Մինչ օրս քաղաքային տնտեսությունների վերաբերյալ տվյալների պակասը սահմանափակում է ընկերությունների և տնտեսական քաղաքականություն մշակողների կարողությունը հետևելու համաշխարհային տնտեսությունում քաղաքների աճող դերին և համապատասխանաբար դիրքավորելու իրենց բիզնեսն ու քաղաքական միջոցառումները: Այս ճեղքվածքը փակելու համար Մակքինզի համաշխարհային ինստիտուտը (McKinsey Global Institute) և McKinsey & Company-ի բիզնես և տնտեսական հետազոտությունների բաժինը իրականացրել են Չինաստանի, Հնդկաստանի և Լատինական Ամերիկայի ուրբանիզացիայի ընդարձակ ուսումնասիրություն (http://www.mckinsey.com/mgi/publications/urban_world/index.asp) և ձևավորել 2000 քաղաքային գոտիների վերաբերյալ տվյալների բազա' ամենամեծն իր տեսակի մեջ: Վերլուծության ենթարկելով ժողովրդագրական, եկամուտների փոփոխության միտումները' հավաքագրված տվյալներ արժեքավոր պատկերացում են տալիս այն ընտրությունների մասին, որոնց առջև կանգնելու ընկերությունները նոր շուկաներ փնտրելիս և տնտեսական քաղաքականության համար պատասխանատուները քաղաքների կառավարման բարելավման ուղիներ որոնելիս: Ստորև ներկայացնում եմ նրանց հետազոտության որոշ բացահայտումներ և կանխատեսումներ:

Այսօր քաղաքներում ապրում է աշխարհի բնակչության կեսը, որտեղ ստեղծվում է համաշխարհային համախառն արդյունքի ավելի քան 80 տոկոսը: Սակայն քաղաքային տնտեսությունների կենտրոնացվածության մակարդակն ավելի բարձր է: Միայն խոշորագույն 600 քաղաքային կենտրոններում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության մեկ հինգերորդը, ստեղծվում է համաշխարհային համախառն արդյունքի (ՀՀԱ) 60 տոկոսը: 2025 թվականին նրանք կարտադրեն նույն 60 տոկոսը, բայց տարբեր կլինեն քաղաքային ձգողության կենտրոնները:

Այսօր զարգացած երկրների գլխավոր քաղաքային տարածքներն անկասկած տնտեսական հսկաներ են: Աշխարհի խոշորագույն 600 քաղաքներից 380-ը զարգացած տարածաշրջանների քաղաքներ են, որոնց 2007 թվականին բաժին էր ընկնում ՀՀԱ-ի 50 տոկոսը, ընդ որում ՀՀԱ-ի 20 տոկոսը' միայն Հյուսիսային Ամերիկայի քաղաքներին: Զարգացող տարածաշրջանների 220 խոշորագույն քաղաքների մասնակցությունը ՀՀԱ-ին կազմում է 10 տոկոս, այդ թվում Չինաստանի քաղաքներինը' 4 տոկոս, և Լատինական Ամերիկայի քաղաքներինը' 4 տոկոս: Բոլոր տարածաշրջանների 23 մեգաքաղաքներում, որոնք ունեն ավելի քան 10 միլիոն բնակչություն, 2007 թվականին ստեղծվել է ՀՀԱ-ի 14 տոկոսը:

Հետագա 15 տարիների ընթացքում խոշորագույն 600 քաղաքների կազմն ու կառուցվածքը կփոփոխվի. ձգողության կենտրոնը կտեղափոխվի արևելք և հարավ: Մինչև 2025 թվականը կանխատեսվում է 136 նոր քաղաքների մուտքը խոշորագույն 600-ի մեջ' բոլորն էլ զարգացող երկրներից: 136 քաղաքներից 100-ը կլինեն Չինաստանից: Հնդկաստանից կմիանան 13 նոր քաղաքներ, իսկ Լատինական Ամերիկայից' 8-ը:

Առաջիկա 15 տարիների ընթացքում ՀՀԱ աճին մասնակցության չափով 100 առաջատար քաղաքներին բաժին կընկնի ՀՀԱ-ի աճի շուրջ 35 տոկոսը, իսկ 600 խոշորագույն քաղաքներին' 60 տոկոսը: 600-ի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդող 400 քաղաքներին բաժինն է ընկնում միայն 6 տոկոսը: Կանխատեսվում է, որ Թոփ 600-ի գումարային ՀՆԱ-ն 2007-2025 ժամանակահատվածում կավելանա 35 տրլն ԱՄՆ դոլարով:

Տնտեսական աճի որոնումները բիզնեսի համար թիրախային քաղաքների այլ պատկեր են տալիս: Քաղաքների այդ խմբի կազմում կա մոտ 230 քաղաք, որոնք այսօր չեն մտնում Թոփ 600-ի մեջ. բոլորն էլ զարգացող տարածաշրջանների քաղաքներ են' 150,000-10,000,000 բնակչությամբ: Այնուամենայնիվ սխալ կլինի ենթադրել, որ տնտեսական աճը գալու է բացառապես զարգացող երկրներից: 2007-2025թթ. Հյուսիսային Ամերիկային արագ աճող 98 քաղաքների մասնակցությունը համաշխարհային աճին կկազմի մոտ 10 տոկոս: