1. Ձեր տեսակետը Հայաստանի տնտեսության, գործարարության վերաբերյալ՝ որպես տնտեսագետ,քաղաքագետ և ՀՀ քաղաքացի:

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը զգալի անկում ապրեց միջազգային ֆինանատնտեսական ճգնաժամի արդյունքում, ինչը նաև բավականին մեծ ազդեցություն թողեց գործարար ոլորտի վրա:2009-2010 թվականներին կազմակերպությունները խնդիրներ ունեցան իրացման և գումարների հետ վերադարձելիության հետ կապված, ինչը,բնականաբար, շղթայական ազդեցություն ունեցավ:Կազմակերպությունները կանգնեցին լուրջ խնդրի առջև, քանի որ չէին կարողանում կատարել իրենց պարտավորությունները բանկերի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ:Կազմակերպությունների զգալի մասը կարիք ուներ վերաֆինանսավորման, ինչը դժվար էր իրականացնել ճգնաժամի պայմաններում ֆինանսական կազմակերպությունների համար: Բայց այնուամենայնիվ, կառավարության և ֆինանսական կազմակերպությունների ճիշտ քաղաքականության շնորհիվ թիրախային ոլորտները ֆինանսավորվեցին, ինչը երկրորդ շնչի հնարավորություն տվեց շատ կազմակերպությունների:Ակնհայտ է,որ վերաֆինանսավորումը ժամանակավոր լուծում է, քանի որ իմ կարծիքով, այս կարգի ֆինանսավորումը երկարաժամկետ բնույթ չի կարող ունենալ:Կազմակերպություններին հստակ զարգացում ապահովվելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ վարկեր հետվճարային ժամանակահատվածով, ինչը,ըստ իս, բավականին լուրջ զարգացում կարող է ապահովել և կբացառի կազմակերպությունների հետագա ֆինանսական ճգնաժամերը: Մեկ հարց, որը նույնպես ես կարեւորում եմ, հետեւյալն է. գործարար ոլորտում այսօր առկա է մի շատ էական և նուրբ խնդիր՝ վստահության էթիկա: Ճգնաժամը միշտ թողնում է իր հետևանքները և երկար ժամանակ է հարկավոր վերականգնելու ճգնաժամի բացասական հետևանքները, դրանցից մեկն է՝ անվստահության մթնոլորտը: Այսօր բոլոր կողմերը պատասխանատու գործընկերների կարիք ունեն, այնպիսի գործընկերների, որոնք ճիշտ ժամանակին կկատարեն պարտավորությունները: Գործարարները երկարաժամկետ վարկեր ստանալու համար պետք է վստահելի գործընկերներ ձեռք բերեն և իրենք դառնան վստահելի գործընկեր ֆինանսական կազմակերպությունների համար: Չէ որ շատ են դեպքերը, երբ ֆինանսավորվում են կազմակերպությունները և դրանք ծախսվում են ոչ նպատակային, ինչը ռիսկային է բանկերի համար և միևնույն ժամանակ կազմակերպությունը դառնում է անվստահելի գործընկեր: Այնպես որ սա շատ կարևոր խնդիր է և կողմերը պետք է աշխատեն նաև այս ուղղությամբ:

2. 2013 թ. Բեկումնային տարի է Հայաստանի համար:Ինչ եք կարծում, մենք ‹‹Դեպի Ապահով Հայաստան›› ո՞ր փուլում ենք:

Իմ կարծիքով այս պահին դեռ սաղմնային փուլում ենք, քանի որ ապահով Հայաստանի մեկնարկը նոր է տրված, իսկ փաստերով գնահատելու համար ամեն ինչ դեռ առջևում է: Կարծում եմ, այսօրվա իշխանությունը, ունի բավարար քաղաքական կամք եւ իրականության սթափ գիտակցում, իսկ սա խիստ կարևոր է դեպի ապահով եւ կայուն ապագայի ճանապարհին: Հուսով եմ, կարևոր քաղաքականության սկիզբ է դրված, ինչը շատ ընդգրկուն է՝ ապահով սահմաններ, ապահով երկիր, ապահովված իրավունքներ, ապահովված քաղաքացի և այլն:Ապահով սահմաններ, համոզված եմ՝ ունենք,քանի որ ունենք հզոր և մարտունակ բանակ, իսկ այդ բանակը կերտվել է տարիների ընթացքում, և այսօր ավելի մեծ տեմպերով է հզորացվում:Բանակն այն գլխավոր երաշխիքն է, որը մեր երկիրը դարձնում է առավել ապահով եւ առավել պաշտպանված, գաղտնիք չէ, որ մենք ունենք այնպիսի հարեւաններ եւ գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որը մեզ ստիպում է լինել ամենօրյա զգոն եւ մարտական վիճակում: Այս տեսանկյունից , ես, որպես ՀՀ քաղաքացի, համոզված եմ, որ մենք ունենք ապահով սահմաններ և ապահով երկիր: Այժմ շատ կարևոր է ուշադրություն դարձնել և արմատական բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և օրենքի առջև հավասարության հիմնարար սկզբունքների վրա: Ես այսպես եմ պատկերացնում քաղաքացու, գործարարի, մարդու եւ բոլորի իրավունքների ապահովվածությունը.ձգտել դեպի այնպիսի երկիր, որտեղ օրենքը կգործի առանց խտրականության: Յուրաքանչյուր պետության համար քաղաքացին պետք է լինի բարձրագույն արժեք:Ասելով ապահովված քաղաքացի՝ ես նկատի ունեմ աշխատանք ունեցող քաղաքացի, սոցիալապես ապահովված քաղաքացի, սոցիալական այնպիսի քաղաքականություն ,որի շնորհիվ սոցիալապես անապահով խավը միշտ կգտնվի պետության հոգածության ներքո, չէ որ վերջիվերջո, հենց մարդն է բարձրագույն արժեքը, որը հանդիսանում է ցանկացած պետության շարժիչ ուժը: Այս ամենին հասնելու համար նույնպես պետք է ժամանակ, բայց ոչ անվերջ խոստումներ, ցանկացած խոստման պետք է հաջորդի կոնկրետ , նկատելի եւ զգալի արդյունքով գործ: Քաղաքական կամք է հարկավոր, ինչը այսօր տեսանելի է, բայց քաղաքական կամքը միայն գործի սկիզբն է, իսկ գնահատականները յուրաքանչյուր քաղաքացի կտա այն ժամանակ, երբ շոշափելի կդառնա ապահով Հայաստանի գաղափարի իրականացումը: Վերջերս խոսելով մեր երկրի ապագայի եւ կատարվելիք քայլերի մասին, երկրի նախագահը բոլորիս կոչ արեց ‹‹Ի գործ›› հուսամ, երկրի կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ իրականություն կդարձնեն նախագահի այս կոչը: Իսկ որպես քաղաքացի՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է օգնի այդ գործին: Ամբողջովին համամիտ եմ Ջ.Ֆ. Քեննեդու հետեւյալ մտքին. ‹‹ Առաջինը ինքդ քեզ հարցրու, թե ինչ ես արել քո Երկրի համար, հետո նոր հարցրու, թե Երկիրը ինչ է արել քո համար››:

3. 2013թ.-ին տեղի ունեցավ նաև կառավարական պորտֆելների ոչ զգալի փոփոխություն, ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

Մեծ փոփոխություններ չկատարվեցին կառավարությունում:Շատերը կասեն լավ է, քանի որ մեծ փորձ ունեն, մյուսները կասեն վատ էր, քանի որ տնտեսության աճը այս կառավարության ժամանակ շատ ոլորտներում շոշափելի չի եղել, բայց իմ կարծիքով այստեղ ամենակարևորն այն է, որ կառավարության առջև դրված են հստակ խնդիրներ:Ես այն մարդկանցից եմ, ովքեր գնահատում են փորձը և գնահատում են գործը:Իսկ Տ. Սարգսյանի կառավարությանը դժվար ժամանակ էր տրված անցած հինգ տարիներին՝ հաղթահարել ճգնաժամը առանց լուրջ կորուստների և գաղտնիք չէ, որ անգամ այս իրավիճակում ունեցանք տնտեսական աճ: Այժմ պետք է վերացնել ճգնաժամի հետևանքները և տնտեսական աճը կայուն դարձնելով ընդգրկել տարբեր ոլորտներ, այդ աճը բաշխել ըստ ոլորտների որը շոշափելի կդառնա և կազմակերպությունների և անհատների համար: Որքան էլ դա ոմանց դուր չգա, բայց, ակնհայտ է,որ Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունը անցած տարիների ընթացքում բարեփոխումներ իրականացրեց ինչը զգալի չափով նվազեցրեց կոռուպցիան:Բոլորս էլ' որպես քաղաքացի, առնչվում ենք պետական մարմինների հետ և կարող ենք փաստել, որ շատ ոլորտներում ունենք շոշափելի առաջընթաց, օրինակ՝ կադաստրում մի պատուհանի սկզբունքը, անձնագրային բաժանմունքներում կատարված բարեփոխումները, վարորդական իրավունքը և մեքենաների գրանցումը, առք ու վաճառքը, որոնք նույնպես գործում են մեկ պատուհանի սկզբունքով:Հարկային և մաքսային ոլորտներում ևս արվեցին որոշ բարեփոխումներ. այստեղ նույնպես կիրառվեց մեկ պատուհանի սկզբունքը, որը պակասեցրեց բյուրոկրատական քաշքշուքը:Իհարկե, դեռ անելիք կա,այնուամենայնիվ, նկատելի է, որ ոլորտ առ ոլորտ խնդիրները կարգավորվում են:Այս բոլոր թվարկածներս այն փոփոխություններն են, որոնք ամենօրյա աշխատանքի ընթացքում եմ նկատել, որպես մենեջեր եւ որպես քաղաքացի: Այս ամենը պետք է շարունակվի, բայց ամենակարևոր խնդիրը, որը դրված է կառավարության առջև՝ տնտեսական աճն է, որը ճիշտ կբաշխվի ըստ ճյուղերի և շոշափելի կդառնա բոլորի համար:Գնահատականս այսպիսին է, քանի որ գործնական ելույթներ են հնչել և կոնկրետ ժամանակահատված է նշվել և կարծում եմ մինչև այս տարվա վերջ կտեսնենք կոնկրետ արդյունքները:

4. Ի՞նչ է պետք հայ գործարարին բիզնես զարգացնելու համար և ի՞նչ կարող է անել պետությունը որպես աջակից:
Բիզնեսը զարգացնելու համար շատ կարևոր են նորարարական մոտեցումները:Նոր տեխնոլոգիաների ներդրում,գրագետ և փորձառու կադրերի ներգրավում,կազմակերպությունը համապատասխանացնել միջազգային ստանդարտներին /ԻՍՕ, ՀԱՍՍՊ և այլն/, կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարության մշակում և այլն:Սրանք ամենակարևոր ներդրումներն են կազմակերպության համար, քանի որ այսօրվա մրցակցության պայմաններում չես կարող առաջարկել սպառողին մրցունակ ապրանք, իսկ ոչ մրցունակ ապրանքի առաջարկը կբերի նրան, որ մրցակիցներդ դուրս կմղեն շուկայից:Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն ներքին շուկայում սպառել որակյալ և մրցունակ ապրանք՝ այլ նաև արտահանել և հայկական արտադրանքը սպառել ավելի մեծ շուկաներում՝ ինչպիսին են ՌԴ, ԱՊՀ, ԵՄ, ԱՄՆ և այլ շուկաներ:Դրա համար պետք է առաջնային կատարել այդ նշված ներդրումները:Կարևորում եմ արտահանումը ոչ միայն նրա համար, որ կազմակերպության եկամուտները զգալի չափով կաճեն՝ այլ նաև կստեղծվեն բավականին մեծ թվով աշխատատեղեր և այդ եկամուտների շնորհիվ կլինեն նոր ներդրումներ և էլի նոր աշխատատեղեր:Այս ամենը մուլտիպիլկացիոն էֆեկտ կունենա և կզարգանա ոչ միայն մեկ կազմակերպություն՝ այլ նաև հավասարաչափ կզարգանան հումք և նյութեր մատակարարող կազմակերպությունները:Ինչպես նշեցի կազմակերպության համար շատ կարևոր է երկարաժամկետ վարկեր հետվճարային ժամանակահատվածով և ցածր տոկոսադրույքներով:ՀՀ-ում պետք է ստեղծվեն միջազգային նորմերին համապատասխան և սերտիֆիկացված լաբորատորիաներ, որոնք թույլ կտան արտահանող կազմակերպություններին սերտիֆիկացնել արտահանվող արտադրանքը:Ստեղծել ֆինանսական և ապահովագրական կազմակերպություններ, որոնք կֆինանսավորեն և կապահովագրեն արտահանվող արտադրանքը:Պետական կազմակերպություններ,որոնք կաջակցեն մասնավոր սեկտորին՝ ճանաչելի դարձնել իրենց արտադրանքը դրսի շուկաներում, դա կլինի ցուցահանդեսներին մասնակցության կազմակերպում և թե հայկական արտադրանքի գովազդումը:Սուբսիդավորել արտահանող կազմակերպություններին, միջկառավարական համաձայնագրերով օգնել կազմակերպությանը,օրինակ՝ GSP+ համակարգը,որին միացել է ՀՀ-ը և որը գործում է ԵՄ-ում և երբ հայկական արտադրանք է արտահանվում ԵՄ երկրներ՝ ներմուծող կազմակերպությունը ազատվում է մաքսային վճարներից և այլն:Աջակցության ձևերը շատ տարբեր են և անհրաժեշտ, եթե ցանկանում ես դառնալ արտահանող երկիր:Թվարկածներիցս մի քանիսը գործում են պետական մակարդակով, բայց շատ կարևոր է, որ բոլոր մատնանշած կազմակերպությունները ստեղծվեն և աջակցեն արտահանմանը:

http://newpage.am/?page_1=open_news&page_2=1347