ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի «արտաքին քաղաքականության ուրվագծերը» վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաքին կուրսը գոնե կարևորագույն հարցերում առանձնապես չի տարբերվում նախագահի իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի կուրսից: «Արտաքին հարաբերություններում ՀՀ պետական և ազգային ռազմավարական շահերը ներկայումս թելադրում են հավասարակշիռ և կառուցողական հարաբերությունների հաստատում Հարավային Կովկասում ուրույն շահեր հետապնդող բոլոր գերտերությունների (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Եվրամիության անդամ երկրներ) և նրանց կողմից ստեղծված ռազմաքաղաքական և տնտեսական կառույցների հետ»,- նշել է Բագրատյանը: Նույն շեշտադրումները կարելի է հանդիպել Սերժ Սարգսյանի նախընտրական կայքում` «Արտաքին քաղաքականությունը դեպի Ապահով Հայաստան ճանապարհին» բլոկում (http://www.serzhsargsyan.am/chapter3/): Հրանտ Բագրատյանը նշում է, որ «Հայաստանն առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առևտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որևէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ»։ Իշխող ՀՀԿ-ն ևս ակտիվ ինտեգրացիոն քաղաքականության կողմնակից է, ընդ որում` ինչպես եվրոպական, այնպես էլ Եվրասիական ուղղություններում: Նկատենք, որ և՛ Հ. Բագրատյանը, և՛ Սերժ Սարգսյանն այս հարցում գրեթե նույն սկզբունք են առաջ քաշում: Հայաստանն իր պաշտոնական հարաբերություններում ընդգծել է, որ այս երկու ինտեգրացիոն ուղղությունները միմյանց փոխլրացնող են և այս երկու ուղղություններով ակտիվ համագործակցությունը միմյանց չեն հակասում: Հ. Բագրատյանի նախընտրական ծրագրում նշվում է, որ «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է։ Իսկ դա հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում»: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ևս իր հայտարարութւուններում բազմիցս շեշտել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, սակայն այն այս պահին իր հանգուցալուծումը չի ստանում, քանի որ պաշտոնական Անկարան հանդես է եկել նախապայմաններով, ինչն անթույլատրելի է: ԼՂ հարցում. «ԼՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂ և Ադրբեջանի միջև տեղափոխելու դեպքում։ ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»,- նշել է Հ. Բագրատյանը։ ՀՀ նախագահը ոչ միայն իր նախընտրական ծրագրում շեշտել է, որ բանակցային գործընթացի արդյունավետությունը կախված է բանակցություններում Արցախի ներգրավմամբ, այլ նաև ընդգծել, որ Հայաստանն ամեն ինչ անելու է դրան հասնելու համար: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ քաղաքական դաշտում ակտիվանում է Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսակցությունները, ինչին պարոն Բագրատյանը բավականին« ճկուն» անդրադարձ է կատարել` նշելով, որ «ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»: Սա իրականում չի տարբերվում ՀՀԿ դիրքորոշումից, քանզի հասկանալի է, որ Արցախն առանց ՀՀ-ի հետ «խորհրդակցելու» երբեք հանդես չի գա նման առաջարկով: Այսինքն` Հ. Բագրատյանը կարծում է, որ գոնե այս պահին Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը տեղին չէ: Նման օրինակներ էլի կան, սակայն սահմանափակվելով այս դրույթների համեմատությամբ, պետք է ընդգծել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հ. Բագրատյանի և գործող նախագահի մոտեցումները բավականին մոտ են: