Սարոյանը երեխաների հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ: Նախ բոլորի անուն- ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը
- Ուսկի՞ց կուգաք...
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
-ՈՒսկի՞ց կուգաք...
- Ապագայից,- ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
-Հիանալի պատասխան: Դուք կրնաք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
- Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան...
Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալոի հատկություն ուներ: Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
- Քու անուն ի՞նչ է...
-ԼԱ- ՈՒ- ՐԱ,- վանկ- առ- վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
-Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա... Քեֆս եկավ... Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան...