի նրանից, որ այն տրված է ի վերուստ: Միգուցե այն մեր ժառանգական փորձառությունն է: Կարծում եմ՝ միանգամայն հնարավոր է: Ազնվությունից հետո սա միակ բանն է, որ անհրաժեշտ է գրողին: Որքան շատ է փորձը, այնքան ճշմարիտ կլինի երևակայությունը: Եթե կարող է այդքան ճշմարիտ երևակայել, ապա մարդիկ կհավատան, որ նրա պատմածը իրականում կատարվել է, և նա ուղղակի վերապատմում է այն:

Մայս.- Իսկ ինչո՞վ կարող է այն տարբերվել լուրից:

Ձ.Թ.- Լուրը մարդիկ չեն մտապահում: Երբ նկարագրում ես այդ օրը կատարված ինչ-որ բան, ժամկետները ստիպում են ընթերցողին տեսնել այն իր սեփական երևակայությամբ: Մեկ ամիս անց ժամանակի այդ գործոնն անհետանում է, և ձեր խնդիրն այլևս անհասկանալի է դառնում, քանի որ նրանք արդեն չեն հիշում դրա մասին:

Իսկ, եթե նկարագրելու փոխարեն այն պատկերեք, կդարձնեք ամբողջական, հաստատուն և կենսունակ:

Լավ, թե վատ ստեղծում ես: Ճշմարտացի կհամարվի այն, թե ոչ կախված է երևակայել կարողանալուց և ձեր ներդրած գիտելիքների չափից: Հասկանո՞ւմ եք ինձ:

Մայս.- Մասամբ:

Ձ.Թ. ( խոժոռված )- Այդ դեպքում եկեք այլ բաներից խոսենք:

Մայս.- (շփոթված) Պատմեք ինձ գրելու տեխնիկայի մասին:

Ձ.Թ.- Ի՞նչ նկատի ունեք. գրամեքենա՞ն, թե մատի՞տը: Խոսքը դրա՞նց մասին է:

Մայս.- Այո:

Ձ.Թ.- Սկսնակ գրողը բավականություն է ստանում գրելիս, մինչդեռ ընթերցողը' ոչինչ: Կարող ես նաև օգտագործել գրամեքենան, քանի որ դրանով ավելի հեշտ է ու ավելի մեծ հաճույք կստանաս: Գրելն ավարտելուց հետո ողջ անելիքդ յուրաքանչյուր տեսարան, զգացողություն, վայր և զգացմունք ընթերցողին հասցնելն է: Այդ իսկ պատճառով պետք է շատ աշխատել: Մատիտով գրելու դեպքում կարող ես մի քանի ձևով ստուգել՝ կստանա արդյոք ընթերցողն այն, ինչ ցանկացել ես հաղորդել նրան: Նախ' կարդում ես ձեռագիրը, հետո, երբ մեքենագրում ես տեքստը, հնարավորություն ես ստանում ուղղելու գրածդ և վերջնական կարդում այն: Այնպես որ մատիտը հավելյալ, երրորդ հնարավորություն է տալիս տեքստը բարելավելու համար:

Մայս.- Ինչքա՞ն կարելի է գրել օրվա ընթացքում:

Ձ.Թ.- Քանի դեռ գործը լավ է առաջ գնում, և գիտես, թե ինչ պետք կատարվի հետո, լավագույն տարբերակը կանգ առնելն է: Վեպ գրելիս, եթե ամեն օր այդպես շարունակես, ապա երբեք տեղում չես դոփի: Ահա ամենաարժեքավոր խորհուրդը. փորձեք այն մտապահել:

Մայս.- Շատ լավ:

Ձ.Թ.- Միշտ դադար տվեք, երբ գրելը արդյունավետ է առաջ գնում, մի մտածեք այդ մասին և մի անհանգստացեք, մինչև հաջորդ օրը նորից կսկսեք գրել: Այս ձևով ձեր ենթագիտակցությունը ողջ ժամանակ կաշխատի այդ ուղղությամբ: Բայց, եթե շարունակ մտածեք կամ մտահոգվեք, ապա կսպանեք այդ հնարավորությունը, և ձեր ուղեղը կհոգնի, նախքան գործին անցնելը: Եթե արդեն սկսել եք վեպը, բայց մտավախություն ունեք արդյոք վաղը գործն առաջ կգնա թե ոչ, դա նույնքան վախկոտ քայլ է, որքան նման անխուսափելի գործից ետ կանգնելը: Պետք է շարունակել. անհանգստանալն անիմաստ է: Դա հատկապես պետք է իմանալ վեպ գրելու համար, քանի որ վեպի դեպքում ամենադժվար պահն այն ավարտելն է:

Մայս.- Ինչպե՞ս կարելի է չանհանգստանալ:

Ձ.Թ.- Չմտածելով աշխատանքի մասին: Հենց սկսեք մտածել այդ մասին, անմիջապես վերջ տվեք: Մտածեք այլ բանի մասին: Պետք է սովորել դա:

Մայս.- Ամեն օր ինչքա՞ն եք գրածն ընթերցում նախքան այն շարունակելը:

Ձեր թղթակից.- Լավ կլիներ ամեն օր վերընթերցել սկզբից և հիմնովին ուղղել, իսկ հետո շարունակել այնտեղից, որտեղ օր առաջ դադար էիք տվել: Եթե այնքան երկար է գրված, որ ամեն օր չես կարող կարդալ, ապա կարդում ես միայն վերջին երկու-երեք գլուխները, իսկ շաբաթը մեկ անգամ ամբողջությամբ ես կարդում: Ահա, թե ինչպես կարելի է այն ամբողջացնել: Եվ մի մոռացեք կանգ առնել, քանի դեռ շարունակում եք արդյունավետ գրել: Դա կպահպանի ընթացքը և թույլ չի տա ձեզ աշխատել հարկադրաբար: Այլապես կհամոզվեք, որ հաջորդ օրը սպառվել եք, և աշխատանքը շարունակելն անհնար է:

Մայս.- Նույնը վերաբերո՞ւմ է արդյոք պատվածքին:

Ձ.Թ.- Այո, բայց պատմվածքը երբեմն կարելի է գրել նաև մեկ օրում:

Մայս.- Երբ գրում եք պատմվածքը, դուք նախօրոք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենալու:

Ձ.Թ.- Համարյա՝ երբեք: Ես այն սկսում եմ, և պատահում է այն, ինչ պետք է պատահի' կախված զարգացման ընթացքից:

Մայս.- Սա այն մեթոդը չէ, երբ քոլեջում սովորեցնում են, թե ինչպես պետք է գրել:

Ձ.Թ.- Այդ մասին չգիտեմ. ես երբեք քոլեջ չեմ գնացել: Եթե ինչ-որ մեկը կարողանում է գրել, քոլեջը ի՞նչ պետք է սովորեցնի նրան:

Մայս.- Բայց դուք սովորեցնում եք ինձ:

Ձ.Թ.- Ես խելագար եմ: Բացի դրանից, մենք նավակում ենք ոչ թե քոլեջում:

Մայս.- Ի՞նչ գրքեր պետք է գրողը անպայմանորեն կարդա:

Ձ.Թ.- Նա պետք է կարդա ամբողջը իմանալու համար, թե ինչ պետք է հաղթահարի:

Մայս.- Բայց նա չի կարող բոլորը կարդալ:

Ձեր թղթակից.- Ես չեմ ասում, թե ինչ կարող է կարդալ , այլ, թե ինչ է հարկավոր: Իսկ բոլորը կարդալ, իհարկե, չի կարող:

Մայս.- Բայց, ի վերջո, ո՞ր գրքերը պետք է գրողը անհրաժեշտաբար ընթերցի:

Ձ.Թ.- Նա պետք է կարդա Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը, Կապիտան Մարետիի «Ծովային ենթասպա» և «Ֆրենք Մայլդմեյ» գրքերը, Ֆլոբերի «Տիկին Բովարին» և «Զգացմունքների դաստիարակությունը», Թոմաս Մաննի «Բուդենբրոքը», Ջոյսի «Դուբլինցիները», «Երիտասարդ արվեստագետի դիմանկարը», «Ուլիսեսը», Ֆիլդինգի «Թոմ Ջոնսը» և «Ջոզեֆ Էնդրյուսը», Ստենդալի «Պարմի մենաստանը», «Կարմիրն ու սևը», Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» և ևս ցանկացած երկու գիրք, Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննը», Սթիվեն Քրեյնի «Կապույտ հյուրանոցը» և «Նավակը», Ջորջ Մուրի «Ողջույն և ցտեսություն» ստեղծագործությունը, Յեթսի ինքնակենսագրականները, Մոպասանի և Քիպլինգի բոլոր լավագույն ստեղծագործությունները, Տուրգենևի բոլոր գործերը, Հաթսոնի «Հեռավորի և անցյալի մասին»-ը, Հենրի Ջեյմսի պատմվածքները և հատկապես' «Տիկին դը Մով»-ը, «Պտուտակի շրջապտույտը», «Մի տիկնոջ դիմանկար», «Ամերիկացիները» և այլն:

Մայս.- Ես չեմ կարող սղագրել այսքան արագ: Դեռ շա՞տ կան:

Ձ.Թ.- Մնացածը կասեմ հաջորդ անգամ: Դրանք մոտավորապես թվարկածից երեք անգամ ավելի շատ են:

Մայս.- Գրողը պետք է այս բոլոր գրքերը կարդա՞:

Ձ.Թ.- Բոլորը և էլի շատ ու շատ գրքեր, այլապես նա չի իմանա, թե ինչ պետք է հաղթահարի:

Մայս.- Ի՞նչ ի նկատի ունեք «հաղթահարել» ասելով:

Ձեր թղթակից.- Ի՞նչ իմաստ ունի գրել արդեն իսկ գրվածի մասին, եթե հույս չունես, որ ավելի լավ կգրես: Մեր օրերում գրողը պետք է կամ գրի այն, ինչի մասին դեռ չեն գրել կամ «հաղթահարի» անցյալի գրողներին: Վերջիններիս հետ մրցակցությունը միակ միջոցն է հասկանալու, թե ինչի ես ընդունակ: Շատ կենդանի գրողներ կան, որոնք գոյություն չունեն: Նրանք հռչակ են ձեռք բերել քննադատների միջոցով, որոնց մշտապես անհրաժեշտ է հերթական մի հանճար, ում ամբողջովին կարելի է հասկանալ և հանգիստ գովաբանել: Բայց, երբ այս «կեղծ» հանճարները մահանում են, նրանցից ոչինչ չի մնում: Լուրջ գրողի համար միակ ընդունելի մրցակիցները համարվում են մահացած գրողները: Նա կարծես վազորդի նման ժամացույցին հակառակ պարզապես փորձում է հաղթահարել, ով էլ որ լինի իր հետ այդ մրցավազքում: Այլապես նա երբեք չի իմանա, թե իրականում ինչի է ընդունակ:

Մայս.- Բոլոր այս հիանալի գրողներին ընթերցելը կարող է քաջալերել մարդուն:

Ձ.Թ.- Ուրեմն պետք է քաջալերվել:

Մայս.- Սկսնակ գրողի համար լավագույն դպրոցը ո՞րն է ըստ Ձեզ:

Ձ.Թ.- Դժբախտ մանկությունը:

Մայս.- Իսկ Ձեր կարծիքով Թոմաս Մաննը մեծ գրո՞ղ է:

Ձ.Թ.- Նա մեծ գրող կլիներ, եթե «Բուտենբրոկներ» -ից բացի ոչինչ չգրեր:

Մայս.- Գրողն ինչպե՞ս կարող է ինքն իրեն մարզել:

Ձ.Թ.- Ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում շուրջը: Եթե մենք հիմա հարձակվենք ձկան վրա, ապա կտեսնենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ կանի: Եթե ձեզ հաճույք է պատճառում այն երևույթը, թե ինչպես է ձուկը դուրս ցատկում ջրից, փորձեք վերլուծել ու հասկանալ, թե ինչն է իրականում ուրախություն պարգևել ձեզ: Կամ, թե ինչպես է ջրից դուրս գալիս կարթաթելը, ձգվում ջութակի լարի նման, այնպես որ վրան անգամ ջրի կաթիլներ են երևում: Կամ' ինչպես է ձուկը ցատկոտում ջրի մեջ: Մտապահեք բոլոր ձայները և փորձեք հասկանալ, թե այդ զգացմունքները ինչ առաջացրին ձեր մեջ, հատկապես ո՞ր գործողությունները հուզեցին: Այնուհետև' գրեք այնքան պարզ ու հասկանալի ձևով, որպեսզի ընթերցողն էլ կարողանա տեսնել ու զգալ այն, ինչ դուք եք զգացել: Սա հինգ մատների համար նախնական վարժություն է:

Մայս.- Լավ:

Ձ.Թ.- Այնուհետև' պատկերացրեք, թե ինչ է կատարվում մեկ ուրիշի գլխում: Օրինակ, եթե ես ձեզ մի կողմ եմ հրում-գցում, փորձեք պատկերացնել, թե ես ինչ եմ այդ պահին մտածում և ոչ թե մտածեք այն մասին, թե ինչպես դուք կարձագանքեիք: Եթե Կարլոսը անիծում է Խուանին, փորձեք երկուսին էլ հասկանալ ' չմտածելով, թե նրանցից ով է ճիշտ: Որպես մարդ պատկերացրեք՝ որն է լավ, իսկ որը' վատ: Դուք հստակ գիտեք՝ ով է ճիշտ, և ով ' մեղավոր: Ճիշտ է, ստիպված եք որոշումներ կայացնել և ի կատար ածել դրանք: Բայց որպես գրող դուք ոչ թե պետք է դատեք, այլ հասկանաք:

Մայս.- Լավ:

Ձ.Թ.- Երբ մարդիկ խոսում են, ամբողջությամբ լսեք: Մի մտածեք այն մասին, թե դուք ինչ եք պատրաստվում ասել: Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում և ոչ էլ դատում է: Մտնելով սենյակ և միաժամանակ դուրս գալով այնտեղից' պետք է մտապահեք այն ամենը, ինչ տեսել եք և ոչ միայն: Եթե այդ սենյակը ինչ-որ զգացմունք է առաջացրել, ապա պետք է ճիշտ կողմնորոշվեք, թե ինչ զգացմունք է դա: Փորձեք այս տարբերակը: Քաղաքում' թատրոնի մոտակայքում կանգնած, նայեք, թե ինչ տարբերությամբ են մարդիկ դուրս գալիս տաքսիներից ու մարդատար մեքենաներից: Բազմաթիվ եղանակներ կան մարզվելու համար: Միշտ մտածեք ուրիշների մասին:

Մայս.- Ի՞նչ եք կարծում ես գրող կդառնա՞մ:

Ձ.Թ.- Ինչպե՞ս կարող եմ իմանալ: Միգուցե դուք տաղանդ չունեք և չեք կարող ուրիշների փոխարեն զգալ: Դուք լավ պատմվածքների նյութ ունեք, եթե կարողանաք գրել:

Մայս.- Բայց ինչպե՞ս կարող եմ պատմել:

Ձ.Թ.- Գրեք և, եթե հինգ տարի աշխատեք ու հասկանաք, որ ոչինչ չի ստացվում, միշտ էլ կարող եք ինքնասպան լինել:

Մայս.- Ես ինքնասպան չեմ լինի:

Ձ.Թ.- Այդ դեպքում, ես ձեզ կսպանեմ:

Մայս.- Շնորհակալ եմ:

Ձ.Թ.- Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, Մայս: Հիմա, միգուցե այլ բաների՞ց խոսենք:
Անի Հակոբյան