Գազով լցված փոքրիկ պլաստիկե գնդիկները տղամարդկանց կօգնեն հաղթահարել սեռական անկարողությունը: Ինչպես ցույց են տալիս առաջին արդյունքները, սա ավելի արդյունավետ է, քան վիագրայով բուժումը: Այս գնդիկները մտցվում են առնանդամի մեջ, որտեղ էլ դրանց միջից ազոտի օքսիդ է արտազատվում: Դա օգնում է լայնացնել արյունատար անոթները՝ լավացնելով արյան հոսքը դեպի օրգան:

Որոշ դեղամիջոցներ, ինչպիսին է վիագրան, էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման լավ արդյունքներ են տալիս, սակայն ինչ-որ պատճառներով տղամարդկանց 1/3-ի վրա դրանք չեն ազդում: Այս դեպքերում օգնության են հասնում գնդիկները:

ԱՄՆ-ի Ռայսի համալսարանում գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեք շաբաթվա ընթացքում գնդիկների պարբերաբար ընդունումն օգնում է վերականգնել էրեկտիլ ֆունկցիան և ավելի լավ է գործում, քան վիագրան:

Փորձերը կենդանիների վրա են անցկացվել, իսկ մոտ ժամանակներս ծրագրվում է դրանք անցկացնել մարդկանց վրա: Եթե մարդկանց վրա փորձերը հաջող անցնեն, արդեն հինգ տարի անց ուրոլոգներն այն խորհուրդ կտան իրենց հիվանդներին:

Մեկնաբանելով ուսումնասիրությունը՝ պրոֆեսոր Ռաջ Պերսադն ասել է, որ այս գնդիկներն ընդհանուր առմամբ օգտակար են առողջության համար, քանի որ կարողանում են ավելացնել արյան հոսքն ամբողջ օրգանիզմում, նույնիսկ եթե դրանք տեղադրվում են միայն սեռական օրգաններում, փոխանցում է fedpost.ru-ն: