Վերջին օրերս Թիֆլիսի արքունական թատրոնում երկու անգամ իրար ետևից
ներկայացրին Շեքսպիրի «Համլետը», հայերեն' պ. Ամո Խարազյանը, ռուսերեն' պ.
Դայլսկին: Մինչդեռ հայերեն ներկայացման ծանր տպավորության տակ մտածում էի հայ
դերասանի և նրա խմբի ապիկարության մասին, վրա հասավ անուն հանած ռուս
դերասանը – պ. Դայլսկին իր խղճալի թագավորով, իր տիկնիկ թագուհով, իր մուժիկ
Պոլոնիուսով, իր անկենդան Օֆելիայով, իր փետի կտոր Լայերտով, վերջապես իր
խոհարարուհի ու լվացարարուհի պալատական նաժիշտներովճ ի մեծ մխիթարություն
հայոց խմբի: Եվ էսպես համերաշխ էս երկու խումբը Քրիստոսի չարչարանքի նախընթաց
շաբաթը շինեցին Համլետի չարչարանքի շաբաթ: Մեջները եթե մի երջանիկ
բացառություն կար, էդ հայ Պոլոնիուսն էր (պ.Միրաղյանը) միայն: Ես կարծում եմ ոչ հոր
եղեռնական մահը, որ մոր շուտափույթ ամուսնությունը, ոչ հորեղբոր ազգապիղծ
վարմունքը, ոչ Օֆելիայի թեթևամտությունը, ոչ Պոլոմիուսի պալատական
նենգավորությունը, ոչինչ, ոչինչ էնքան վիրավորական չպետք է լինեն դժբախտ Համլետի'
էն առաջին ինտելիգենտի հոգու ազնվության, արքայազնի վեհության, փիլիսոփայի
խորության, հանճարեղ նրբամտության ու վշտի ծանրության համար, որքան հայ
դերասանի անճաշակ լալկանությունը, վախկոտ հայացքները դես ու դեն, անմիտ
վազվզելը պատից պատ, անտեղի աղաղակներն ու լաց ու կոծը կամ ռուս դերասանի
հիստերիկ հեկեկոցներն ու հրհռոցները, հիվանդագին գալարումները, անդադար ծամածռությունները ու գոռում գոչումները: Եվ ավելի
ևս զարմանում եք, երբ մարդիկ էդ բոլորն անում են միաժամանակ արտասանելով Համլետի էս խոսքերը, որ ուղղում է
դերասաններին. «...Արտասանի՛ր թեթև և ազատ: Բայց եթե որոտաս, ինչպես մեր դերասաններից շատերը, ապա ավելի ուրախ
կլինեի, որ մունետիկներն արտասանեին իմ տողերը: Չափից ավելի օդը մի սղոցիր քո ձեռքով այսպես... այլ թո՛ղ շարժումները
չափավորլինեն, որովհետև կրքերի ամենասաստիկ հեղեղի, փոթորկի, և այսպես ասենք, ալեկոծման ժամանակ, դու պետք է պահես
բավական ինքնիշխանություն, որ այդ բոլորին մի տեսակ փափկություն տա: Օ՛, դա հոգիս տանջում է, երբ տեսնում եմ
միհաղթանդամ մարդ, գլուխը կեղծամով ծածկած, պատառոտում է կիրքը և մաս մաս անում ստոր ամբոխի
ականջները... Իսկխուժանը առհասարակ ընդունակ չի մի բան հասկանալու, եթե ոչ անբացատրելի մնջակատակներ և գոռում
գոչում...» («Համլետ», թարգմ. Մասեհյանի, 102): Մի՞թե էնքան հեռու են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն
լսում: Եվ խաղում են ոչ թե դրամայիամբողջությունը, ոչ թե նրա մտքերը, այլ նրա բառերը, առանձին-առանձին բառերը, որ, Համլետի
ասածի նման, թեևտգետներին ծիծաղ է պատճառում, բայց խոր վշտացնում է հասկացողներին: Դերասանը արտասանում է էն կտորը, ուր իր մեջխորտակված Համլետը իր վերջին ապավենը, իր սերը - Օֆելիային ղրկում է կուսանոց. ասում է՝ «Մտի՛ր
կուսանոց»... և իսկույնկուսանոց բառի հետ վազում է դեպի Օֆելիան, իր սև վերարկվով նրան փաթաթում, իբրև թե կույս
շինեց (Դայլսկի), կամ մի տեղսրի անուն եղավ թե չէ, սուրն են դուրս քաշում, թեև Համլետը իսկի սուրը չի սիրում և ինքն իրեն ասում
է՝ «թո՛ղ խոսքերի մեջլինի սուրը, Համլետ», ծիծաղ բառին են հանդիպում թե չէ, ծիծաղում են, ում մասին ուզում է ասած լինի...
Երկուսն էլ խոսք ու մին արած թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են. — «Քոհասակում
արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած...»: Երկու անճոռնի նկար են կախել. մինը — գեղեցիկը իբրևՀամլետի հայրն
է, մյուսը — տգեղը, հորեղբայրը: Հայոց ներկայացմանը մեկի վրա են հարձակվում, որպես տգեղի, ռուսացներկայացմանը՝ մյուսի: Հոր
ուրվականի մասին հենց իրենք են ասում, թե մորուքը թուխ էր, բայց ճերմակ մազեր էին փայլումմեջը, և ներկայացնում են մի կոշտ
ճգնավորանման արարած մինչև ծնկները երկար, տափակ և ճերմակ մորուքով: Մի կույրճգնավոր կամ պառավ սալդաթ, բայց բնավ
Արեսանման արքայի ուրվական, որ իր անօրինակ վշտով հանդիսավոր ու վեհորենանցնում է բեմի մթության մեջ: Եվ կարծես ավելի
ևս իլյուզիան փչացնելու, հանդիսականներին համոզելու համար, որ նաուրվական չի, պ. Ամո Խարազյանը ետևից սրի մի հարված
հասցրեց՝ շրխկացնելով «անխոցելի ստվերի» թիկունքին: Խոսքը մասնավորենք հայոց խմբի վրա: Հայերը չէին գրել թե ում
թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն:
Ասում են' «ո՜րքան բարեծնունդ արարած է մարդը», փոխանակ ասելու «ազնիվ արարած»: Ռուսերեն благодарный բառն է, որ
բարեծնունդ են թարգմանել, և անշուշտ Его благодарие-ն է պատճառը: Փոխանակ Էնեաս ասելու, ասում են Էննե, փոխանակ
Պյուռոսի – Պրիրուս, փոխանակ' ի՞նչ կախարդի – սքանչելագործ, հին ասելու տեղ- ասում են առաջնակարգ, մահվան քնի մեջ –
ասում են մեռյալ «…»: Դրա վրա ավելացրեք էս տեսակ հայերենը' «աչքներիս մոտով անցավ», խնջույքները լուրեր են տարածել. կամ
էս արտասանությունը' «Ձեռդ թակավոռական հռամանը կատառեցինք» (Ռոզենկրաց): Եվ երևակայեցեք, որ էն էլ հաճախ կզկզում են,
դերը չեն իմանում, կամ էնքան ցած ու անորոշ են ասում, որ հանդիսականներից ոմանք արդեն իրենց համար դեր են շինել միշտ
կանչել դեպի բեմը - Բա՛րձր, բա՛րձր… Եվ եթե մեկը կա, որ հայ բեմից բարձր է խոսում, էն էլ հուշարարն է, որի ձայնը իսկի չպիտի
լսվի: Ի լրումն ամենի, չեն իմանում, թե ո՛րտեղ են գտնվում և ի՛նչ են խաղում: Թագավորը կարծում է թե արքայական ծիրանին
վրացու չուխա է, փեշերը հավաքում է գցում կռանն ու վազում, ծիրանին բռնող մանկլավիկը մնում է ետևից նայելիս:
Պալատականները ներկայանում են թագավորին, որը գլխարկը վերցնում է, որը չէ, որը դռնովն է դուրս գնում, որը պատի միջովը
(կուլիսի): Որտեղ թագավորը, թագուհին ու Պոլոնիսուսը գաղտնի խորհուրդ են անում և պալատականներից ոչ ոք չպիտի ներկա լինի,
բոլորը տնկված են կողքներին, և մին էկ տեսնում եք իրենց գաղտնի խոսակցությունները վերջացնելուց հետո թագուհին կանչում է'
«ո՞վ կա այդտեղ նախասենյակում, ներս եկեք …»: Վա՛հ, տնաշեններ, դրանից գոնե հասկացեք, որ ներսը չպիտի լինեք: Եվ ինչ
զարմանք, որ էս տեսակ թագավորն ու թագուհին իրենց պալատականներով պալատից դուրս գնալիս էնպես վայրենի դուրս
խուժեցին, որ պալատի տախտակն ու կտավե պատերի մի մասը հետները տարան: Եվ երանի իրենց ամբողջ թատրոնն էլ հետները
տանեն, որովհետև էդ տեսակ թատրոն չի լինիլ և չպետք է լինի:
Հովհաննես Թումանյան «Քննադատություն և հրապարակախոսություն, նամակներ»