Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

ԲԱՑԱՌԵԼ ՆԱՀԱՆՋԸ՝ ՝ ԱՆԿԱԽ ՈՐԵՎԷ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ.
Ո՛Չ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ։
Դիմում եմ հայ սպաներին, զինվորներին և աշխարհազորայիններին։
Հայաստանի գոյությունը վտանգված է։ Այսօր ավելի, քան երբևէ։
Թշնամին ծրագրված կերպով շարունակում է զավթել հայոց հողը, կտրել մեր ճանապարհները, շրջափակել մեր բնակավայրերը, սպանել մեր հայրենակիցներին, ֆիզիկապես ու հոգեբանորեն խոշտանգել մեր գերիներին։ Թուրքն ամեն օր քանդում և ավիրում է մեր սրբությունները, փշրում է մեր խաչքարերը, կործանում մեր եկեղեցիները, ջարդ ու փշուր անում մեր հուշարձաններն ու մեր արյունակիցների գերեզմանները, միջազգային ասպարեզում անպատվում ու նսեմացնում է մեր ազգը։ Ցեղասպանները հոխորտում են եթե ոչ այսօր, ապա վաղը գալ և զավթել Սյունիքը, Սևանն ու Երևանը։
Այս պայմաններում յուրաքանչյուր մարտական դիրքից նահանջը, յուրաքանչյուր բլրի, քարի և թուփի հանձնումը թշնամուն մոտեցնում է նրան իր վաղեմի երազանքին՝ Հայաստանի ոչնչացմանն ու հայ ժողովրդի բնաջնջմանը։
Դուք պետք է գիտակցեք, որ հայրենիքի լինել-չլինելը կախված է առաջին հերթին ձեզանից, այլ ոչ թե մայրաքաղաքում տաքուկ աթոռներին նստած բարձրաստիճան չինովնիկներից։ Դու՛ք եք մեր գոյության հիմնական գրավականի՝ ՀԱՅՈՑ ՀՈՂԻ ՄԻԱԿ ՊԱՇՏՊԱՆԸ։
Այսուհետ դուք պետք է վճռականորեն որդեգրեք ներկա պայմաններում միակ ճիշտ պաշտպանական ռազմավարությունն ու անձնական դիրքորոշումը՝ «Ո՛Չ ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ»։
Այսօրվանից նահանջ բառը պետք է ամոթ և խայտառակություն լինի ձեզ համար, իսկ զենքը ձեռքին գերի հանձնվելը՝ դավաճանություն։
Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն անծայրածիր տարածքներ չունեն։ Մեր երկիրը զուրկ է ռազմավարական խորությունից և այլընտրանքային ճանապարհներից։ Գիտակցեք այս պարզ ճշմարտությունը, թեև այն երբեք ձեզ չի ներկայացվել ինչպես հարկն է։ Առավելապես խոսել են բանակցելու և տարածք հանձնելու մասին։ Իսկ այժմ ոչ միայն խոսում են, այլև հանձնում են մեր պապերի, հայրերի և եղբայրների արյամբ պահած Հայաստանի սուրբ հողի այս վերջին բեկորները։ Այնինչ այն, ինչ գրավում է հայատյաց թշնամին, նա անմիջապես վերածում է ռազմական հենադաշտի՝ հաջորդ անխուսափելի հարձակման ու մեր երկրի չեղած խորքերը ցատկելու համար։
ՈՒՍՏԻ ԲԱՑԱՌԵՔ ՆԱՀԱՆՋԸ՝ ԱՆԿԱԽ ՈՐԵՎԷ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ։
«Բացառել նահանջը»՝ դա թող լինի ձեր՝ հայ ռազմիկների պատվո վարքականոնի գլխավոր դրույթն ու կարգախոսը։
Հիշե՛ք մեր փառապանծ Մամիկոնյան սպարապետներին ու նրանց քաջարի մարտիկների երդումը, որից մեջբերեմ ընդամենը մեկ հատված.
«ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ, ՈՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԳԵԹ ՄԵԿ ԿՈՐՈՒ ՉԱՓ ՀՈՂ ՕՏԱՐՎԻ։
ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ԵՐԿՐԻՍ ՀԱՄԱՐ...»։
Եղեք արժանի մեր հին ու նոր բյուրավոր հերոսներին։
Հայ ժողովուրդը ձեզ վստահում է և խոնարհվում ձեր զոհողությունների առջև։