Հայրս ու մայրս ինձ տեղ են տվել, բայց գրեթե չեն տվել, հյուր եմ ու հյուր չեմ: Տվել են, որովհետև իրենցն եմ: Չգիտեմ ինչու, մարդու կյանքը բաժանվում է մասերի, մանավանդ աղջկա, որ աղջիկ է՝ օրիորդ՝ հայրական տանը, հետո հարս՝ կին, ապա մայր՝ կին, ապա մայր, սկեսուր՝ կին, զոքանչ՝ կին, էլի մայր՝ կին, ապա տատիկ՝ կին, ու միշտ, չգիտեմ ինչու, բոլորը շատ ժամանակ մոռանում են, որ կին են և ինչ որ մեկն իրեն պարտավորված է զգում հիշեցնելու՝ դու կին ես:

Եվ ահա, հայրս ու մայրս տեղ են տվել, որոնց համար որպես աղջիկ եղել եմ իրենց տանը մինչև քսան տարեկանս, հետո եղել եմ անընդհատ հյուր: Հյուր՝ աղջիկ: Տարիներն անցել են: Եվ հանկարծ դարձել եմ հյուր՝ տան անդամ և դրան ավելացրած՝ մայր, սկեսուր, տատիկ: Մի խոսքով, անհամատեղելի, անհասկանալի մի վիճակ: Եղբայրս էլ, եղբայրս տեղ է տվել, որովհետև իրենն եմ, բայց, եղբայրս, համոզված եմ, որ չի կասկածում, որ իր քույրն եմ, և կինն ինձ սիրով ընդունել է որպես հարս: Իսկ ես բացի հարս լինելուց նաև հորաքույր եմ, մայր, սկեսուր, տատիկ ու թեև մոռացել եմ՝ նաև կին: Այս նոր ու անկախ հայրենիքում եղբայրս փորձեց գործարար լինել՝ տանուլ տվեց: Այդպես տանուլ են տալիս խաղը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ ԱՆԴԻՆԻ 12-րդ համարում