Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան որակական իմաստով նշանավորվեց ոչ միայն իբրեւ նոր հերթական հանգրվան երկկողմ հարաբերություններում, այլ նաև արձանագրեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակ: Թեև այցի առանցքում Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցելու հետ կապված տնտեսական և իրավական հարցերի շուրջ քննարկումներն էին, ինչպես և տասնյակից ավելի պայմանագրերի ստորագրումը, այդուհանդերձ Ռուսաստանի ղեկավարի ներկայությունը Գյումրիում տեղակաված ռուսական 102-րդ ռազմակայանում և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարների մասին հայտարարությունները տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից միանգամայն այլ բնույթ հաղորդեցին այցին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Առաջին հայացքից' Ռուսաստանի նախագահի այցի շրջանակներում բոլոր քննարկումների, բանակցությունների և հայտարարությունների գլխավոր թեման վերը նշված միություններին Հայաստանի անդամակցելու հարցն էր: Երևանը վերահաստատեց իր որոշումը' միանալ ձևավորվող այդ միջազգային կառույցներին, միաժամանակ հասկացնելով իր հյուսիսային դաշնակցին, որ վերջինիս ձեռքում են գտնվում նաև տնտեսական զարգացման բազմաթիվ գործոններ:
Վ.Պուտինի այցը տեղի ունեցավ Եվրամիության կողմից Վիլնյուսում հրավիրված «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովից հետո, և դա (չնայած նրան, որ վաղօրոք նախատեսված պետական այց էր) իրավիճակի զարգացման տեսանկյունից գրեթե ամփոփեց ԵՄ-ՀՀ համագործակցության զարգացման հերթական փուլը' ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրը չնախաստորագրվեց: Թեև հայաստանյան հասարակական ու քաղաքական որոշ շրջանակներ իշխանություններին մեղադրեցին եվրաինտեգրման գործընթացի ձախողման և նույնիսկ ռուսամետության համար, բայցեւ այս պարագայում ԵՄ պաշտոնյաները որոշեցին Հայաստանի հետ ստորագրել հետագա համագործակցության մասին ոչ այնքան հստակ ձևակերպումներով հռչակագրային մի պայմանագիր: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ Ստրասբուրգում' ԵԽ Խորհդրարանական Վեհաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով վերահաստատել էր, որ Հայաստանի միանալը Մաքսային միությանը չի կարող հակասել ԵՄ հետ ասոցացմանն ու ազատ առևտրի գոտու շուրջ փաստաթղթերի ստորագրմանը:
Բրյուսելի նման գործելաոճը հնարավորություն տվեց Հայաստանին անկաշկանդ հաստատել Մաքսային միությանը անդամակացելու իր կուրսը, ինչի շնորհիվ Մոսկվան ռազմաքաղաքական իր դաշնակցին տվեց տնտեսական զարգացման համար կարևոր արտոնությունների երաշխիքներ: ՌԴ նախագահ Վ.Պուտինը բարձր գնահատեց Հայաստանի այդ վճռականությունը' նշելով. «Ի զարմանս մեզ' հայկական կողմը գործում է ակտիվորեն: Անկեղծ ասած, մեզ անհարմար վիճակում է դնում, մենք հետ ենք մնում մեր հայ գործընկերներից», իսկ ռուսական որոշ լրատվամիջոցներ շտապեցին հանդես գալ հրապարակումներով, թե «Հայաստանը չափազանց ջանասիրաբար է աշխատում այս ուղղությամբ' հետին պլանում թողնելով Ղրղզստանին, որը հավակնում էր դառնալ Մաքսային միությունում չորրորդ անդամը » («Կոմսոմոլսկայա պրավդա»):
Հայաստանի պարագայում ռուսական կողմը չսահմանափակվեց զուտ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին հայտարարություններով և երաշխինքերով, այլ դիմեց իրական քայլերի' ստորագրելով տնտեսական, ռազմական, էներգետիկ, միջուկային և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության կարևորագույն 12 փաստաթղթեր: Որոշում է կայացվել ՌԴ-ից Հայաստան առաքվող նավթամթերքներից և գազից հանել 30 %-ոց մաքսատուրքը, ավելին' գազի գինը սահմանել ռուսաստանյան ներքին գներին համապատասպան: Էներգետիկ ոլորտում նման դիվիդենդները թույլ կտան հայկական տնտեսությանը շարունակել վերականգնման և զարգացման ուղին, ինչպես նաև թուլացնել հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը: Հյուսիսային դաշնակիցն այդ կերպ փարատեց հայաստանյան որոշ ուժերի հոռետեսական կասկածը, թե Ռուսաստանը նպաստում է մեր երկրի «հայաթափմանը», քանի որ այս համատեքստում ռուսական կողմին շուրջ 500 միլիոն դոլարի հայաստանյան պարտքի մարումը կարող է լուրջ խթան դառնալ հայկական տնտեսության զարգացման համար:
Տնտեսական երաշխիքներից զատ, այցի կարևորագույն արդյունքներից էին ռազմատեխնիկական համագործակցության շուրջ նոր պայմանավորվածությունները: ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս Հայաստանը հնարավորություն ստացավ Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ռուսաստանյան ներքին սակագներով: Նման կերպ Մոսկվան հասկացրեց ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, որ թույլ չի տա սակարկել Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, և բացի Համաձայնագրի շրջանակներից' պատրաստ է ապահովել հայաստանյան զինված ուժերի սպառազինության արդիականացումը երկկողմ համաձայնությունների հիման վրա:
շարունակությունն այստեղ' http://www.hayzinvor.am/23501.html
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ