Անդոյին վերջին ամիսներին հազվադեպ էինք հանդիպում, պատճառը հասկանալի էր, ընտրություններով էր ընկած, պատգամավոր էր ուզում դառնալ... Սոնան այնքան վիրավորված էր, որ նույնիսկ ծնունդը չէր շնորհավորել: Մեր ընկերության հարցում ամենախստապահանջը Սոնան էր, չէր հանդուրժում, երբ մեզնից որեւէ մեկն իրեն հեռու էր պահում կամ կորում էր իր «տեսադաշտից»:
Անդոն եկավ ոչ թե կես ժամ հետո, ինչպես ինքն էր ասում, այլ մեկուկես:
- Կներես, ապեր, գործեր պատահեցին, շտաբից էին կանչել:
- Էս ժամի՞ն:
- Հա, սա դեռ ի՞նչ ա, էն օրը մինչեւ գիշերվա երեքը շտաբում էինք,- ասաց' ռոմի շիշը սեղանին դնելով:
- Սիգարետ բերել ե՞ս:
- Հա, տոպրակի մեջ ա:
- Ասում ես մինչեւ գիշերվա երեքն ի՞նչ եք անում էդ շտաբում:
- Խելքիդ բանը չի, գնա բաժակներ բեր:
- Նստի, կբերեմ:
- Կոլա ունե՞ս, մոռացա առնեմ:
- Պիտի որ լինի:
Անդոն ժամանակին հաճախ էր գալիս ինձ մոտ, ասում էր' ինձ հետ «լավ է խմվում», բայց ինչ սկսել էին էս նախընտրական քաշքշուկները, Անդոյի հետ միայն հեռախոսով էի խոսել:
- Անդո,- ասացի,- նախարարներից հետո էլ հետս լավ չի խմվում, չէ՞:
- Չհասկացա ասածդ:
- Լավ էլ հասկացար... ու՞ր ես կորել:
- Էշ նամյոկ էր... Էդ ես ե՞րբ մինիստրների հետ չեմ խմել: Կորելը ո՞րն ա, ինձնից լավ ես հասկանում' ինչ խառն եմ:
- Հա, բայց հնարավոր ա, չէ՞, շաբաթվա մեջ մի անգամ զանգել: Սոնան շատ նեղացած ա:
- Սոնան... Հիմա ասել էի... Սոնան ծնունդս էլ չշնորհավորեց:
- Բայց ինչի՞ց հետո:
- Լավ, Սոնայի դուշմանը չեմ, որ դրել պաշտպանում ես, արի խմենք,- ասաց ու լցրեց բաժակները:
Անդոն փոխվել էր, գուցե անգիտակցաբար, գուցե հարկադրաբար, գուցե պահի թելադրանքով, բայց հաստատ փոխվել էր: Չեմ ասում, թե դեպի վատը... ուղղակի ես նրան չէի ճանաչում:
- Ի՞նչ կա,- հարցրեց,- քո գործերից պատմի, գրում ե՞ս, բլոգդ գործում ա՞:
- Հա,- ասացի,- սթից-մթից:
- Մի բան կպնում ա՞, փող մնում ա՞ տակը:
- Հա, դժգոհ չեմ, էս պահին լավ ա, բայց դե գիտես, սա պահի երկիր ա, ստաբիլ բան չկա, երեկ վատ էր, հիմա լավ ա, վաղը կարա սարսափելի լինի ու էդպես շարունակ:
- Որ էդ «շեդեվր» հոդվածներդ գրելուց մեզ ավելի քիչ կպնես, հաստատ վաղը լավ կլինի:
- Ձե՞զ,- ծիծաղեցի ու մի ծխախոտ վառեցի,- ես չգիտեի, որ դու ու իրանք արդեն «մենք» եք դառել:
- Լսի,- տաքացավ,- ի՞նչ ես անընդհատ բզում, վատ բան ե՞մ անում, ուզում եմ' մտնեմ պառլամենտ, մի լավ բան անեմ, մի բան դեպի լավը տանեմ, բոլորը քո նման են մտածում, դրա համար էս օրին ենք:
- Ամենազարմանալին գիտե՞ս' որն ա… որ էդ էշություններդ չափազանց լուրջ դեմքով ես արտասանում: Շտաբում ե՞ք անգիր արել:
- Ձեռ առ…
- Ձեռ եմ առնում,- ասացի ու խմեցի բաժակիս ռոմը:
- Որ դու ես սենց բաներ ասում, պատկերացնում եմ' Սոնան ինչեր կասի:
- Անդո, քեզ միեւնույն չի՞' Սոնան ինչ կմտածի, ինչ կասի, մեկ ա, արդեն վաղուց թքած ունես բոլորիս վրա:
- Թքած չունեմ, խառն եմ, էս անտեր ընտրությունները տուն-տունիկ չեն, կարա՞ս հասկանաս, մեշոկով փող եմ թափել:
- Բա որ մեշոկով փող ես թափել, էլ մտածելու ի՞նչ կա, ֆռֆռա քո համար, մեկ ա կրած ես:
- Մենակ փողը քիչ ա, աշխատել ա պետք:
- Անդո, մի հատ էլ հարց տամ ու թեման փակենք: Քո ասածներն իրար կապելուց ստացվում ա, որ դու մեշոկով փող ես տվել, որ կարողանաս ժողովրդի վիճակը դեպի լավը տանես, ճիշտ հասկացա՞:
- Չէ, անիմաստ ա քո հետ,- ասաց ու վեր կացավ տեղից,- բաժակները լից, շռեմ-գամ:
Շռեմ-գամ… Շռի, շռի, ախպերս… Էդպես շռելով էլ երկիրը կառուցեցիք... Տերերդ էլ շռելով մեր պատմությունը գրեցին... Մեր սերնդի բոլոր տերերը... Երեխաների ապագայից արդեն միզահոտ է գալիս... Հայրենիքը, մեծ հաշվով, հասարակական ձրի զուգարան դարձավ, ով ուզեց, երբ ուզեց շռեց ու տեղը փոխանցեց հերթում կանգնած հաջորդին... Հիմա շռելու քո հերթն է... Վաղը քո հաջորդները կգան... Ու հաջորդ եկողն առաջինը քեզ վրա կմիզի, հետո մյուսների... որովհետեւ մի տեղ ես գնում, որտեղից դուրս գալու ելք չկա... որովհետեւ «մեշոկով փող ես թափում», որ «ընտրյալ» դառնաս... Ամեն մեկին վճարում եք իր վրա շռելու հինգ հազար դրամն ու առաջ եք գնում...
- Լցրել ե՞ս,- ասաց' վերադառնալով:
- Հա, վերցրու, վերցրու խմենք մեր կենացը:
- Մեր ու մեր ընկերների,- ավելացրեց Անդոն,- Գուգոյի, Սամի, Եվայի, Ֆրեդի ու էն աննորմալի… Հիմա հետս չունի, բայց դու հո գիտես' ինչքան եմ սիրում Սոնային:
- Ինքն էլ քեզ ա շատ սիրում, եթե միեւնույն լինեիր մեզ համար, էդքան չէինք նեղվի բացակայությունիցդ:
- Ամեն ինչ տեղը կընկնի, դարդ չանես,- ասաց ու բաժակի ողջ պարունակությունը գլխին քաշեց:
Անդոն ինձ մոտ մնաց մինչեւ գիշերվա երեքը: Ամբողջ շիշը խմեցինք, իմ ունեցած կես շիշն էլ վրայից: