«Գիրք այն մասին, թե ինչպես կարելի է գտնել երջանկություն այնտեղ, ուր չես ակնկալում և ինչպես պետք չէ փնտրել ուրախություն այնտեղ, ուր որպես կանոն չես գտնի»:

Ամերիկյան հայտնի գրող Էլիզաբեթ Գիլբերթի «Կե՛ր, սիրի՛ր, աղոթի՛ր» հուշագրությունների շարքը լույս տեսավ 2006 թ: Ժամանակակից գիրք ժամանակակից կնոջ մասին, ում համար ուտելը, աղոթելը, սիրելը նշանակում է կյանքից հաճույք ստանալ: Եվ իսկապես, լույս տեսնելուց հետո գիրքը ընթերցողների շրջանում բարձր ցուցանիշներ գրանցեց: Հայտնի ամերիկյան հեռուստահաղորդավարուհի, հասարակական գործիչ, պրոդյուսեր Օփրա Ուինֆրին, գրքի լուսաբանմանը նվիրեց մի ամբողջ երկու հաղորդում, իսկ «The New York Times» թերթում հարյուր ութսունյոթ շաբաթ գիրքը մնաց լավագույն բեսթսելլերների շարքում: 2010թ. հայտնի դերասան Բրեդ Փիթի պրոդյուսերական ընկերության աջակացությամբ կինոռեժիսոր Ռայան Մյորֆին իրականացրեց վեպի համանուն էկրանավորումը՝ Ջուլիա Ռոբերթսի և Խավիեր Բարդեմի մասնակցությամբ: Սա էլ ավելի բարձրացրեց գրքի և հեղինակի վարկանիշը:
«Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» . ահա հեղինակի (ով որպես հերոսուհի է հանդես գալիս) կյանքի բանաձևը: Ամուսնալուծությունից և դրան հաջորդող սիրային նոր հիասթափությունից հետո հերոսուհին՝ Էլիզաբեթը, մեկնում է շուրջերկրյա ճանապարհորդության՝ իր կյանքի այդ փուլը հաղթահարելու ու իրեն վերագտնելու: Մեմուարները նկարագրում են նրա կյանքի այդ մի տարին, որից չորս ամիսները նա անցկացնում է Իտալիայում՝ ճաշակելով տեղի խոհանոցի անմահական կերակուրները («Գիրք 1՝ «Կե՛ր»), մյուս չորս ամիսները՝ Հնդկաստանում՝ փնտրելով հոգևոր ներդաշնակություն («Գիրք 2՝ «Աղոթի՛ր») և մնացյալ չորս ամիսները՝ Ինդոնեզիայի Բալի կղզում՝ փնտրելով հավասարակշռություն ու գտնելով միակ ու ճշմարիտ սեր՝ բրազիլացի Ֆելիպեին («Գիրք 3՝ «Սիրի՛ր»):
Առաջին հայացքից գիրքը կարող է թվալ թեթև, ժամանցային մի գործ, որ հաճույքով կկարդանք ազատ ժամերին, կզմայլվենք բնության նկարագրությունների պատկերավորությամբ, հերոսուհու հետ կապրենք նրա իսկ հոգեվիճակը: Այդքա՞նը: Թերևս, ոչ: Արտահայտած գաղափարական ենթաշերտերը մտածելու, սեփական անձը ճանաչելու, դարերով հայտնի ճշմարտությունը նորովի բացահայտելու լայն հնարավորություն են տալիս: Ճշմաարտությունը՝ սիրո, հավատի, ներքին հավասարակշռության մասին:
Մտածե՞լ ենք երբևէ՝ ինչպես ենք մենք հաղթահարում դժվարությունները, լինի դա ամուսնալուծություն, դժբախտ պատահար, հոգեկան սթրես, կարևոր չէ: Պարփակվում ենք, լռում, ինքնակեղեքվում: Իսկ ի՞նչ է անում Էլիզաբեթը: Երեսնամյա այս կինը կարծես թե քիչ բանի կարիք ունի: Լավ աշխատանք, հայտնի գրողի համբավ, սիրող ամուսին, սրանք արդեն նրանն են: Բայց նա երջանիկ չէ, որովհետև նա չի գտել երջանկության բանաձևը: Եվ ինչպես գրքում է ասվում. «Մարդը երբեք այնտեղ չէ, որտեղ իրականում գտնվում է: Նա միշտ փորփրում է անցյալը կամ նայում է դեպի ապագա, իսկ ուղղակի հանգիստ լինել ներկայում- այնպիսի հազվադեպ բան է»: Հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ ամբողջ վիշտը և տհաճությունները այս կյանքում ստեղծում են դժբախտ մարդիկ, Էլիզաբեթը նախընտրում է ոչ թե տառապել սիրո կորստից, այլ փնտրել ավելին, իսկ երեք երկրներ կատարած ուղևորությունները նրան սովորեցնում են հաճույք ստանալ այն ամենից, ինչը միշտ աննկատ է մնացել նախկինում: Հաճույք ստանալ, երբ պարզապես վայելում ես մակարոն կամ պիցցա, ճիշտ աղոթել, հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն տխրության պահերին կամ երբ խնդրանք ունես, զբաղվել յոգայով, որը քեզ կբերի հավասարակշռության, իսկ մարմնի ու հոգու ներդաշնակությունը կպարզեցնի մտքերդ, արարքներդ: Արևելցի իմաստունը այսպես է մեկնաբանում. «Աղջի՛կս, երջանկությունից հավասարակշռությունը կորցնելն էլ կյանքի հավասարակշռության մասն է կազմում»: Իրեն վերագտնելու այն միջոցը, որ ընտրել է Էլիզաբեթը, բերում է հրաշալի արդյունքի՝ նա ոչ միայն սովորում է ուղղամիտ ապրելու միջոցները, այլև գտնում է անսպասելի սերը, որից հանգամանքների բերումով ստիպված էր եղել խուսափել: Բրազիլացի Ֆելիպեն ցույց է տալիս այն ուղիները, որով կարելի է հասնել իրական սիրո, չվախենալ, չսպասել նոր անկման, նոր հիասթափության:
Այստեղ ամեն ինչ կա քո բանաձևը գտնելու համար, ու եթե անգամ դրա համար չես կարող հասնել Իտալիա, Հնդկաստան կամ Ինդոնեզիա, հոգ չէ, սովորիր մտածել ու զգալ այնպես, ինչպես սովորեցնում է հեղինակը: ՈՒ մի վախեցիր ձեռքդ մեկնել, միցուցե այդ բանաձևը քեզ շատ մոտ է: Թերևս, սրանով է պայմանավորված գրքի հաջողությունը ընթերցողների շրջանում:
Հետագայում Էլիզաբեթ Գիլբերթը գրեց նաև գրքի շարունակությունը՝ «Օրինական ամուսնություն» վերնագրով, որտեղ նկարագրվում է նախորդ գրքի դեպքերից չորս տարի անց Էլիզաբեթի կյանքը: