Ճամպրուկելով կարոտներս եկա, որ ասեմ
Թվում է' մոռացել եմ, թե ինչպիսին ես, սակայն չեմ մոռացել, թե ինչպիսին եմ, երբ կողքիդ եմ: Թվում է' մոռացել եմ, թե ինչպես ես գրկում ինձ, սակայն չեմ մոռացել այն երջանկությունը, երբ ամուր-ամուր գրկում եմ քեզ: Թվում է' մոռացել եմ մեր վեճերի ուժգնությունը, սակայն չեմ մոռացել բարիշելու քաղցրությունը: Ինձ հիմա շատ բան է թվում, սակայն մոռացել եմ, թե որքան ավելի շատ բան էր թվում նախկինում: Այնքան միամիտ էի, որ կարծում էի, թե կարող եմ ստիպել ինքս ինձ մոռանալ մեր սիրո մասին, թե կարող եմ ազատվել «սեր» կոչվող կախվածությունից ու… նոր կյանք սկսել: Հետո մի օր արթնացա ու հասկացա, որ չեմ ուզում նոր կյանք, եթե դու կողքիս չես լինելու: Նոր կյանք… Ես նախկին կյանքս էի ուզում, որտեղ դու էիր, ես էի, իրական ես, մենք ու մեր երազներն էինք, մեր երազանքները, անկեղծ ու մաքուր նպատակներն ու անվերջ խոսակցությունները: Մի օր արթնացա ու զգացի, որ մահու չափ կարոտել եմ ձայնդ: Հասկացա, որ առանց քեզ չեմ կարող, կրկին անգամ համոզվեցի, որ համոզվելու կարիք էլ չկա: Ինքս ինձ խաբել այդպես էլ չկարողացա, քեզ մոռանալ այդպես էլ չստացվեց: Առաջին սերը չի մոռացվում, եթե վերջակետ չես կարողանում դնել: Առաջին սիրո վրա վերջակետ չի դրվում, այն պարզապես առնում են ամուր փակագծերի մեջ: Մի օր արթնացա ու հասկացա, որ հերիք է խուլ ու համր ձևանամ. ես քեզ մոտ եմ ուզում: Եվ ճամպրուկելով ողջ քաջությունս ու կարոտներս' քեզ մոտ վերադարձա. եկա, որ ասեմ, որ խենթի նման սիրում եմ ինձ, երբ կողքիդ եմ, որ առանց քեզ կուրանում եմ, սիրտս ճզմվում է, ծերանում, առանց քեզ ապրել չգիտեմ: