ՀԱՏՎԱԾ "ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐ" ԻՄ ՆՈՐ ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԻՑ
"...հայ կանայք, հայ թագուհիները հնագույն ժամանակներից ի վեր գեղեցկության ու կանացիության չափանիշ էին համարվում ոչ միայն մեզ, հայերիս, այլ նաեւ ողջ աշխարհի համար: Բավական է հիշատակել պարսկական գրականության հանճարի, 13-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գյանջեվիի “Խոսրովն ու Շիրինը” պոեմը, կամ 16-րդ դարի թյուրքալեզու մեկ այլ դասական' Ալիշեր Նավոիի “Ֆարհադն ու Շիրինը”, որոնց երկուսի գլխավոր հերոսուհին էլ' 7-րդ դարում ապրած ու պարսիկ շահ Խոսրով Փարվիզի կինը դառձած հայ արքայադուստր Շիրինն է, որոշ գիտնականների կարծիքով հայերեն Սիրուն անվան փոփոխված ձեւով:
“Շապուհը անապատն անցավ, ասպատակում էր մյուս անապատով, շտապում էր Հայաստան հասնել, ուր լեռներում, տափից հեռու, ծաղիկների ու մարգերի գրկում ապրում են փերիները գեղեցիկ...”
Փաստորեն, “Լեյլան ու Մեջնուն” պոեմի հետ մեկտեղ, Շիրին արքայադստեր կերպարը դարձել էր ողջ արեւելյան միջնադարյան պոեզիայի գլխավոր կանացի խորհրդանիշը, սիրո ու գեղեցկության չափանիշն ու նմուշը: Առասպելական դառձած քաղցրահամ համեմատություններն ու այլաբանությունները, գովասանքներն ու սիրո անվերջ, անհամար, անթիվ խոստովանությունները , որ այդքան բնորոշ են արեւելյան պոեզիաին, ստեղծեցին հենց հայ կնոջ, Շիրինի պաշտամունքն եւ կուռքը: Միգուցե միայն բիբլիական Երգ Երգոցը կարելի է համեմատել Շիրինին նվիրված մեծարումների հետ, թեեւ պարսիկ եւ թյուրք հեղինակները բազմապատիկ գերազանցում են հրեական օրինակը ե'ւ չափերով, ե'ւ ճոխությամբ: Բավական է լսել այս անվերջ շարանի մի քանի գոհարները. "Փերի է նա, դեմքով' լիալուսին...Աչքերը սեւ լույսով լցրին գիշերը: Ծամերը սեւ, կարծես արմավենու վրա Ստրուկներն են սեւամորթ ելնում խուրմա հավաքելու, Եւ համը նույն շուրթերն են հաղորդում... Իսկ ատամները' մարգարիթ օվկեանոսի, Քիթն էլ կարծես մի սուր ուղահայաց, Որ սիրտն է իմ կիսում անհավասար...
Նրա դեմքից խամրեց աստղերի լույսը, Լուսինը հեռացել է ամոթխած.... Փոքրիք ծնոթը խնձորի նման է քաղցր, Կրծքերը արծաթե նռեր կարծես լինեն, Երկու վարդի բողբոջ միջից ծաղկող... Շրթունքների սուտակի տակ բացվում է մի շարան մարքարիտե... Լուսինը խալ է մի չնչին նրա կողքին: Մեջնունն անգամ կգայթակղվեր նրա գեղեցկությամբ, Չէ որ Շիրինի մոտ Լեյլին էլ կխամրի...”
Պարսիկ շահ Խոսրով Երկրորդի սերը հայ քրիստոնյա արքայադստեր Շիրինի նկատմամբ այնպիսի մեծ տպավորություն ու ազդեցություն է թողել արեւելյան քնարական արվեստում, որ Նիզամիից երեք հարյուր տարի անց Ալիշեր Նավոին նույն հայուհուն դառձնում է իր “Ֆարհադն ու Շիրինը” պոեմի հերոսուհի: Թյուրքալեզու պոեզիայի հիմնադիրը ձգտում էր գերազանցել իր մեծանուն պարսիկ ուսուցչին, համեմատելով հայ գեղեցկուհու դեմքը ոչ ավել, ոչ պակաս քան մահմեդական սրբության' Ղուրանի հետ, որի ներքո նա սիրո ու հավատարմության երթում է տալիս: Այսօր հավատացյալ մահմեդականի համար սրբապղծություն կթվա բանաստեղծի խոստովանությունն առ այն, որ հայ գեղեցկուհու ամեն թարթիչը ' մի նիզակ է, որը հազարավոր կրոններից ու հավատքներից հզոր ու սուր է... Հատկապես հետաքրքիր է պոեմի մյուս հերոսի, սիրահարված Ֆարհադի սխրագործությունը հանուն Շիրինի: Նա ժայռերից կառուցում է մի դղյակ, որի ամեն պատի վրա քարից տաշած են Շիրինի բազմաթիվ պատկերներ: Նկատի առնելով, որ իսլամը խստորեն արգելում է նկարել ու քանդակել մարդկային կերպարներ, Ալիշեր Նավոին թողել է զարմանալի ու աննախադեպ մի նկարագրություն: “Գահի վրա նստած գեղեցկուհին փերիներով շրջապատված է շուրջբոլոր: Սակայն որքան հրեշտակային լինեն նրանք, Միայն տեսիլք են, ձեւ են եւ մարմին, Մինչդեռ Շիրինն այնքան սիրուն է ու հավերժ, Որքան մարմնավորված անմահ հոգին... ”
Հայ գեղեցկուհու կերպարը, շնորհիվ Նիզամիի եւ Նավոիի պոեմների, դարեր շարունակ մնում էր իսլամական արվեստի մեջ երկնային սիրո, մարմնական գեղեցկության եւ անգամ էրոտիզմի գրեթե միակ թույլատրված օրինակ: Շիրինի պատկերներով տոգորված են պարսկական, արաբական, անգամ հնդկական մանրանկարները, կարպետները, խցանկարները: Հանճարեղ բանաստեղծների, նկարիչների, գուսանների շնորհիվ միջնադարյան Արեւելքում հայ արքայադուստր Շիրինը հանդիսանում էր կնոջ ազատության հազվադեպ խորհրդանիշը, հաղթահարելով կրոնական խիստ արգելքներն ու հասարակական դաժան ադաթները":