Այսօր Ղազարոս Աղայանի մահվան 102-րդ տարելիցն է: Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ: Ղազարոս Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1861–62 թթ-ին եղել է գրաշար Թիֆլիսում, 1862–67 թթ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 1867 թ-ին վերադարձել է հայրենիք. նշանակվել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը: Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ: Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են «Հիշողություն», «Ճախարակ», «Սերմնացան», «Մանուշակ» բանաստեղծությունները, «Տորք Անգեղ» պոեմը: Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը («Արեգակ», «Առավոտը գյուղում», «Ճախարակ» և այլն) այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են «Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը: Հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից են Աղայանի «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Աղայանի անունով են կոչվել դպրոցներ և փողոցներ Երևանում, ՀՀ, ԼՂՀ տարբեր բնակավայրերում և ծննդավայրում: Բոլնիս-Խաչենում գործում է գրողի տուն-թանգարանը: Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 4, 1840 - Հունիսի 20, 1911)