«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը դեկտեմբերի 15-ին ներկայացրեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ բժիշկ Արմեն Մկրտչյանի պատմությունը: Ամիսներ առաջ, կանչով, հիվանդի տուն շտապելու ճանապարհին, ավտովթարի հետևանքով նա ծանր վնասվածքներ է ստանում, երկար ժամանակ բուժվելուց հետո անգամ գամվում անվասայլակին: Արմեն Մկրտչյանը երեք անչափահաս որդի ունի, երեք ապագա զինվոր է դաստիարակում, այժմվանից հիմնավորելով Հայրենիքին ծառայելու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Նրա 5 հոգանոց ընտանիքն ապրում է վարձակալած բնակարանում, սոցիալական ծանր պայմաններում, քանի որ միակ կերակրողը, ինչպես նշվեց, գամված է անվասայլակին: Արմեն Մկրտչյանը 15 տարի, որպես ռազմական բժիշկ, աշխատել է ԼՂՀ-ում, Մեղրիում, Սիսիանում, իսկ վերջին 4 տարին շտապբուժօգնության ծառայության բժիշկներից էր:
Որտեղ էլ աշխատել է, հավատարիմ է մնացել Հիպոկրատի երդմանը, հիվանդներին շրջապատել է հոգատարությամբ, գիտելիքներով ու փորձով օգնել է, հուսադրել և շատերին ոտքի կանգնեցրել: Հիմա, ճակատագրի հեգնանքով, ինքն ունի օգնության կարիք: Լիարժեք առողջանալու, աշխատանքի վերադառնալու, ընտանիքը կերակրելու համար պետք է բուժումը շարունակի Գերմանիայում: Բայց…բայց, ինչպե՞ս, եթե անչափահաս զավակներն անգամ հացի խնդիր ունեն և ահուդողով սպասում են, որ բնակարանից կվտարեն' վարձը չմուծելու համար: Մինչդեռ գնալու տեղ չունեն: Արմեն Մկրտչյանը 2007թ-ից ՊՆ-ում բնակարանի համար հերթագրվածների ցուցակում է: Եթե առողջապահության նախարարությունը' խոստմանը հավատարիմ, օգնի, որպեսզի Արմեն Մկրտչյանը բուժումը շարունակի Գերմանիայում, իսկ պաշտպանության նախարարությունը լուծի հուսալքության սահմանն անցած ընտանիքի բնակարանի հարցը, մի հայ ընտանիք էլ կփրկվի: Կփրկվեն նաև մեր հոգիները:
Օգնության ակնկալիքով և կանխահայտ շնորհակալությամբ'
«Սուր անկյուն»
17.12.13