Օրը շաբաթ էր, բայց ավտոմեքենաների պակաս կայանատեղում չէր զգացվում: Սամվելը դժվարությամբ, բայց վերջապես կարողացավ մեքենան կայանել կանգառում:
«Առավոտյան եթե սկսենք բարկանալ, ապա ի՞նչ կլինի օրվա մյուս ժամերին,- ինքն իրեն հանգստացրեց Սամվելն ու արձակեց ամրագոտին: Նրա ուշադրությունը գրավեց ոչ հեռու կայանած մեքենայում նստած զույգը: Մեքենան թանկարժեք էր ու վերջին սերնդի ամենագնացներից, այնպես որ իր վարած մեքենան հնոտի էր նրա հետ համեմատած: Երիտասարդ, մոտ երեսուն տարեկան կնոջ դեմքը իրեն շատ լավ ծանոթ էր: Որպես լրագրող և լրատվական ամենահայտնի կայքի գլխավոր խմբագիր, նա լավ ճանաչում էր այդ կնոջը, ով բավականին բարձաստիճան պաշտոնյա էր նախարարությունում: Ղեկին նստած տղամարդու դեմքը չէր երևում, բայց վառ կարմիր փողկապը և շքեղ մեքենան խոսում էր այն մասին, նա ևս պաշտոնյա է: Հավանաբար կրկին նախարարության աշխատակից, քանի որ Կառավարական շենքը հենց գրասենյակի հարևանությամբ էր գտնվում ու ինքը հաճախ էր հանդիպում պաշտոնյաների: Կնոջ դեմքը հուզմունք էր արտահայտում ու Սամվելին թվաց՝ անգամ վրդովմունք:
Երիտասարդ կինը նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետն էր: Վերջերս իր հրապարակած հոդվածներից մեկը մեղադրանքներ էր պարունակում հատկապես նորանշանակ պետի՝ Տաթև Ստեփանյանի աշխատանքի վերաբերյալ:
«Հետո կասեն, թե լրագրողներն անգամ իրենց անձնական կյանք են ներխուժում», - մտքում ասաց Սամվելն ու բարձրացրեց մեքենայի կողապակիները՝ պատրաստվելով դուրս գալ: Բայց այդ պահին շքեղ մեքենայի դուռը բացվեց ու տիկին Ստեփանյանը դուրս եկավ մեքենայից:
Սամվելին կրկին թվաց, որ տիկին Ստեփանյանը մի փոքր զայրացած է: Մեքենայի դուռը սովորականից ուժեղ փակվեց: Կինը արագ քայլերով հասցրեց շրջանցել մի քանի կայանած մեքենաներ ու արդեն բավական հեռվացել էր, երբ տղամարդը ևս մեքենայից փորձեց իջնել:
Հանկարծ Սամվելի ականջին հասավ մեկ ուրիշ մեքենայի անիվների ճռռոց, ապա տեսադաշտում հայտնվեց հենց մեքենան:
Մինչ Սամվելը ինքն իրեն կհարցներ՝ թե տեսնես, որ պաշտոնյայի անդաստիարակ տղան է Կառավարական շենքի մոտ նման բան անում, կատարվեց անսպասելին: Արագ ընթացող մեքենայի կիսաբաց պատուհանից Սամվելը նկատեց ինքնաձիգի փողը, ապա լսվեց վեց-յոթ կրակոց հենց իր ու իր կողքին կայանած մեքենաների ուղղությամբ:
Երբ բարձրացրեց գլուխը հասկացավ, որ թիրախը պաշտոնյան էր, և ոչ թե ինքը: Մի քանի մեքենաների ազդանշանային համակարգերը գործի ընկան, լսվեցին առաջին ճիչերն ու օգնության կանչերը:
Սամվելը ոչ թե իջավ, այլ դուրս թռավ ու վազեց դեպի վիրավորը:
Միջին տարիքի տղամարդը դեմքով դեպի գետինն էր պառկած՝ ամբողջովին արյան մեջ:
Սամվելը փորձեց շրջել նրան, որպեսզի վիրավորը կարողանա շնչել:
-Ոստիկանություն, շտապ օգնություն կանչե՛ք, - գոռաց նա:
-Չտա՛լ, չտա՜լ ոչ մեկին, - հազիվ կարողացավ արտաբերել վիրավորն ու ձեռքը մեկնեց դեպի Սամվելը:
-Մի խոսեք, ամեն ինչ լավ կլինի, լսո՞ւմ եք:
-Չտա՜լ, - շարունակեց վիրավորը:
-Զանգեցի՞ք շտապ օգնություն, - հարցրեց Սամվելն իրեն մոտեցած մարդկանց:
Մի քանիսը գլխով արեցին:
Սամվելի ուշադրությունը այդ պահին գրավեց երիտասարդ կինը: Նա ահից երկու ափերով ծածկել էր դեմքը: Այդ կինը վայրկյաններ առաջ հենց նույն մեքենայում էր: Սամվելը փորձեց բարձրացնել վիրավորի գլուխն ու միայն այդ պահին ճանաչեց նրան: Վիրավորը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն էր: Սամվելը կրկին հայացք գցեց Տաթև Ստեփանյանի ուղղությամբ, բայց կինը կորել էր ամբոխի մեջ:
***
Մեդիամոլ լրատվականի գլխավոր խմբագիր Սամվել Գևորգյանը ակամա հայտնվեց իրադարձությունների կիզակետում: Դեպքից րոպեներ անց շտապ օգնության մեքենան ծանր վիրավորին տեղափոխեց հիվանդանոց, իսկ լրագրողները, մարդիկ ու ոստիկաներն անմիջապես շրջապատեցին դեպքի վայրը: Սամվելը ուշքի չէր գալիս կատարվածից հետո:
Սեփական աչքի առաջ, օրը ցերեկով նման հանցագործություն:
Ոստիկաններին հակիրճ ներկայացնելով կատարվածը' փորձեց շարժվել դեպի խմբագրություն, բայց այս անգամ լրագրողների մի մեծ խումբ շրջապատեց իրեն:
-Սամվել, քա՞նի հրազենային վերք կար…
-Մեքենայի, մակնիշն ու պետհամարանիշը հիշո՞ւմ եք…
-Ի՞նչ տեսակի զենք էր…
Սամվելը նայեց շուրջը հավաքված լրագրողներին. յուրաքանչյուրն զինված էր տեսախցիկով: Տարօրինակ կաշկանդվածություն զգաց: Միշտ ուրիշներն էին իր ուշադրության կենտրոնում, իսկ այսօր ինքը: Իր հագուստն ու ձեռքերը ամբողջովին արյունոտված էին, իսկ րոպեներ անց իր լուսանկարները կհեղեղեն մամուլը:
-Մի քանի րոպեից կայքում կտեղադրվի մանրամասները: Հիմա էլ չեմ կարող խոսել: Կներեք:
Սամվելը վերջապես կարողացավ դուրս գալ շրջափակումից ու մտնել շենքի մուտք:
Իր խմբագրակազմի գործընկերներն՝ Արտակն ու Գոհարը, անմիջապես օգնության հասան:
-Վիրավո՞ր չես, ցավեր չկան, - հարցրեց առաջինը մոտեցած Արտակը:
-Վիրավոր չեմ, ամեն ինչ լավ է: Ո՞վ կա խմբագրությունում:
-Ես եմ ու Գոհարը:
-Պատրաստո՞ւմ եք հոդվածը:
-Գրեթե պատրաստ է, երեք րոպեից կարող եմ տեղադրել:
-Շատ լավ, ես լվացվեմ, գնամ տուն՝ շորերս փոխելու: Լրագրողների հարցերին էլ դուք կպատասխանեք:
Լվացվելուց հետո, երբ Սամվելը մտավ աշխատասենյակ, առաջին իսկ գործուղությունը հեռուստացույցն ու համակարգիչը միացնելն եղավ:
Եթերում արդեն իսկ մի շարք հեռուստաընկերություններ հեռարձակում էին րոպեներ առաջ կատարվածը:
«…Բժիշկների գնահատմամբ վիրավոր փոխնախարարի վիճակը խիստ ծանր է: Բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքի համար: Արձակված գնդակներից չորսը դիպել են կրծքավանդակին»…
Հազիվ էր նստել, երբ դռան ետևից աղմուկ լսվեց: Գոհարն էր:
-Չեմ կարծում, որ կկարողանա խոսել Ձեզ հետ...
Դուռը թակեցին ու առանց սպասելու պատասխանի՝ բացեցին:
Շեմքին հայտնվեց բավականին հմայիչ ու նրբաոճ հագուկապով այն նույն կինը, ում քիչ առաջ տեսել էր Սամվելը մեքենայում:
Սամվելը հայացք գցեց շփոթված Գոհարի դեմքին, ով աչքերով փորձեց հասկացնել, որ չկարողացավ կանգնեցնել հյուրին:
Հյուրը, չսպասելով հրավերի, առաջ եկավ: Սամվելը փորձեց ոտքի կանգնել:
-Հուսով եմ' դուք չեք վիրավորվել, մենք պետք է զրուցենք հոդվածի վերաբերյալ:
«Հոդվածի վերաբերյա՞լ: Այս կինն կամ աննորմալ է կամ էլ դեռ շոկային վիճակում»:
-Ի՞նչ հոդված տ...
-Կխնդրեի, որ մեզ մենակ թողեք, - ավելի բարձր ու ակնհայտ փորձելով ընդհատել Սամվելին, շարունակեց կինը:
Գոհարը զայրութով լի հայացք ձգեց անկոչ հյուրի ուղղությամբ ու դուրս եկավ:
Դուռը փակվելուն պես, կինը մեկ քայլով մոտեցավ սեղանին, ապա վերցրեց սեղանին դրված նոթատետրն ու գրչամանից մատիտ և սկսեց ինչ որ գրառում անել թղթի վրա:
Սամվելին այս ամենը ծիծաղելի էր թվում: Երբ փորձեց ձայն հանել, կինը նորից միջամտեց.
-Գիտեմ, դժվար է խոսել այն ամենից հետո, ինչին այսօր ականատես եք եղել, բայց որպես լրագրող ես իմ աշխատանքն եմ կատարում:
«Լրագրո՞ղ: Չէ՜, Տաթև Ստեփանյանն առնվազն հոգեկան խնդիրներ է ձեռք բերել, կամ էլ ուներ»:
Մեկ վայրկյան էլ ու նրա համբերություննը կլցվեր այս խեղկատությունից, բայց Տաթևը դեպի իրեն շրջեց նոթատետրը, որին մանր ու գեղեցիկ տառերով գրված էր՝ «Մեզ կարող են ձայնագրել: Իմ ով լինելը պետք է գաղտնի մնա: Ես ամեն ինչ կբացատրեմ»:
Սամվելի գլխին ասես ցնցուղից սառը ջուր մաղեցին ու նա լուռ նստեց աթոռին:
Տաթևը նիհարակազմ, բավականին գեղեցիկ դիմագծերով կին էր: Թեպետ տարիքը երեսունն անց էր, բայց ավելի փոքր էր երևում: Նրա ձեռքն արագ շարժվում էր թղթի վրա: Երբ ավարտեց երկրորդ գրառումը, մեկնեց որպեսզի Սամվելը կարդա:
«Հիմա ինձ չեք հասկանա, բայց հավատացնում եմ խնդիրը ոչ միայն իմ կյանքի մասին է, այլ նաև հազարավոր մարդականց»:
Սամվելը զարմացած նայեց Տաթևի դեմքին հասկանալու համար, արդյոք այս ամենը խա՞ղ է թե, ոչ: Բայց Տաթևի մտահոգ ու վախեցած դեմքը խոսում էր, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: Նոր գրությունը չուշացավ. «Վերցրեք կոստյումն ու հետևեք ինձ»: Տաթևը նորից սկսեց գրել, բայց ավարտելուց հետո պատռեց էջն ու հաջորդ էջին նկարեց փոքրիկ կակաչ:
Սամվելը մի պահ վարանեց, բայց հետո վերցրեց կախիչից արյունոտված կոստյումն ու հետևեց Տաթևին:
Միջանցում երևաց Գոհարը:
-Ամենաուշը մեկ ժամից կգամ, - հակիրճ ասաց Սամվելը:
Դիմացից քայլող կինը քմծիծաղ տվեց:
«Դժվար թե…»:
Շարունակությունն` այստեղ