Գիտե՞ս' ես երևի կրկին սխալվեցի' համարելով, որ փակել եմ իմ ու քո բոլոր էջերն ու պատռել անգամ ամենաթաքուն սևագրերը: Գիտե՞ս' ես կրկին հասկանում եմ, որ իմ այս խելագարությունից փախչելու տեղ չունեմ: Ես սիրում եմ քեզ: Այս խոսքերը, որոնց մասին միտքն անգամ սարսափեցնում է, կրկին ու կրկին պտտվում են ուղեղումս ու մի անիմաստ փոթորիկ ստեղծում, փոթորիկ, որ սահմանափակված է գլխուղեղիս հիմար պատերով: Գիտե՞ս' ես երևի կրկին ցանկանում եմ քեզ մոտ գալ, թեև քեզ հետ լավ չէ, երբեմն' անհնար: Քեզ մոտ լինու՞մ են պահեր, երբ ոչինչ չես ուզում, ոչնչի ուժ չես ունենում, զգայարաններդ սառչում են, հրաժարվում քեզնից, կանգնում ես մի տեղ ու չես հասկանում' ու՞ր գնամ, ինչու՞, ի՞նչ կփոխվի դրանից: Գիտե՞ս' ինձ մոտ այդ պահն է: Ու գիտե՞ս որն է սարսափելին… Ես իրավունք չունեմ քո մասին մտածել անգամ, ուր մնաց քեզ մոտ վերադառնալու հույս փայփայեմ: Գիտե՞ս որն է ամենասարսափելին… Որ եթե անգամ դու ինքդ գաս իմ հետևից' կխորշես ու գլուխդ բռնած հեռու կվազես: Այո, սիրելիս, ես այլևս այն չեմ, ինչ եղել եմ: Ես փոխվել եմ 360 աստիճան, ինքնակամ, գուցե գիտակցելով, սակայն հիմա զղջալով… Ոչինչ չես փոխի, սիրելիս: Անգամ եթե ինքդ ցանկանաս բացել իմ ու քո էջերը, կտեսնես, որ դրանք սոսնձված են իմ ներկայի սխալներով: Մենք ունենք մի ընդհանուր անցյալ, ոչինչ ավելին… Իսկ ես, միևնույն է, սիրում եմ քեզ…