
Պատկերացրեք, որ Դուք երիտասարդ, սկսնակ գործարար եք և Ձեզ անընդհատ անհաջողություններ են պատահում: Ի՞նչ անել: Եթե նպատակ ունեք հանձնվել, ապա անպայման կարդացեք այս գրառումը, նոր մտածեք. արժե՞ հանձնվել, թե ուղղակի անտեսել անհաջողությունն ու գնալ առաջ: Հիմա կներկայացնեմ այն անհաջողությունները, որոնց միջով անցել է մեր ամենասիրելի մուլտֆիլմի հերոսներից մեկի ստեղծողը' Ուոլտ Դիսնեյը:
1. Ուոլտ Դիսնեյի առաջին անիմացիան ծնվեց 1921 թվականին Քանզաս-Սիթիում: Նա պայմանագիր է կնքում Նյու-Յորքյան դիստրիբյուտորներից մեկի հետ և մեկնում այնտեղ ապրելու և համագործակցելու: Սակայն մի օր էլ այդ դիստրիբյուտորը հրաժարվում է վճարել գումարը և Դիսնեյն ուղղակի գումար չի ունենում, որպեսզի վճարի իր բնակարանի վարձը: Իսկ ուտելիքի համար բավականին գումար չունենալով' նա մի որոշ ժամանակ ուտում էր շների համար նախատեսված սնունդ:
2. Ճագար Օսվալդը Դիսնեյի ամենահաջողված մուլտֆիլմի հերոսներից մեկն էր, որը հայտնվեց 1926 թվականին: Այն ստեղծվել էր Universal Studios-ի պատվերով: Երբ Դիսնեյն այն ավարտում է, նկատում է, որ բավականին հաջող է ստացվել, ինչու՞ ավելի մեծ գումար չպահանջել: Եվ այդպես էլ անում է, Դիսնեյը մտնում է Universal Studios-ի ղեկավարության մոտ, հայտնում իր մտադրության մասին, որի արդյունքում ընկերությունը հրաժարվում է հաջողակ Օսվալդ ճագարից, իսկ Դիսնեյը կրկին մնում է առանց գումար:
3. Դիսնեյն իր Միկի Մաուսը ստեղծում է 1927 թվականին և ցանկանում է վաճառել այն MGM Studios-ին, սակայն ընկերության ղեկավարությունն ասում է.
_Նման անհեթեթ միտք դեռ չենք տեսել, ինչպե՞ս կարող է մուկը գրավել մարդկանց, երբ էկրանների դիմաց նստած կանայք հաստատ կվախենան:
Ու կրկին անհաջողություն:
4. 1933 թվականին “Երեք խոզուկների” համար չգտնվեցին ներդրողներ, քանի որ հեքիաթը մարմնավորող կենդանիները չորսն էին ներառյալ նաև գայլը: Այդ ժամանակ էկրանների վրա ավելի հաջողակ էին այն ֆիլմերը, որոնցում կային ոչ թե 4, այլ բազմաթիվ հերոսներ:
5. Սպիտակաձյունիկի և 7 թզուկների մասին պատմող մուլտֆիլմի հենց պրեմիերայի ժամանակ ուսանողները կեսից միահամուռ վեր կացան ու դուրս եկան սրահից, քանի որ 15 րոպեից հանրակացարանների դռները փակվելու էին, իսկ Դիսնեյն իսկապես շատ վատ ժամ էր ընտրել պրեմիերայի համար:
6. 1940 թվականին Ուոլտ Դիսնեյը որոշում է կանգնեցնել “Պինոկյո” մուլտֆիլմի ցուցադրումը, որպեսզի սուտասան երեխային ավելի յուրահատուկ ու դուրեկան տեսքով ներկայացնի հանրությանը: Այդ ընթացքում Դիսնեյի մտքում նոր գաղափար է ծագում' ստեղծել մի ծղրիդ, ով Պինոկյոյին կսովորեցնի բարու և չարի մասին: Սակայն նրանք, ովքեր կարդացել էին գրքերը, զարմացել էին այս ծղրիդի առկայությունից, իսկ երկարաժամկետ հետաձգումը թողեց իր հետևանքները և Դիսնեյը միայն կորուստներ կրեց “Պինոկյոյի” պրեմիերայից հետո:
7. Նույն “Պինոկյոյի” պրեմիերայի համար Դիսնեյը վարձում է 11 թզուկների և հագցնում գույնզգույն հագուստներ: Նրանք պետք է մուտքի մոտ ուղղակի երեխաներին բարևեին, զրուցեին, փոխարենը ստանային գինի և սնունդ: Օրվա կեսն էլ չէր անցել, երբ պրեմիերային բոլորն ականատես եղան 11 հարբած և կիսամերկ թզուկ տղամարդկանց, որոնք քայլում էին բեմի կողքին: Շատ ծնողներ այս պահից հետո էլ վերցրեցին իրենց երեխաներին և միանգամից դուրս եկան սրահից:
Միևնույնն է, այս անհաջողությունները թողնելով ետևում, Դիսնեյը շարունակում էր շարժվել առաջ, որի արդյունքում նա ունեցավ 29 Օսկար և երազանքի իրականացում: