Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Քաղաքացիական պայմանագրին» տրամաբանորեն հետևեց ՀԱԿ-ի խիստ ոչ ադեկվատ պատասխանը: Սկզբում տեսաբանը /երևի հիմնական/ ասաց, որ ինքը դա ամբողջությամբ չի կարդացել: Սա բնականաբար վերաբերմունքի դրսևորում էր, և ինչ էլ հետո ասվեր' ընդամենը դրա շարունակությունն էր լինելու: Իսկ այնուհետև ընդդիմություն ներկայացնող /ինձ համար' գոնե մինչև այսօր/ թերթում առաջարկվեց Լ. Տեր-Պետրոսյանի վերաբերյալ քննարկում, ինչի իմաստը ևս պարզ էր' քննարկելու բան եք ուզում' եկեք այս հարցը քննարկենք: Բայց երկու պատասխաններն էլ, իսկապես, ինձ չհամոզեցին: Առաջին, եթե վեպ լիներ առաջարկվելիքը' կփորձեի հասկանալ' մարդը ժամանակ չունի այն կարդալու, բայց դա… Ինչ վերաբերում է 1-ին նախագահի գործունեության ինչ-որ մաս քննարկելուն' ապա դրա իմաստն արդեն չեմ տեսնում: Քննարկել' որ ինչ. առկա՟ է գործողության ծրագիր, թե՟ հետագա ինչ-որ այլ բան: Իսկ անցյալը ես կքննարկեի միայն այդ տեսակետից: Եթե ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը տեսնում է հետագա ուղին, ապա լավ կլիներ, որ այն ցույց տրվեր նաև ինձ ու ինձ նմաններին /համենայն դեպս իմ մեն մի հատիկ ձայնի շնորհիվ է նաև այն ԱԺ-ում/: Համենայն դեպս, ինքս տեսնում եմ երկու ճանապարհ' էվոլյուցիոն, որն իր մեջ ներառում է դաշինքներ իշխանության կամ այլընտրանքների հետ, և ինչն արդյունքի է հասցնում /եթե հասցնում է/ մի քանի տասնամյակ անց, և ռէվոլյուցիոն /ինչը արդյունքի է հասցնում վերջիվերջո/: Կա արանքային տարբերակը' հասարակական ճնշման ուղին, որն ավելի կողմնորոշված է դեպի 2-րդը և որն այսօր առաջարկում է Նիկոլը, ինչը քամահրանքի է արժանանում ՀԱԿ-ի կողմից: Եթե այդպես շարունակվի, ապա գոնե ինձ համար հստակ է, որ ոմանք Լ. Տեր-Պետրոսյանի անունը դրոշ դարձնելով' առաջիկա չորս տարին կվայելեն իրենց կարգավիճակը միայն /ներողություն նման կոշտ ձևակերպման համար/: Որպես ՀՀ քաղաքացի, որն անտարբեր չէ իր հայրենիքի և նրանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, ես ուղղակի խնդրում եմ հնարավորինս շուտ կողմնորոշվել բոլոր նրանց, ում ակտիվության արդյունքից է նաև կախված մեր բոլորիս վաղվա օրը: Իսկ եթե շարունակվի նույն հարթության վրա պայքարը թե’ Նիկոլի և թե’ իշխանության նկատմամբ, ապա հաստատ չենք հասնի այն նպատակին, որ դրված է մեր առջև: