Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում վերջին 5 տարիներին, հասարակության համար դեռ ամբողջովին «մարսված» չէ, հակառակ դեպքում մարդկանց շատ ավելի մեծ խմբեր ներգրաված կլինեին այս իշխանության հեռացման գործընթացին, իսկ անտարբերությունն ու հիասթափությունն այսպիսի մասշտաբներ չէր ունենա: Այս մասին գրումէ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Խնդիրը այն չէ, որ տարբեր փուլերում հասարակական համախմբման գործընթաց նախաձեռնողները սխալներ կամ տապալումներ չեն ունեցել, բայց ես կարծում եմ, մեր հետ տեղի ունեցածը' Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների ադրբեջանական օկուպացիան, իր էությամբ ու ողջ խորությամբ դեռևս ամբողջությամբ գիտակցված չէ:

Սա օրվա հացի խնդիր չի, սա մեր տարածաշրջանում հայի ապրելու/չապրելու խնդիր է և եթե 90-ականներին ամուր հիմք դրվեց մեր գոյատևման ու ռեգիոնում դերակատարության, ապա 2018-ից' նահանջի, դավաճանության և անկման:

Անկախ նրանից, թե իշխանությունն այս կամ այն փուլում ում կթիրախավորի, հանրային ուշադրությունն ում կամ որ ուղղությամբ կուղղորդի, դրանից իրադրությունը չի փոխվի' երկիրը գլորվում է ցած, իսկ դրա ընթացքը նույնիսկ դանդաղեցնելն այս պահին անչափ բարդ է թվում:

Քանի կա այս անկման հիմքում գտնվող իշխանությունը, հակառակ ընթացք բռնել չի լինելու»: