Ամեն ինչ քարուքանդ անելու ցանկություն կա. աթոռով ջարդել պատուհանը, պատուհանի կոտրված ապակու մեծ կտորով խզբզել կահույքի վրա, գրասեղանի մի դարակով խփել ու կոտրել դռան ապակին, պահարանից հագուստը հանել, շպրտել օդ ու … իսկ ես մատներս թունոտ վարդագույն եմ ներկում ու կոկետորեն ժպտում ինձ հայելու մեջ:
Սովորական օր է: Մեկն է այն օրերից, երբ ես ինչպես միշտ անում եմ այն, ինչ պետք է, այլ ոչ թե այն, ինչ ուզում եմ: Աթոռով պատուհանը ջարդել չեմ կարող, որովհետև ալարում եմ հետո ավել գտնել ու սրբել ապակու փշուրները: Մնում է միայն հայելու առաջ կոկետություն անել:
Շրթունքներս հավաքում եմ Մերլին Մոնրոյի պես: ՛՛Պադում պիդու, պու՛ ՛՛ :
Իսկ այ էսպես ես նման եմ Լենինին: ՛՛Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ ՛՛ :
Ըհն, սենց զայրացած դեմքով էլ Մայք Թայսոնն եմ: Տո ինձնից ինչ Թայսոն , է…
Ուֆ:
Ինչ էլ ժամանակ եմ գտել եղունգ ներկելու:
Սեղանից վերցնում եմ գրիչը, գցում գետնին: Հետո նորից: Հետ նորից: Էսպես էնքան, մինչև որ հոգնում եմ: Նույնը կրկնում եմ գրքի, շշի, մազակալիս, հեռախո…ահ, չէ, սա ավելի լավ է գետնին չգցել: Ի վերջո հենց ինձ եմ գցում գետնին: Հոգնել եմ: Լավ, բա էսքան գործ անել կլինի՞ : Ես…ես տասից ավել անգամ գետնին եմ գցել գրիչը, շիշը: Ես…ես իմ մեջ այնքան ուժ եմ գտել, որ չեմ գցել գետնին հեռախոսը: Դուք պատկերացնու՞մ եք: Ինձնով պետք է հպարտանալ: Ավելին, ես իմ մեջ բացահայտել եմ Լենինին: Ես Լենինն եմ, Մերլին Մոնրոն ու Թայսոնը միաժամանակ: Դե, լավ, լավ, էդքան էլ Թայսոն չեմ: Բայց ուզում եմ լինել: Ես ունեմ ցանկություն, ուրեմն ես կդառնամ Թայսոն, որովհետև երբ մի բան շատ ես ուզում՝ լինում է…Էս ինչ հավես հեքիաթներ եմ պատմում: Ցանկանա՞լ : Կատարվե՞լ : Հա բա չէ, հեսա, վազելով:
Սաղ սուտ ա, ախպերություն, գնացեք քնեք:
Կեդերս ոտքերիցս շպրտում եմ օդ: Դըխ գետնին: Մի հատ էլ դըխկ գետնին: Լրիվ ՛՛պադում պիդու՛՛ ա: Մոնրոն հենց հիմա քերծում է դագաղի կափարիչը: Հա լավ, ես էդքան էլ Մոնրո չեմ: Բայց միքիչ կա, չէ՞, մեջս: Այո, Մոնրոն ոտքերից կոշիկներն օդ շպրտելով չէր հանի…Թե՞ կհաներ: Շատ իմանամ, է: Ես առհասարակ արդեն ոչ մի բան չգիտեմ ու չեմ հասկանում: Ինձ հայտարարում եմ թերզարգացած: Վերջ: Մենք դեբիլ ենք, լա լա լա, պադում, պիդու, պու՛ : Լենին պապին մեռել ա, մատը… հա լավ, սենց բան Մոնրոն հաստատ չէր ասի, սուս մնա, աղջիկ ջան:
Ջինսախառը սողոսկում ենք վերմակի տակ: Բարձին նենց եմ գրկում, ոնց որ չեղած, բայց կորած քույրս ա: Ես գտա քեզ, քու՜յր իմ: Ստեղ պիոներները ականջներիս մեջ գոռում են ՛՛ուռա՜՛՛ որովհետև ես կես դրույքով նաև Լենին եմ:
Հիմա սկսում է ամենահավես, բայց և ամենադաժան պահը. պետք է քնել ու էդ ընթացքում չմտածել ու ինձ չհասցնել հոգեկան խանգարումների, չծամել սիրտս ու թոքերս միաժամանակ: Օպպա՜ : Ստեղ ուզում եմ թե Մարիո դառնամ ու ինձ գցեմ տարատեսակ փորձությունների գիրկը, բայց դե չէ: Ես պադում պիդու եմ, ես կարմիր շրթներկ եմ, բարձակրունկներ ու խոպոպներ: Մարիո-շմարիո չգիտեմ: Հետն էլ ես Մարիոյի բեղերից չունեմ…Իբր նենց Լենինի պես քաչալ եմ, Թայսոնի նման էլ բիցեպս, հա՞ : Ուղղակի մտքիս չկա ինձ գցեմ կրակների մեջ: Աշխարհում չմտածելուց ավելի դժվար բան չկա: Մենք բոլորս սիրում ենք ծամել մեր թոքերն էնքան, մինչև որ էլ ծամելու բան չի մնա: Բայց չէ, պետք ա դիմադրել ու չծամել, չծամվել և չծամածռվել… Հա, նաև չծաղրել, չծիծաղել, չծիկրակել, չծակծկել…Ըհն, հիմա էլ բառերի հետ եմ խաղում: Կարող ա՞ մի թեթև էլ Աճառյան եմ, հը՞ :
Չծամվելու և չծամածռվելու համար սրում եմ լսողությունս: Մեր հարևանի աղջիկն է երգում: Միքիչ էլ եմ լարվում: Ֆիլիպ Կիրկորով ա երգում…ամա՜ն, էս ինչ անեծք օր ա: Որն ա, որն ա՞ : ՛՛Полетели՛՛-ն ա, թու քո… այ ցավդ տանեմ, ես քեզ ի՞նչ էի արել: Ոչ ջրել եմ, ոչ գիշերը բարձր երգ եմ միացնում, տեսնելուց առաջինը ես եմ բարևում….աղջի բա դու մարդ ե՞ս : Քո խիղճն ու՞ր ա:
Через мили и века
Вот тебе моя рука
Ты зовешь меня, чтоб я тебя позвал
Ես քեզ էլի առաջինը կբարևեմ՝ կուրախանաս դու: Ու հեսա իրիկունը բլեք մետալ եմ քոքելու սենյակումս: Ու հեսա էս աթոռը վերցնում եմ խփեմ պատին, այ տենց կիմանաս դու: Satyricon- Mother north լսել ե՞ս : Հեսա գիշերը նե՜նց լսես, նե՜նց:
Մերլին Մոնրո դառնալս չի օգնի: Անհույս ա: Լենին դառնամ՝ ամբախ-զամբախ պիտի խոսամ, քունս փախնելու ա: Թայսոն դառնամ՝ վերջը ձեռքս ջարդելու եմ, ինձ մի ցավի հասցնեմ: Բա ինչ դառնամ, Մարիո՞ : Հա դե իբր չգիտեմ, որ սաղ օրն էլ Մարիո եմ: Մտքերիս ու զգացմունքներիս հետ առավոտից իրիկուն թեմա ու խփոցի ա: Դրա համար էլ հայելու առաջ կոկետություն եմ անում, դրա համար էլ մատներս թունոտ վարդագույն եմ ներկում՝ ՛՛յադըվիտի ռոզըվի՛՛ , դրա համար էլ…
Ոնց են ասու՞մ : Հա, հիշեցի: ՛՛Այն, ինչ չի կարելի փոխել, պետք է տանել արժանապատվորեն՛՛ : Օքեյ:
Բարձիս գրկում եմ ու արդեն սկսում եմ հավատալ, որ էս պոնչոն իսկականից իմ կորած քույրն ա : Բա քուր չունենայի, ուղարկեի թեյ սարքեր: Վերմակը քաշում եմ գլխիս:
Ես ոչ Մոնրո եմ, ոչ Լենին, ոչ էլ Թայսոն: Ոչ մի բան եմ ես: Առավոտվանից ժամ եմ սպանում, էներգիա եմ վատնում , մենակ թե Մարիո չլինեմ, թոքերս չծամեմ: Ճարս ի՞նչ: Փրկություն չկա: Նենց որ պիդում պիդու, պու՛ : Հաջող Լենին ու Մոնրո: Ստեղ միանում ա Մարիոյի խաղի միջի երաժշտությունը:
Վերմակը քաշում եմ գլխիս, սկսում եմ մեր հարևանուհուն ու Կիրկորովին կիսաձայն ձայնակցել.
Полетели сквозь окна, занавешенные дождем
Чтобы ты не промокла, я буду твоим плащом…
Աչքերս սկսում են փակվել:
Երազումս տեսնում եմ, որ քույրիկ ունեմ ու ինձ թեյ ա բերել:
Եթե ես իսկապես Լենինը լինեի, կասեի ոչ թե ՛՛Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ՛՛, այլ՝ ՛՛ Դիմանա՛լ, դիմանա՛լ, հավատա՛լ՛՛ :
Էն հեռախոսը պիտի գետնին գցեի, սրտիս դարդ մնաց: