Ձյունը տաք էր թվում, որովհետև մանկությունը ներում ու ջերմացնում է ցանկացած սառը հպում: Դու վարդագույն ձեռնոցի վրա պահել էիր տձև մի գունդ ու աչքերիդ բաց կանաչը ժպտում էր հաղթական: Ես փորձեցի ցույց տալ իմ ափերի մեջ տրորված փխրուն ճերմակը: Դու մեծահոգաբար գլխով արեցիր հավանությւոն տալով իմ արած աշխատանքին: Լռությունը դանդաղեցված կադրի նման կախվել ու ցած էր իջնում, գունատ վարագույրը ճոճելով մեր սառած քթերի առաջ: Դու փոքր աղջիկ էիր ու ինձ համար ամենակարևոր մարդն էիր աշխարհում, որովհետև միշտ լսում էիր ինձ ու հասկանում: Մինչև ծնկներս խրվել եմ ձյան մեջ, մեջքս քարացել է լարվածությունից հոգնելով: Ուզում եմ կուչ գալ տաք վառարանի մոտ, բացել թղթապանակն ու նկարել մեր խաղը, բայց մտքում պահում եմ քո ժպիտը ու ինքս ինձ խոստանում երբեք չդավաճանել մեր ընկերությունը: Փոքրիկ թիթեղյա դույլի մեջ հավաքել ենք թարմ ձյունը: Դու հմուտ ձեռքերով փորձում ես քո երկու տարով ավագ լինելը ցուցադրել ու այնպիսի եռանդով ես հավաքում դույլից դատարկված ձնակույտը, որ ես հպարտանամ քեզնով: Մենք որոշում ենք, որ ամբողջ ձմեռ խաղալու ենք միայն ձյունով: Կառուցելու ենք տնակներ, կենդանիներ, հպարտ ցցված ձնեմարդ: Իսկ դրա համար մեծ ժամանակ է հարկավոր: Մեզ հետ բերել ենք մեր ամենասիրելի խաղալինքերը, որպեսզի թաղենք ձյան տակ: Ես դողում եմ կարեկցանքից, որովհետև թևիս տակ սեղմված տիկնիկի շագանակագույն մազերը ամեն առավոտ փնտրում եմ բարձիս վրա: Բայց հասուն որոշում ենք ընդունել, ու ես չեմ կարող հրաժարվել պայմանավորվածությունից: Նստարանի տակ փորել ենք ձյունը, հերթով թաղում ենք խաղալիները: Զարմանքով նայում եմ քո դեմքին ու տեսնում նույն արցունքները, որ այտերս դաղում են անխիղճ հպումով: Կարող էինք չանել…Ինչու՞ ենք անում: Ես քո պարզած ձեռքին եմ մեկնում տիկնիկը, որը սողալով դուրս է սահում թևատակիցս ու, մի ձեռքով կախված ինձանից, ճոճվում է օդում: Դու գիտես, որ դա իմ սիրելի տիկնիկն է, երկու ձեռքով ես տեղավորում «դատապարտվածների» կույտի վրա: Երբ մշուշված աչքերով նայում եմ, թե ոնց ես մինչև արմունկնքերդ թիակ դարձրած թևերով իրար վրա հավաքում ձյունը, տիկնիկիս կիսախուփ աչքից ինձ է նայում գորշ բիբը: Մի բան կար այդ ապակե հայացքում: Էլ երբեք չտեսա այդպիսի զարմանք: Դու չես թաքցնում քո թաց երեսը: Հերոսի նման ժպտում ենք իրար, արցունքներից խեղդված բերաններով: Տուն ենք գնում, երկար հանդիմանանք, չոր հագուստ ու տաք թեյ ստանալու կանխագուշակությամբ: Իսկ երբ ամբողջ օրվա համառ լռությունս ու լացը խեղդող փքված շուրթերս գրավել էին ծնողներիս ուշադրությւոնը, ես արդեն մտել էի իմ անկյունն ու գիշերանոցիս կողքին չտեսա իմ տիկնիկի մաշված թաթիկը, բարձը սեղմեցի երեսիս ու մի կուշտ լաց եղա: Մթից վախենում եմ, բայց երբ տանը բոլորը քնած են ու ես կարող եմ աննկատ անցնել հյուրասենյակ, բոբիկ ոտքերս սառը հատակի վրայով անաղմուկ մոտենում են պատուհանին: Ճերմակ ու լուսավոր ձյուն է: Նստարանը մինչև կոկորդը խրված է ձյան մեջ: Ձնեմարդը ծուռ ուսը հպարտությամբ փայլեցնում է լուսնի թևի տակ: Հսկայական գլխի վրա հին դույլն է, պոչը ցցված ու ժանգոտ: Բերանը գծող ծուռ ճյուղը քմծիծաղ է նկարել ձյունե դեմքին: Դու երևի քո սենյակում, քո տաք անկողնու մեջ անհանգիստ շուռումուռ ես գալիս: ես սկսում եմ հենց այդ պահից հաշվել դեպի գարուն հասնող օրերը: Ուրախությամբ նշելով, որ արդեն մեկ օր է անցել մեր հերոսական արարքից հետո, սիրտս խաղաղվում է:

Գարունը շուտ եկավ: Ձյունը ցեխակույտերի փոխված ցցված է ամեն անկյունում: Ոտքի ճանապարհը անցորդների կոշիկների համառությամբ մաքրվել է, միայն սառցե բարակ շերտ է փայլեցնում սառը օդին պարզած մայթերում: Նստարանի տակ վաղուց բացվել է մեր թաքստոցը, որ ավելի շատ խաղալիրքների գերեզմանոցի էր վերածվել մեր անխիղճ արարքից հետո: Բայց սառած ցեխի մեջ ոչ մի խաղալիք չգտանք: Իմ տիկնիկի դարչնագույն բիբը հիշողությանս առաստաղից միշտ կախված մնաց ու այնտեղ սառած զարմանքը կարդում էի մեկ բառով.«Դավաճա՛ն»: Դու ինձ հետ տխրեցիր, ու իրար գրկած լաց եղանք: Ների՛ր, բայց դեմքդ աղոտ եմ հիշում: Իմ մանկության էջերից մեկում դու միշտ կաս, քո վարդագույն թաթմանի, հարազատ աչքերի և ուժեղ ձեռքերի բոլոր գույներով; Անունդ չեմ հիշում: Բայց տիկինիկիս դեմքը սառած ձյան մեջ խոթող ձեռքերդ չէին կարող մոռացության տալ այն ապակե բիբը, որ բոլոր երեխաների մանկության մեջ եզակի է, չզույգված, չգիտես ինչու կիսախուփ ու շա՜տ ծանոթ:

Նվիրում եմ հրաշալի ու գեղեցիկ մի մարդու՝ Մարիետա Հարությունյանին...