Հայոց պատմության մեջ հիշատակված են շուրջ հարյուր հիսուն թագուհիներ, որոնց մի մասը հայ չէին, ինչպես Տիգրան Մեծի երկրորդ կինը' Միհրդատ Պոնտացու դուստր Կլեոպատրան, կամ հռոմեացիների կողմից հայոց գահին դրված հույն Էրատոն' միակ թագուհին, ում դիմանկարը հասել է մեզ հայկական դրամի վրա դաջված: Հայոց թագով էին պսակվում եւրոպական ազնվագույն տոհմերի դստրերը, որոնք պատիվ էին համարում դարնալ Կիլիկիայի արքաների կանայք: Դրանցից ոմանց մասին մենք դեռ կպատմենք: Սակայն եթե ընտրելու լինենք այս երեքհազարամյա պատմության մեջ հայոց ամենավեհ ու ողբերգական, ամենահիշարժան ու հերոսական կնոջ կերպարը, ես անվերապահորեն կխոնարհվեմ Փառանձեմ թագուհու առաջ:

 


“Սյունյաց աշխարհի զարդը”, ինչպես անվանում էին նրան ժամանակակիցները, Անդովկ իշխանի դուստր Փառանձեմը գահակալել էր մեր պատմության ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ընթամենը կեսդար առաջ քրիսոնեությունն ընդունած երկիրը կանգնել էր դաժան քաղաքակրթական ընտրության առաջ: Արեւմուտքից Հայաստանին սպառնում էր կայսերական Հռոմը, արեւելքից' Սասանյան Պարսկաստանը: Հայերը, ինչպես հաճախ է պատահել մեր պատմության մեջ, պարտադրված էին ընտրություն անել երկու հզոր թշնամական ճամբարների միջեւ: Իրադրության ողջ լրջությունը պատկերացնելու համար անհրաժեշտ է նկատի առնել եւս երկու կարեւոր հանգամանք: Առաջինն այն է, որ հայոց եկեղեցու օտարազգի վերնախավը թշնամաբար էր վերաբերվում հայոց արքաների գլխավորած պետականությանը: Հանձինս հայ կաթողիկոսների ու եպիսկոպոսների, ինչպես նաեւ նրանց սատարող որոշ նախարարների, Հռոմն ուներ Հայաստանում իր շահերը ներկայացնող իշխանական խավեր:

 

Մյուս կողմից, պետք է հիշել, որ դրանից հարյուր տարի առաջ Պարսկաստանում իշխանության եկած Սասանյան զրադաշտ քրմերի տոհմը տապալեց Պարթեւական Արշակունյաց բազմադարյա տիրակալությունը: Սակայն Հայաստանում դեռեւս թագավորում էր նույն Արշակունի ընտանիքի հայկական ճյուղը, ինչը քաղաքական վտանգ էր ներկայացնում Սասանիդների համար: Ահա այսպիսի վտանգավոր հանգամանքներում էր հայտնվել հայ Արշակունիների վերջին սերունդը' արքա Արշակ Երկրորդը, նրա կինը' Փառանձեմ թագուհին, եւ նրանց որդին' Պապ թագավորը:

 


Փառանձեմ թագուհու ճակատագիրն իր վեհությամբ գերազանցում է ցանկացած հունական կամ շեքսպիրյան ողբերգությունները: Փառանձեմը ծնվել էր մոտավորապես 333 թվականին, Սյունաց իշխան Անովկի ընտանիքում, որը ժամանակին իր 20-հազարանոց զորքով դիմակայել էր պարսիկների ներխուժմանը եւ քշել էր զավթիչներին մինչեւ Տիզբոն: Բոլոր աղբյուրների համաձայն, լինելով Հայաստանի ամենագեղեցիկ օրիորդը, Փառանձեմը 17 տարեկանում, 350 թվականին ամուսնանում է երկրի ամենանախանձելի արքայազնի, Գնել Արշակունու հետ: Հեքիաթային սկիզբ ունեցող նրա կյանքը ակնթարթորեն վերածվեց սարսափելի մղձավանջի, երբ երիտասարդ արքայական զույքը դարնում է նենգ դավադրության զոհ: Գնել արքայազնը սպանվում է, իսկ այրի դարձած նորապսակ Փառանձեմը բաժին է հասնում կրքով բռնկված արքա Արշակին:

 

Այսքանն արդեն բավական կլիներ միջնադարյան հռչակավոր վեպի համար, սակայն հայոց պատմությունը ցանկացած երեւակայությունից դաժան է: Սիրածի սպանությունն ու ճակատագրի մարտահրավերն ընդունելով արքայական տոկունությամբ, հայոց նոր երիտասարդ թագուհին ստանձնում է երկրի ու ազգի պատասխանատվությունը այնպիսի քաջությամբ ու արժանապատվությամբ, որ գրեթե աննախադեպ են մեր պատմության մեջ: Երկու տարի անց Փառանձեմը մայրանում է, լույս աշխարհ է բերելով հայոց վերջին Արշակունի ժառանգորգին' Պապ արքայազնին:
Փառանձեմը դաստիարակեց որդուն որպես մեծանուն նախնիների արժանի հետեւորդ: Դատելով երիտասարդ Պապ արքայի գործունեությունից, կարելի է վստահաբար ասել, որ հայոց վերջին Արշակունին լուծում էր իր երկի արջեւ խոյացող ճակատագրական երկընտրանքը միակ հնարավոր ու այսօր էլ արդիական ձեւով:

 

Նա մերժեց ինչպես Արեւելյան, այնպես էլ Արեւմտյան կողմնորոշման վերջնագրերը, փոխարենը վարելով ազգայնամետ, հայաստանակենտրոն քաղաքականությունը, որի համար նա վճարեց կյանքով, սակայն թողեց այն մեզ որպես պատգամ եւ ուղեցույց: Փառանձեմի դերն այստեղ այնքան մեծ էր եւ ակնհայտ, որ եկեղեցական պատմագիր Փավստոս Բուզանդը չքողարկված ատելությամբ ն պնդում է, որ թագուհին ինքն էլ էր վհուկ ու հեթանոս, եւ իր որդուն' Պապին, մանկուց դեւերին է նվիրաբերել: Անուղակիորեն, սա վկայություն է այն մասին, որ Փառանձեմը որդուն ծանոթացնում էր ոչ միայն իշխող քրիստոնեական հավատքին, այլ նաեւ հայ ավանդական մշակույթին եւ նախնիների կրոնական ուսմունքներին:

 

Սա խիստ կարեւոր էր հայ ապագա արքայի համար, քանի որ սովորույթի համաձայն, Արշակը ստիպված էր մանկուց հանձնել իր թագաժառանգ որդուն գերակայող հարեւան երկրի արքունիկ' կրթություն ստանալու պատրվակով: Այսպես, պատանի Պապ արքայազնը պատվավոր պատանդի կարգավիճակով հայտնվեց Հռոմում, ինչպես երեք դար առաջ նրա նախնին' Տիգրան Մեծը, ով 17 տարի պատանդ էր մնացել Պարթեւական արքունիկում: Սակայն, ինչպես եւ Տիգրան արքան, Պապ թագավորը գահակալելուց հետո չհնազանդեց հզոր հարեւանների ճնշմանը եւ վարեց միանգամայն ինքնուրույն, ազգային քաղաքականություն: Դրա համար նա վճարել էր ամենաբարձր գինը, իր կյանքը'ինչպես վայել է իսկական ազգային առաջնորդին: Չհաշտվելով հայոց Արշակունիների փառքի հետ, պարսիկ Սասանիդները շարունակում էին նրանց հետապնդումը:

 

368 թվականին երկարաշունչ ու նենգ դավադրության արդյունքում, օգտվելով հայ եկեղեցականների ու որոշ իշխանների դավաճանական դիրքորոշումից, Շապուհ Երկրորդը խաբեությամբ իր մոտ հրավիրեց Արշակ Երկրորդին եւ նետեց նրան Անհուշ բերդը: Գլխատված ու պառակտված Հայաստանը մնացել էր դեմ-հանդիման երկու հզոր թշնամիների արանքում: Արքան ձեռբակալված էր Պարսկաստանում, արքայազնը պատանդէր պահվում Հռոմում, հայ եկեղեցին քարոզում էր արքայական իշխանությունից ու փաստորեն անկախ պետականությունից հրաժարվելը, նախարարներն ու իշխանները շտապում էին դավադրություն հյուսել Արեւելքի կան Արեւմուտքի հետ:Եւ այդ օրհասական պահին երկրի ու ազգի ճակատագիրն իր ձեռքն է վերցնում հայոց թագուհին' Փառանձեմը: Նա մերժում է հանձնվելու վերջնագիրը, հավաքում է հավատարիմ մնացած վերջին զորքը' թվով 11 հազար զինվոր, եւ պատսպարվում է Արտագերս ամրոցում, շուրջ մեկ տարի դիմակայելով պարսիկների պաշարմանը: Գլխավորելով ազգային դիմադրությունը, թագուհին չի ընթատում պետության կառավարումը. նա ոգեորում է թեւաթափ եղած ժողովրդին ու խստագույն հրովարտակներով դատապարտում է դավաճան նախարարներին ու պառակտիչ կղերականներին: Ավելին, նա ծավալում է խիզախ դիվանագիտական գործունեություն, պատվիրակներ ուղարկելով Հռոմ ու Կոնստանդնուպոլիս եւ պատգամելով իր մահվան դեպքում հայոց արքա ճանաչել իր որդուն'Պապ արքային, խնդրելով քրիստոնյա կայսրին աջակցել նրան զորքով: Այսպես Փառանձեմ թագուհին շահում է թանկարժեք ժամանակը, պահպանելով հայոց պետականությունը սեփական կյանքի գնով: Իսկ կյանքը նրա ավարտվեց ամենասարսափելի ու նվաստացուցիչ կերպով: Հայոց Արշակունիներին արմատախիլ անելու մոլուցքից խենդթացած Շապուհն ի վերջո գերում է Փառանձեմին ու պատմության մեջ աննախադեպ մահապատիժ է մոգոնում հայոց թագուհու համար: Ահա ինչպես է նկարագրել դա Փավստոս Բուզանդը.“ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին եւ թագավորությանը: Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին եւ իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց, եւ այս բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը' Փառանձեմին: Եվ հրամայեց հրապարակում շինել մի սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը, ու բոլորին արձակել նրա վրա' անասնական պիղծ խառնակության համար: Այս կերպ սպանեցին Փառանձեմ տիկնոջը...»

 


Էսքիլեսի, Սոփոկլեսի, Շեքսպիրի կամ Մարկեսի գրչին կարոտ այս ողբերգությունն իր արժանի տեղն ու գնահատականն այդպես էլ չստացավ հայ պատմագրության, մշակույթի ու արվեստի մեջ: Ինչո’ւ: Ի’նչ է պատճառը, որ հայոց Արշակունի վերջին թագուհուն անթաքուն հակակրանքով էին նկարագրում հայ եկեղեցական պատմիչները, անվանելով նրան կախարդ, պոռնիկ, մարդասպան ? Այս տխրահռչակ ավանդույթը պահպանվում էր դարեր շարունակ: Անգամ XIX -րդ դարում նրա ամուսնուն' Արշակ Երկրորդին նվիրված Չուխաջյանի առաջին հայկական օպերայում Փառանձեմ թագուհին հիշատակվում է միայն որպես Արշակի երկրորդ կնոջ' հույն Օլիմպիայի առեղծվածային մահվան պատճառ: Ավելին, այս նույն վերաբերմունքը տարածվեց նաեւ Փառանձեմի որդու' երիտասարդ Պապ արքայի վրա, որին նույն կղերական դասը վերագրում էր բոլոր հնարավոր արատները' համասեռամոլությունից մինչեւ սատանային պաշտելը:

 

Հետաքրքրական է , որ եւ Փառանձեմ թագուհու' պարսիկների կողմից հոշոտելուց հետո, եւ Պապ արքայի' հռոմեացիների կողմից դավաճանական սպանությունից հետո, հայ իշխանների ու եկեղեցականների վեհաժողովը երկու դեպքում էլ որոշում կայացրեց չընդվզել ու չթշնամանալ պարսից շահի եւ հռոմեական կայսրի հետ, քանի որ հայոց թագուհին էլ, թագավորն էլ, ամենայն հավանականությամբ, հեթանոս էին...

 

Ճշմարտությունը կայանում է նրանում, որ Փառանձեմը առաջին ու միակ հայ թագուհին էր, ով դուրս եկավ կնոջ մասին ավանդական պատկերացումներից եւ մարտահրավեր նետեց վախվորած ու դավաճան տղամարդկանց իշխանությանը, միանձնյա գլխավորելով երկրի ու ազգի ազատագրական պայքարը: Դա նրան դարեր շարունակ չէին կարող ներել սույն սին համակարգի ջատագովներն ու գաղափարախոսները: Այնուամենայնիվ, Փառանձեմի օրինակը ոգեշնչեց հազարավոր հայ կանանց, որոնց մասին մենք շարունակում ենք մեր պատմությունը... (continued)

 

 

 

Տիգրան Խզմալյան