«… ես ներքաշվում եմ նրա մեջ ում սիրում եմ: Ես խոցելի թաղանթ եմ: Եթե ես սիրում եմ քեզ ուրեմն ամեն ինչ քոնն է' իմ փողերը, իմ ժամանակը, իմ մարմինը, իմ շունը, իմ շան փողերը: Ես ինձ վրա կվերցնեմ քո պարտավորությունները, քեզ կվերագրեմ մեծագույն արժանիքները, որոնց ներկայության մասին դու ինքդ էլ չգիտեիր: Ես կտամ քեզ այդ ամենը և ավելին, մինչև կդառնամ լիովին դատարկված»:
(Էլիզաբեթ Գիլբերթ «Ուտել, աղոթել, սիրել…»)

Ողջույն շավիղյան բլոգի իմ շատ սիրելի ընթերցողներ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս շաբաթվա ընթացքում նամակներ էին ուղարկել ինձ և արձագանքել հատկապես Սերինե Հայրապետյանի նամակին: Առանձնապես ուզում եմ նշել երեսունմեկամյա Արտավազդ Մխիթարյանի նամակը, ահա դրանից մի փոքրի հատված' «… սիրելի Սերինե խորհուրդ եմ տալիս քո ողջ բարությունն ու լավատեսությունը ուղղել այն աշխարհին որը կա մեր շուրջ, քանի որ լավագույն աշխարհը այն է, որում մենք ապրում ենք…»:
Քանի որ այս շաբաթվա նամակագիրներն ինձ նոր թեմա չէին առաջարկել, ես էլ որոշեցի խոսել Անահիտ Հովսեփյանի առաջարկած ֆիլմի մասին, մանավանդ, որ այն շատ եմ հավանել, թեև գիրքը ավելի նախընտրելի է: Խոսքը Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գրքի մասին է: Ի՞նչ է պետք յուրաքանչյուրիս մեզ լիարժեք զգալու համար: Մի քիչ փող, գուցե մասնագիտական հաջողություններ, հնարավոր է ընտանիք, սիրելի, երեխաներ… այսպես շարունակ, այնքան մինչև կանգ կառնես ու կհասկանաս, որ այն ամենն ինչ ունես միայն ցանկություններիդ չնչին մասն են, որովհետև ցանկություններդ գնալով շատանում են, նպատակներդ' բարձրանում, երազնաքներդ մնում հեռու անցյալում: Այսպես էլ այս գրքի հերոսուհին է մի օր պարզապես հասկանում, որ պետք է թողնել ամեն ինչ և մեկնել ճամփորդության, գտնել սեփական եսը, հասկանալ ինքն իրեն ու կյանքը:
Մի անգամ մի հայտնի մարդ ասաց' երազում եմ թողնել ամեն ինչ և ձկնորս դառնալ: Իհարկե ձկնորս դառնալու համար պետք է քանդել անցածդ ճանապարհը, պետք է քայլել ավերակների վրայով, գուցե արժի նպատակն այդ ամենին, ինչպես գրում է Էլիզաբեթ Գիլբերթը' «Ավերակները նախապատրաստում են վերածնունդը»:
Անահիտ Հովսեփյանն իր նամակի մեջ գրել էր, որ չի արդարացնում հերոսուհուն ' «Հերոսուհին լքում է իր սիրելի տղամարդկանց: Երեք անգամ նա անում է այդ սխալը և երեք անգամն էլ ափսոսում, տառապում: Ինչու՞ չի կարելի պարզապես երջանիկ լինել, պարզապես ընդունել կյաքնի առաջարկած երջանիկ հնարավորությունները»,- գրել էր Անահիտը: Սիրելի Անահիտ, գուցե դու ճիշտ ես, գուցե պետք չէ ավիրել ունեցածդ, բայց մեր հերոսուհին պահող ոչինչ չուներ, նա չուներ այն, ինչը ընդունակ էր գնահատել, նա ընդունակ էր միայն ազատության մեջ արժևորել սերը: Այս ֆիլմի մասին փոքրիկ հարցում ուղարկեցի այս շաբաթ ինձ նամակներ ուղղած ընթերցողներին և երկուսից պատասխան ստացա: Նրանցից մեկը Դավիթ Ստեփանյանն էր, ով դիտել էր ֆիլմը: Դավիթը գրել էր, որ հերոսուհին անտեղի բարդացնում է իր կյանքը ' «… իհարկե ցանկալի է ճամփորդել, ճանաչել աշխարհը, մարդկանց, ազգերի մշակույթները, բայց դրա համար պարտադիր չէ դառնալ միայնակ ու տառապել»: Հաջորդ նամակը Սվետա Սիրոյանից էր, նա կարծում է, որ ֆիլմը շատ ուսուցողական է, որ դիտողը պետք է սովորի գնահատել ունեցածը և ճիշտ ժամանակին կանգ առնել ու վերադառնալ երազանքներին: Սվետան նաև առանձնացրել էր ֆիլմից իրեն դուր եկած մեջբերումը ' «Կոտրված սիրտը լավ նշան է: Դա նշանակում է, որ դու գոնե փորձել ես ինչ-որ մեկին սիրել»: Ես էլ կարծում եմ, որ այսպիսի փորձերից մեկն է դառնում կյանքիդ մեծագույն սերը և այն չպետք է բաց թողնել, չպետք է տարվել ստվերներով, պետք է միայն ամուր բռնել և նորից փորձել կպցնել սիրտդ:
Դէ ինչ, ծանոթացեք միյանց հետ, ճանաչեք իրար, սիրեք, դարձեք անփոխարինելի իրար համար, դարձեք անբաժան, դարձեք ընտանիք, ունեցեք լիքը սիրուն-սիրուն բալիկներ ու ապրեք առողջ ու երջանիկ, մինչև … ընդմիշտ… J …
Իսկ ես ավարտում եմ այս շաբաթվա բլոգը Էլիզաբեթ Գիլբերթի տողով ' ԵԹԵ ՀԻՇԵՍ ԻՆՁ, ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՂԱՐԿԻՐ ԼՈՒՅՍԻ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՇՈՂ, ՀԵՏՈ ՆՈՐԻՑ ՄՈՌԱՑԻՐ…