Սաթենիկ Հովհաննեսի Օհանջանյան' ծնվել է 1880-ական թվականների պատմական Գուգարք նահանգի Ջավախք գավառի Ախալքալաք քաղաքում: Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ, ապա արտգործնախարար Համո Համազասպ Օհանջանյանի քույրն էր: Սովորել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) ծխական դպրոցում, ապա ռուսական գիմնազիայում: Եղել է ՀՅԴ անդամ Թիֆլիսի Մեղու ընկերության վարչության քարտուղար: 1898թ. Թիֆլիսում և Թելավիում, եղբոր հիմնած Կարմիր Խաչի խմբերում աշխատել է որպես գթության քույր: 1908թ., երբ Դաշնակցությունը հալածվում էր Կովկասում, Սաթենիկը տեղափոխվում է Կ.Պոլիս և իր գործունեությունը շարունակում այնտեղ: Սաթենիկ Օհանջանյանը եղել է Կ. Պոլսի Կանանց Կարմիր Խաչի և Աշխատանքի տան Բերա թաղամաս, հիմնադիրներից: 1909թ. Ադանայի կոտորածից հետո, մի խումբ կանանց հետ մեկնել է աղետի վայր, կազմակերպել որբերին հավաքելու և տեղափոխելու գործը: Ապա վերադարձել է Թիֆլիս, բանտարկված եղբորն ազատելու ուղի փնտրելու և նրա ընտանիքին տեր կանգնելու: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կրկին Այսրկովկասում էր, օգնում էր գաղթական ընտանիքներին, կամավորական գնդերին, կանանց կազմակերպություններին: 1915թ. իբրև բժշկախնամատարական խմբի անդամ մեկնել է Վան, անցել նահանջի ճանապարհով: «Էս աղջիկը հողեղեն չէ, սուրբ է, հրեշտակ է»: Սաթենիկ Օհանջանյանին այսպես է բնութագրել Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Էջմիածնում, որտեղ իբրև գթության քույր զբաղված էր գաղթական հիվանդներին խնամելով, վարակվել է բծավոր տիֆով: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Թիֆլիս: Մահացել է 1915թ. հոկտեմբերի 1-ին: