Աշխարհում մի ազգ կա, որ սիրում էր Ռուս կայսրությունը: Հայերը:
Հովսեփ Արղության, վեր կաց գերեզմանից: Ծրագիրդ՝ «Կերպ դաշնադրութեան ի մէջ երկուց ազգաց' Ռուսաց և Հայոց» նախագիծը տապալված է: Էն խաչը, որը ձեռքիդ, ռուսական զորքերի առաջն ընկած, նրանց բերում էիր Անդրկովկաս, որտե՞ղ է: Դիմումներդ հայ ժողովրդին' օգնելու ռուսական բանակին, որտե՞ղ են: Ես էլ քո ժառանգներից մեկն եմ եղել, մի օր գրել եմ, թե ինչ բարձր սիրով սիրեցինք Ռուսաստանը… Ո՞րն է քո և իմ սիրո արդյունքը: Թումանյանի սիրո:
Ռուս կայսրությունը – ուժով ու սադրանքներով պահել ազգերը: Ոչ մի հոգեբանություն, ոչ մի էթնիկ ճանաչողություն: Շամիլը բարոյապես բարձր էր գեներալ Բարյատինսկուց – թեկուզ գերի հանձնված նրան: Ջոհար Դուդաևը նժդեհորեն բարձր էր «դեմոկրատ» Ելցինից: Նժդեհը բարձր էր 11-րդ կարմիր բանակի հրամանատարից, Լենինից ու Ստալինից: Ավա՛ղ, մեր երրորդ հանրապետության կառավարիչները ցածր եղան իրենց ժամանակի ռուս ցարերից – վերջիններս գոնե սիրում են Ռուսաստանը: Ճիշտ է՝ տարօրինակ ու մահացու սիրով…
Այս պատմությունը մոտենում է հանգուցալուծման: Ռուս կայսրության վաղեմի երազը՝ ունենալ Հայաստանը առանց հայերի, այժմ իրականացվում է վայրի ճնշումով: Կայսրությունը կորցնում է վերջին ու միակ դաշնակցին: Գազային համաձայնագիրը պարտադրող պետությունը ընկել է ցածրից ցած - ճզմել մի բարձր ու մշակութակիր ժողովրդի: Կայսրությունը հատեց գոյության իրավունքի սահմանը – նրա վախճանը ժամանակի հարց է:
Բայց խոսքը մեր մասին է: Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ – սա առաջինը: Ոչ բարեկամ երկիր, որի հետ պիտի հարաբերվել ըստ գործող միջազգային օրենքների: Սա հնարավոր շրջադարձ է – եթե «շեկ» փրկչի միֆը հեռանա մեր ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ: Ահագին ուշացել ենք, բայց ուշ չէ: Ուշադիր՝ կայսրության 5-րդ շարասյունը: Եթե լրիվ ցուցակն իմանանք – թուքներս կչորանա, լավ է չգիտենք: Ուշադիր՝ «Ղարաբաղի հարցը» - կայսրության սերմած հակամարտությունը: Հայոց Արևելյան Կողմից հասնում են տարօրինակ կոչեր – դավաճանության չհասնի՞… Մեր դավաճանները մեզ բավական են:
Հայաստանի մի բուռ ժողովուրդ, դասականորեն ՄԵՆԱԿ ես – ուրեմն ՍԽՐԱՆՔԻԴ ժամն է:
Լևոն Դռնոյան
21 դեկտեմբերի 2013թ.