ՀԱՅԸ

Նկարագրի անկախութիւն - ահա' էականը: Երբ պակասում է դա՝ ասել է պակասում է այն անփոխարինելին, առանց որի ժողովուրդները ուրոյն մշակոյթ չեն ստեղծում:

ժողովուրդների ճակատագրի աստղը պէտք է փնտրել ոչ թէ երկնքի վրայ, այլ նրանց կրծքի տակ - նրանց նկարագրի մէջ:
Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տուեալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմութիւնը: ժողովրդի ոգին է նկարագիրը, որ ենթական արտայայտում է իր հոգեւոր ստեղծագործութեան միջոցով:
Ամէն նկարագիր իր հիմնական գիծն ունի, որը նրբերանգաւորում ու շեշտում է ենթակայի յատկութիւնները եւ իշխում նրանց վրայ:
Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:
-Լրջութի՛ւնը, հայու մտաւոր եւ բարոյական լրջութիւնը, որն ամէն բանից առաջ ծանրախոհութիւն է ենթադրում:
Խօսքիս ճշմարտութիւնը վճռապէս հաստատում են՝
-Հայ ժողովրդի գործերի հազարամեայ վկան՝ իր պատմութիւնը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր յարգանք են պարտադրում.
-Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.
Մի հատուած իմ «Հայկական նկարագրի հիմնական գծերը» ձեռագրից:
- Վերջապէս, իր ինքնատիպ ճարտարապետութի՛ւնը, որի կոթողները, շէն թէ կիսաւեր, կը նմանուեն հսկաների, որոնք հայոց երկնքի տակ նստած՝ ձեռն ի ծնօտ՝ կարծես աշխարհի բաներն են խոկում:
Այո՛, լուրջ է հայը՝ մտաբարոյապէս:
Եւ, հէնց այդ բախտորոշ հոգեգծով էլ պայմանաւորուեց իր քաղաքական ճակատագիրը:
* * *
Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներյատուկ է տառապանքը:
Բոցից, երկունքից, ցաւից ծնաւ իր Վահագնը - ահա՛ հայու կենսազգացողութիւնը, նրա աշխարհիւրացումը:
Նրա համար չէ լոկ կեցութեան ուրախութիւնը: Հայու համար՝ աշխարհի հետ հաշտ եւ ուրախ լինելու համար բաւական չէ կուշտ լինելը:
ժողովուրդներ կան, որոնք կեանքն ու աշխարհը ընդունում են այնպէս, ինչպէս որ նրանք տրուած են բնօրէն, ինչպէս որ նրանք կան առարկայօրէն:
Իր էութեան բերումով՝ հայն իր գոյութեանը հաղորդում է որոշ սրբազանութիւն եւ նպատակ՝ ձգտելով իմաստաւորել եւ կատարելագործել այն:
Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:
Աշխարհը տրուած է ո՛չ միայն վայելելու, այլեւ՝ կատարելագործելու, բարեշտկելու այն - ահա՛ հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնա- ցաւ նա՝ կանխելով գրեթէ իր բոլոր հարեւաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյութեան ծանրածանր պայքարի առթած ցաւից, այնպէս էլ՝ աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակ- ցութիւնից:
Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պէ՛տք է որ լինի:
Մհերը՝ հայկական էպոսի հերոսը - իմա՛ ինքը հայ ժողովուրդը - մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը՝ լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով:
* * *
Հայուն ծանօթ չէ չարութեան ուրախութիւնը: Չարախնդալ, չէ՛, նա կ՛ուզէ իր գոյութեան թշնամիներին իսկ միայն պարտուած տեսնել, բայց ոչ ե՛ւ դժբախտ:
Արծաթ չկայ հայ մարդու ծիծաղի մէջ: Ծիծաղը հայու մէջ աւելի մտածումն է առաջացնում, քան սիրտը: «Ա՞յս է աշխարհը, մարդը» - ահա՛ նրա ծիծաղի հոգեբանական լեզուն, իմաստը:
Հայ հոգում տեղ չունի արտաքին նախանձը: Վաղուց է, ինչ հայը նախանձողին - իր արքային - Արտաւազդին շղթայի զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաեւ՝ հոգեպէս տկարը: Հայը խորշում է թէ՛ մէկից, թէ՛ միւսից:
ժողովուրդներ կան, որոնք իրենց բացասօրէն մարդկայինը - իրենց նկարագրի ամենադատապարտելի թերիները, կենսաբանական անհրաժեշտութեամբ, ծառայեցնում են իրենց գոյութեան պաշտպանութեան: Հայը վաղուց է դատապարտել աշխարհաքանդ չարութիւնն իբրեւ պայքարի զէնք: Ի զուր են շները լիզում Արտաւազդի շղթաները - արթո՛ւն է հայ դարբինը:
Հայ էութեան այդ չարամերժ գիծը - որ պատիւ է բերում ենթակային - մեծապէս դժուարացրել է իր դարաւոր գոյամարտը: Չարի ու բարու իր հասկացողութեամբ, դեռ այսօր էլ հայը մղւում է ամենայն անշահասիրութեամբ - անքաղաքագիտօրէն - դիրք ճշտելու մէկի թէ միւսի հանդէպ, առանց հաշուի առնելու գոյութիւն ունեցող առարկայական պարագաները:
Իր այդ հոգեգծի պատճառով՝ նրա մտածողութիւնն ու արտաքին վարքագիծը ընդունել են ապաքաղաքական, որով եւ՝ անաշխարհայարմար բնոյթ:
* * *
Աչքը կո՛ւշտ ժողովուրդ - ահա՛ մի ուրիշը - ամենահայկակա՛նը հայու գովելի յատկութիւններից:
Խօսեցրէ՛ք իր էպոսը, իր ֆոլկլորը եւ պիտի համոզուէք, որ հայու համար հացը՝ կեցութեան բարիքների շարքում առաջինը չէ՛:
«Ձեռքը բարձրացրեց Դաւիթը՝ մանուկ, ուզեց ոսկին վերցնել. հրեշտակը, հեռացնելով ձեռքը, դրեց կրակի վրայ, մատը կրակին սեղմեց եւ այրեց մատը. մատը բերանը դրեց եւ լեզուն այրեց. լեզուն այրուեց՝ սակաւ համրացաւ նա: Եւ սկսան նրան կանչել կակազ Դաւիթ»*:
Այսպէ՛ս, պատժելով իր ապագայ հերոսի միամիտ արարքը՝ հայը հաստատել է իր անընչասիրութիւնը, իր հոգեկան պայազատութիւնը: Հայոց արքան՝ Հայաստան հրաւիրելով Նազովրեցուն, ասում է - թէեւ շատ մեծ չէ իր երկիրը, բայց կը բաւի երկուսին:
* «Սասունցի Դաւիթ»:
Մի ուրիշ թագակիր՝ Տրդատը, աշխարհակալելու սահմանուած իր սուրը նետում է Սեպուհ լեռների մէջ:
«Հագուած ու կո՞ւշտ ես՝ գոհ եղիր, հո՛ղ է մնացածը»,- ասում է միջնադարի հայ երգիչը՝ Նաղաշ:
«Հարուստ է նա, ով լուսաբացից համեստ աշխատանքի է լծուել իր անդաստանի մէջ»,- ասում է անանուն իմաստասէրը՝ ի՛նքը ժողովուրդը:
«Եթէ հիւրեր եկան՝ հաց տուր, կերա՞ն հացը՝ մինչեւ դուռը տար»,- ասում է Ձէնով Օհանը:
«Աստծուց ենք ե՛ս էլ, հացս էլ, ով կարիք ունի, թող վայելի»: Գիտենք՝ անցորդին է պատկանում թոնրից հանուած հայ շինականի առաջին հացը: Ահա' հայը, եւ ահա' եւ հացը հայու համար, հացը՝
առնուած բառիս ամենահայկական իմաստով:
* * *
Հռոմէացին մի առաքելութիւն գիտէր՝ իր կեանքը տրամադրել իր պետութեան, աստուածացնել այն եւ լինել հպարտ նրանով:
Դասական յոյնի համար եւ գերագոյնն աշխարհում իր քաղաք- պետութիւնն էր, որի փառքի եւ հզօրութեան համար աշխատելով կ'առաքինանար անհատը:
Հայաստանի քաղաքական անկախութեան կորուստի փաստով՝ հայու համար դարերով ու դարերով պետութեան դերը պիտի կատարէր ազգութիւնը:
Ազգային գոյութեան խնդիրը - ահա' թէ ինչն է կազմում հայոց պատմութեան առանցքը:
Այդ իսկ պատճառով հայ մարդու համար բարձրագոյն արժէքը, սրբութիւնը, հեղինակութիւնը պիտի դառնար հայկականութիւնը՝ իբրեւ գիտակցուած էութենական միասնութիւն:
Գիտենք, ժամանակին իսլամը փոքրասիական աշխարհամասի վրայով անցաւ իբրեւ մի տարերային հեղեղ՝ իր ճամբին իրեն խառնելով բոլոր օտար գետերը եւ թաւալեց դէպի ծով: Մահմեդականացան գրեթէ բոլոր ժողովուրդները: Միայն Արածանին եւ Արաքսը պահեցին իրենց ջրերի սրբութիւնը: Հայաստանը, սակայն, կղզիացուեց, պաշարուեց իսլամութեան ծովով: Այսպէս լինելով հանդերձ, հայութիւնը մնաց իբրեւ գրանիտէ ժայռ՝ իրեն խեղդել փորձող ծովում:
Եւ, այնուհետեւ, քանի-քանի եղեռններ, վայրագութեան նախճիրներ պայթեցին Հայաստանի գլխին:
Մի բազմաղէտ երկիր, որն ըստ արաբ պատմագրի, դարերով ծեծեցին, տրորեցին «օտար սմբակներն ու կայծակները»: Այս պայմաններում գերապրեց հայ ազգութիւնը:
Աններելի սխալ է կրօնական կրքով բացատրել հայու հաւատարմութիւնը քրիստոնէութեան հանդէպ: Հայ հոգուն անծանօթ է ֆանատիզմը. վկա՛յ թոնդրակեցիների շարժումը, միջնադարի մեր կենսահաստատ պոեզիան, եւ մերօրեայ ժամանակայարմար հայ եկեղեցականութիւնը: Տիրապետող գիտակցութիւնը հայու մէջ վաղուց է ինչ ազգայինն է, եւ ո՛չ կրօնականը, ինչպէս որոշ ժողովուրդների մօտ: Նա շատ վաղ հայացրեց քրիստոնէութիւնը: Հայկականութի՛ւնն է հայու ճշմարիտ կրօնը: Արդ, թէ ինչու եմ ասում՝ - Չկան «հայեր», կայ Հայը:
Խորհրդածում եմ հայկականութեան մասին եւ միտքս հանգչում է նրա ամենաազնուական անօթների վրայ:
Ահա՛ մեր նախահայրերը լուսադաւան - Մեծն Ներսէս, Սահակ, Մեսրոպ. ապա՝ հերոսական փաղանգը Մամիկոնեան զօրավարների - Մուշեղ, Վարդան, Վահան - կենդանի վահանը Հայաստանի պաշտպանութեան, Աշոտ՝ մարտերի բոցերում երկաթացած. իսկ նոր եւ նորագոյն ժամանակներում՝ Աբովեան, Խրիմեան, Ալիշան, Պատկանեան, Զաւարեան... Վերջապէս, յեղափոխականն ու ռազմիկը միշտ մահապատրաստ, որոնց համար Հայաստանը աստուածութիւն էր, Հայկականութիւնը՝ կրօն: Եթէ գեղեցիկն այն է, որ հարազատօրէն համապատասխանում է իր սեռի-տեսակի գաղափարին, ապա՝ հայօրէն հարազատ է նա, ով՝ հանդիսանալով ներկայացուցիչն ու կրողը հայկականութեան՝ վերջինը արտայայտում է առաւելագոյն չափով:
Գերազանցն իր տեսակի մէջ - ահա՛ ճշմարիտ հայն իբրեւ ոգի եւ կերպար:
* * *
Հայն իր Վահագնը ունէր - աստուա՛ծը քաջութեան: Քաջ եւ քաջապաշտ է նա:
Հոգեկան այդ պաթոսին՝ քաջութեան կը պարտի հայը իր բազմավտանգ գոյութիւնը: Քաջ են, ընդհանրապէս, ոգու ժողովուրդները: Սրանցից է հայը՝ գերազանցօրէն: Հեթանոս հայու քաջութիւնը չտկարացաւ նաեւ քրիստոնէական Հայաստանում: Սխրագործելու իր տենչանքին զուգահեռ՝ դա ընդունեց արտայայտութեան մի նոր ձեւ եւս-նահատակութիւնը կամաւոր, որն իր խորքի մէջ ոչ այլ ինչ է, բայց եթէ՝ գիտակցական մահուամբ քաջաբար անմահանալու ձգտումը: Ըստ էութեան՝ մահամերժ ոգու խիզախանքն է - քաջութիւն թէ նահատակութիւն:
Հայն իր ամենասիրելի ու սրբացրած հերոսին անուանել է քաջ, եւ այսպիսով տուել իր գերագոյն գնահատականը ոչ միայն քաջին, այլեւ՝ քաջութեան, ընդհանրապէս:
* * *

Շարունակությունն` այստեղ