Եղիշե Չարենցի մահից տասնամյակներ հետո էլ հայտնաբերվում են նյութեր, որոնք ոչ միայն լրացնում, այլև նույնիսկ հավակնում են սրբագրել մինչ այս եղած պատկերացումների, զարգացումների տրամաբանությունը, վերանայել բանաստեղծի կյանքի մի շարք դրվագներ, մղել նոր մեկնաբանությունների ու հետևությունների: Նման համոզմունք հայտնելու իրավունք են տալիս նաև այն նորահայտ փաստաթղթերը, որոնք պահվում են մոսկովյան արխիվներում ու առ այսօր հայ ուսումնասիրողների ու ընթերցողների համար մնացել են անհայտ: Առայժմ դրանցից միայն երկուսի մասին կփորձենք պատմել ստորև:
Հանրահայտ փաստ է, որ 1930-ական թվերի կեսին խորհրդային տոտալիտար համակարգը երկիրը վերածել էր մի հսկայական բանտի, որտեղ հասարակությունը մատնված էր բացարձակ մեկուսացման ու հսկողության: Այդ հալածանքներն առավել խստությամբ կրում էին մտավորականները, արվեստի ու գրականության աչքի ընկնող ներկայացուցիչները: Մշակութային ոլորտը պատվել էր գործակալների ցանցով, խստագույն գրաքննությունն ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկումներով ու մատնություններով: Բազմաթիվ լրտուներ իրենք էլ գրողներ էին, ստեղծագործական միությունների անդամներ, ովքեր նստում, զրուցում էին գրչակից ընկերների հետ, իսկ այնուհետև այդ զրույցների բովանդակությունը հանձնում հատուկ ծառայություններին: Նման տեղեկությունները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվում էին պատժիչ մարմինների կողմից, որոնց էլ հաջորդում էին «կանխարգելիչ միջոցառումները»: Այլախոհությունը հատուցվում էր կյանքի գնով կամ սիբիրյան անժամկետ տաժանակրությամբ: Բայց նույնիսկ նման իրավիճակում գտնվում էին եզակի անհատներ, որոնք շարունակում էին պայքարել հանուն մարդկային արժանապատվության և ստեղծագործ մտքի ազատության: Չարենցն այդ բացառիկների թվում էր:
Նոր փաստաթղթերը, որոնց մասին նշեցինք, դուրս են բերվել Ռուսաստանի ՊԱԿ-ի արխիվներից: Առաջին վավերագրում Չարենցի անունն ընդհանրապես հիշատակված չէ: Սակայն այնտեղ նկարագրվող դրվագներից երկուսն ուղղակիորեն առնչվում են մեծ գրողին: Ինչպես հայտնի է, 1934 թ Մոսկվայում կայացավ Խորհրդային գրողների առաջին համագումարը: Երկրի կյանքում դա դիտվում էր նշանակալի իրադարձություն, իսկ հետհամագումարյան տրամադրությունները միանգամից հայտնվեցին հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Այդ օրերին կազմված զեկուցագիրը, որն անդրադառնում է հիշատակված նյութին, կոչվում է այսպես' «ԽՍՀՄ ՆԳԺԿ պետական անվտանգության գլխավոր վարչության քաղաքական գաղտնի բաժնի տեղեկանքը անցած համագումարի և Խորհրդային Միության գրողների նոր ղեկավարության հանդեպ գրողների վերաբերմունքի մասին»։ Ստորագրել է նույն բաժնի պետ Մալչանովը: Անթվակիր է, սակայն բովանդակությունից ելնելով կարել է ասել, որ այն գրվել է 1934 թ. սեպտեմբերի 9-ից ոչ շուտ (ՌԴ ԴԱԾ Կենտրոնական արխիվ, ֆոնդ 3, գործ 56, էջ 70-93): Մենք կանդրադառնանք նշված ընդարձակ փաստաթղթի միայն այն հատվածներին, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են համագումարին հայ գրողների պատվիրակության մասնակցությանը, նրանց խնդիրներին ու Չարենցի անձին:
Վկայակոչելով իր գործակալների զեկույցները, տեղեկանքի հեղինակը մասնավորապես գրում է. «…Մեջբերենք այն հաղորդումները, որոնք բացահայտում են ազգային լեզուներից թարգմանություններ կատարող ռուս բանաստեղծների խմբերի ներսում թշնամական, մեծապետական-շովինիստական տրամադրությունները։ Համագումարի կողմից ազգային գրականությունների հանդեպ հանդես բերված ուշադրությունը թարգմանիչների միջավայրում հարուցեց առանձնահատուկ, շովինիստական գունավորում ունեցող տրամադրություններ։ Ընդհանուր հնչերանգն այսպիսին էր. «Ազգային գրողները վատն են։ Ըստ էության, մենք ենք նրանց դարձնում գրողներ՝ զոհաբերելով սեփական ստեղծագործությունը։ Դրա փոխարեն ոչ միայն երախտագիտություն չենք տեսնում, այլև բախվում ենք մշտական դժգոհությանը, անդրկուլիսային մեղադրանքներին և այլն։ Այդ գրողներին մեզ մոտ լայնորեն հրատարակում են, շրջապատում են պատիվներով, ընտրում են միության կենտրոնական մարմնի կազմում և այն, իսկ մենք՝ հետին տեղերում ենք…»։
Այնուհետև, ընդհանուրից անցնելով անհատական կարծիքների թվարկմանը, լրտուն գրում է, որ, օրինակ, Բրոդսկին (խոսքը Դավիդ Բրոդսկու մասին է- Հ. Չ.) այս իրավիճակը բնութագրել է իբրև «պատմական անարդարություն» և կանխատեսել, որ Գորկու նախաձեռնությունը (տարեկան 6 ալմանախ), կձախողվի որակյալ նյութերի պակասի պատճառով։ Իսկ մեկ ուրիշ գրող' Ալեքսանդր Գատովը «դժոհեց հայերից, որոնք իրեն հիացական նամակներ են գրել իր թարգմանությունների առիթով, սակայն համագումարում դա լռության մատնեցին, քանի որ նախանձում էին վրացիներին, որոնց գործերը թարգմանել է Պաստեռնակը, և հիմա թիկունքում փսփսում են, թե Գատովի գիրքը վատն է»: Հիշեցնելով, որ Ն. Տիխոնովն ու Բ. Պաստեռնակն այլևս չեն թարգմանելու, Գատովն ասել էր, որ ինքն էլ կվարվի այդպես և կամ կստիպի, որ հայերն իր դուռը գան ու խոնարհվեն իր առաջ:
Շարունակությունն` այստեղ