Ես անգույն մատներս քսում եմ բարակ շուրթերիդ՝ վերապրելով գերզգայուն համբույրի թաց չափաբաժինը: Ժպիտից ծանծաղ դեմքս, որ րոպեներ առաջ թաղված էր տաք մաշկիդ ծակոտիներում, բարձրացնում եմ վերև, աչքերիդ, շնչիդ այնքան մոտիկ, որ շնորհակալ լինեմ ինձ քեզ մոտ, անսահման մոտ թողնելու և ուրանալու համար: Իմ հակադրություն, իմ հաշտություն, որ փռված ես ներկայիս ու անքեզ երեկվա սահմանին, իմ քմահաճույք, որ սանձել ես տեսիլքներս, որ քեզ ունեն: Սա նման է չվերջացող մի խաղի՝ երկու հանդիսատեսով, երկու մրցակցով: Ես՝ ճանապարհից հոգնած, անուժ տապալվում եմ թևերիդ մեջ տիրաբար ու աղոթող շնորհակալությունս երկինք նետում այս պարզ գիշերին, որ դու ուղարկվել ես ինձ համար, մեզ համար, մեր երջանկության, մեր միաձայն առավոտների ու թաց համբույրների համար:Ես սիրում եմ քեզ, քո համառությունը, քո տունը, սենյակդ, տանդ բանալիները, քո թղթերը, քո հոգսերը, քո ձեռքերն ու այն երկուսին, որոնց շնորհիվ դու դու ես: Ես երախտապարտ եմ նրանց քո կույս գոյության համար, քեզ մեծացնելու, քեզ կյանք բաց թողնելու, ինձ տալու համար: Իմ չհյուսված բառ, իմ հում արև, որ դեռ որքան պիտի ծնկես, մինչև եփվես, մինչև միախառնվենք:Չգրոտված եմ, թեկուզ կիսատ, թեկուզ թվացյալ անիմաստ ու անսեր, բայց դու ես ԻՄԸ, դու ես այն կետը, որին ՊԻՏԻ հասնեմ, որին ձգվում եմ կապանքված նեղացկոտությանս միջից, որին հանձնվում են փակ մտքերիս բանալիները, որին Տիրակալ են հռչակում ապագայի սպասումներս:Կույր է հպարտությունս, կույր են աչքերդ, որ լույսից զրկված չեն թափանցում անդունդը, հատակը սրտիս, վեր հանում ինձ հանգած կրակներից, արդեն հանգած:Ես սեղմվում եմ քեզ այս լքված գիշերվա մթում, զգում եմ սրտիդ հևքը, սեղմվում ավելի, համարձակ մատներդ տանում բարակ շուրթերիս, սեղմվում ավելի, դու բռնում ես մարմնիս դողը, ու մենք տարրալուծվում ենք մեր լռության մեջ: