-Թեյն էլի դարչինով ես խմում, չէ՞ : Դարչնագույն շարֆդ թեյի գույնի ու,թերևս, տրամադրությանդ հետ սազում ա…Ո՞նց ես : Հա, մոռացա. բարև:
-Սրտատրոփ սպասում էի նամակիդ, ազնիվ խոսք, չեմ խաբում, բայց… Չէ, էլ թեյ չեմ խմում:
-՛՛Ով որ իմ սիրտը գողացել է արդեն հեռու է ինձանից՛՛ …Հախվերդյանին հիշեցի: Թեյ խմելուդ մոլուցքն էլ են գողացել, հա՞ :
-Դու էլի, ինչպես միշտ, հախվերդյանոտ … էլի դեպի սառնություն ես ձգտում:
-Էլի դեպի սառնության եմ ձգտում, էլի շատ եմ ծխում, էլի շատ եմ խմում…չէ…ոնց դու էիր ասում՝ լակում եմ : Լավ էիր ասում : Ժամանակին ամեն ինչ շատ լավ էր…Իսկ հիմա՞, հը՞ :
-՛՛Հիման՛՛ էլ իր լավ կողմերն ունի… Գիտես, ամեն ինչն էլ փոխվեց: Բայց…Բայց էդ անտեր սրտի տրոփյունը կա ու կա: Ինչ անես:
-Սրտի տրոփյուն…Սիրտ ա էլի, հասարակ, կենսաբանական օրգան : Հա, նույնն եմ, նույնը. տափակ, չոր…Գիտես՝ հայացքդ կարոտում եմ: Ձեռքեր, աչքեր,մազեր…Բոլոր էս սենտիմենտալությունների վրա թքած ունեմ: Հայացքդ եմ կարոտում:

-Աչքն էլ ա օրգան …
-Աչքը հայացքի դեմ ոչինչ ա, ջանս:
-Լավ, ես էլ եմ կարոտում, բայց քեզ չէ, հաստատ քեզ չէ, էն հին զգացողություններին եմ կարոտում:
-՛՛Ես քեզ չեմ կարոտում, ես հին զգացողություններն եմ կարոտում՛՛ : Իգական սեռի ամենասիրած ինքնախաբեությունը: Ու դու էս էշ նախադասությանը հավատում ե՞ս:
-Կոկտեյլիս վերջը տվեցի, ձողիկն էլ մի լավ ճմրթվեց:
-Իմ ներկայությունից լարվում ես: Պարանոցիդ շրջանում էդ լարումը միշտ ակնհայտ զգացվում էր: Քեզ թեյահոտ եմ հիշում: Դարչնահոտ-թեյահոտ : Ինչ գնացել ես՝ շատ եմ դարչինով թեյ խմում…Բայց դարչինով թեյը պարանոց չունի, որ երբ հուզվի ու լարվի՝ ձգվի, ու ես հաճույք ստանամ էդ տեսարանից:
-Էլ պարանոցս չի երեւում, աշնանային շարֆ եմ կրում, միշտ… Չորությունդ եմ կարոտում ամենաշատը… Էն որ ասում էիր մի բան, հետո արագ ասում. ՛՛Չնայած սուբյեկտիվ ա…՛՛
-Շարֆ՝ թունդ թեյագույն : Տրամադրությանդ նման թունդ ու տաք: Էս պահը ծխացրեց:
-Դու ստիպեցիր ինձ հիմարի պես ժպտալ, ապրես:
-Ես էդ ժպիտ-մպիդի վրա թքած ունեմ: Էդ սաղ հեչ, դու ասա՝ երբ ենք գնում դարչինով թեյ խմելու : Հա, էն ՝ թեյ խմելու հեքիաթիդ չհավատացի:
-Իմ հեքիաթը քո հեքիաթների դեմ ինչ… Չեմ ուզում նորից կյանքս թունավորել, թող հանգիստ ապրեմ:
-Պատասխանդ ինձ էլ ստիպեց հիմարի պես ժպտալ : Կյանքդ թունավորված չի, ջան, ընդամենը դարչնահոտ ա ու թեյի համ ունի:
-Էլի էն հին, անգույն, անորակ կինոներդ ե՞ս նայում: Սիրում էի դրանք քո հետ նայել, բայց առանձին չէ, մի տեսակ դառն էին… Էլի իմ հիմար ֆիլմերին եմ վերադարձել, էն որ ասում էիր' հոլիվուդյան զիբիլ:
-Ֆիլմերից բան չես հասկանում: Էլի գետնին նստած եմ նայում: Գլուխս հենած սեղանին. աջ կողմում մոխրամանս, իսկ ձախում…Դե ասա, գիտեմ, որ հիշում ես. ի՞նչ էի դնում ձախ կողմում:
-Ինձ:
-Քեզ՝ գարեջրի շշի կողքին : Նախ գարեջրի շիշը, հետո՝ դու : Ապրի խելոքս, ճիշտ ես հիշում:
-Տան կահույքը չես փոխե՞լ: Ժամանակն էր:
- Չէ, նույնն ա…Վաղն ինքդ կհամոզվես: Վաղը թեյում ենք : Նույն ժամին: Նույն տեղում : Էդ հեքիաթներդ գիրքը կդնես թևիդ տակ ու կգաս :
-Կգամ, բայց պիտի խոսք տաս, որ արևագույն վերնաշապիկդ կհագնես.. էն որ ես էի նվիրել… Որովհետև ուզում եմ էն օրերի կարոտս առնել: Հա, քանի չեմ մոռացել. էսօր ծնունդս էր… Սովորությանդ համաձայն' մոռացար:
-Էնքան քո մասին մոռացա,որ սկսեցի էդ մոռացությունից խեղդվել, ու էսօր, երբ քո ծնունդն էր, շատ ուժեղ մոռացա, չդիմացա ու գրեցի քեզ: Որ հիշեցնեմ, որ մոռացել եմ: Վաղը շարֆ չկապես.ուզում եմ պարանոցիդ լարումը տեսնեմ : Վաղը թեյը կատարյալ կլինի՝ դարչնոտ ու քեզնոտ : Վաղը: Հիմար բառ ա : Գնացի ծխեմ: Լավ մնա:
Շնորհակալությունն Աննա Բարսեղյանին ՝ ինձ հետ միասին գրառումը ստեղծելու համար))))