Բառերը չորացան կոկորդում, որովհետև երազից արթնացում տանող ճանպարհին կուլ էր տվել կարոտի ճիչը: Ուսը բոթել էին ամենակոպիտ հրումով: Համարյա վեր թռավ տեղից, բայց անմիջապես հասկացավ, որ իրենից կես մետրից էլ հեռու պառկած ամուսինը չէր կարող իրեն արթնացնել, քանի որ երկուսի համար էլ մեջք մեջքի դարձրած քնելը ելք էր աչքերի մեջ չնայելու համար: Երեխաները վաղուց իրենց սենյակում չէին քնում: Սենյակի պատերին քարացած սուգ կար: Միշտ էլ նկատել էր, որ անշունչներն ավելի երկար ու հավատարիմ են սգում կորուստները: Շնչավորները կարողանում են մարմինը մխիթարելով, կուրացնել հիշողությունը: Ամեն բան նույնն էր: Մութ էր առաստաղը, պատերին՝ նույն գիշերն էր, ինչ որ քսան տարի առաջ: Բայց իրեն բոթելով էին արթնացրել ու չէին ներկայացել: Նա ետ գցեց ցցված գլուխը, մազերը նորից թափեց մթության մեջ ճերմակով փայլող բարձին: Միշտ նայել է առաստաղին ու փնտրել է այն հարցի պատասխանը, որը դեռ ձևակերպում չուներ: Ոտնաձայն լսեց ու հետո տեսավ: Մեկը սահմանը խախտեց: Քայլեց, առաստաղի մութը ստվերոտ ոտքով տրորելով: Սարսափը կոկորդին սեղմվեց, ստիպեց անշարժանալ ու դիտել: Անմիջապես հասկացավ, որ ինչ որ մի տեղ մեկը չի կարողանում քնել ու ինքը դրա հետ կապ ունի: Աչքերը թափառեցին, սահեցին առաստաղի վրայով, գտան դռան վերևի անկյունը: Եթե փախչի, մի քանի շարժում է հարկավոր անել դրա համար, ելքին հասնելու հնարավորություն գրեթե չկա: Վախին հավասար ցավ ապրեց. մենակ էր ուզում փախչել:Իսկ ոտնաձայնն ու խուլ հառաչող կուրծքը հիմա այնքան մոտ էին, որ մաշկը մրմռում էր դիպչելու ցանկությունից: Նա խոսում էր, բայց տարածությունը փոշոտ ճանպարհին կուլ էր տալիս բառերն ու միայն արձագանքն էր բերում իր ականջներին: Հետո ծխի հոտը խանձեց գիտակցությունը: Քայլերը ավելի արագացան, մարելով ու դոփելով անհայտության միջանցքում: Զարմանալին, ամենազարմանալին այն էր, որ ամբողջ ընթացքում, քանի դեռ ոտնաձայնն ու հառաչանքը որոշակի ու շոշափելի էին դառնում, իր սեփական մարմինը ընդգծվում էր մթության մեջ: Լսե՞լ եք երբևէ, թե ոնց է արյունը խշշում երակների մեջ, տրոփյունը փոխանցելով հրաշքից խենթացած գիտակցությանը: Արագ-արագ թարթեց աչքերը: Նորից ծխի հոտն ու մի խոնավ բույր սեփական շուրթերին: Ինչու՞ աղի…Այս անգամ այնքան կարևոր էր դա, որ նա արագ ցատկեց տեղից: Ոտքերը թմրած էին..նորից: Կանանց մի երազող տեսակ կա, որ ամբողջ օրը չի կարողանում իրականացնել իր երազանքի պարաքայլը ու ամեն առավոտ արթնանում է սավանի ամպերը ոտքերին փաթաթված: Բայց պետք էր արագ ուշքի բերել ոտքերը: Անտանելի մի գլխապտույտ սկսվեց, երբ տեսավ, որ սենյակի կեսը, ուղիղ կեսը լուսավոր է: Աղոտ լույս էր, գրեթե՝ կապույտ: Իսկ իր սենյակում երբեք լուսամփոփ չէր եղել, արդեն քսան տարի: Լույսի գծերով նոր գույն ու պաստառ հիշեցնող նախշեր էին գծվել: Օտար սենյակի կեսը հիմա իր սենյակում էր: Նա փնտրեց հողաթափերը, չգտավ…արագ իջավ մահճակալից, բայց նորից հրվեց ետ ու, մինչ ձեռքին կստիպեր բարձրանալ ու ճակատից ետ տանել մազերը, աչքերը մրմռացին: Սենյակում դեռ ծխում էին, հառաչում ու աղի համը փոխանցում իր դողացող շնչին:Որքան հարազատ էր այդ համը: Ձախ ուսը սեղմվեց: Մեկը զգույշ գլուխը հենեց հարթ մաշկին, շնչեց հենց ականջի մոտ ու կանչեց ծանոթ ձայնով.«Որտե՞ղ ես, ե՞րբ ես գալու: Զզվել եմ…»: Նա անցել էր սահմանը, կեսերը ոտնահարած, փոշին հպարտ ափերով քերած ու մաքուր հոգով: Էլ չէր ծխում, արդեն շնչում էր տաք ուսին հպած հարազատ կարոտն ու հանգիստ վայելում էր թմրած մեղքերը մաքրող աղոթքը: Աստծո ձայնն ու իրեն էր փնտրում, հարազատի իրավունքով պահանջում էր ամուր քայլերով ոտնաթաթերը սեղմել իր ուժեղ ափերին: Լույսը ավելի թաքնվեց, սենյակը կիսող գծերը շաղվեցին: Շունչը սուլոցի նման էր արդեն ու քունը դանդաղ կյանք էր վերադառնում: Ոչ մի շարժում չէր կարողանում անել, ուսը չէր հոգնում, վայելում էր խոնավ մազերից տարածվող այնքան ծանոթ բույրը: Երբ շնչառությունից հասկացավ, որ արդեն խորը քնած է, թեթևակի շրջեց երեսը, փորձեց տեսնել նրան: Դիմագծերը չտեսավ, բայց կզակի վրա իր մատնահետքերն էին, որ երկար տրորելով փորձել էին ջնջել սիգարետի ու գարեջրի հետքերը: Ամբողջ մարմնով զգաց, թե ոնց են խրտնած շուրթերը ետ փախել հաճելի հոտով շրթներկի հպումից ու ոտքը մի կողմ է հրել դատարկ շիշը: Հետո հիասթափությունից խոնավ կոպեր՝նորից աղի, նորից թանկ…Աջ ձեռքի մատները դանդաղ, բայց ուղիղ գծով կտրեցին մութը, հասան այտին ու, դիպչելով, ցնցվեցին:Մինչև մազերի ծայրերը զգաց այդ ցնցումը, արագ խոնարհվեց, շուրթերին առավ նրա ժպիտը: Ծույլ, ատամները դանդաղ մերկացնող ժպիտ էր, աղի համ ուներ ու այնքան չարաճճի փայլ, որ սիրտը սեղմվեց: Իսկ նա հաստատ ժպտում էր իր գիժ գանգուրների հպումից վարակված: Հենց արթնանար իրական գրկում, մատները կդիպչեին մազերի ծայրերին ու բառերն այս անգամ չէին մոլորվի անհայտության միջանցքում: Նա հայացքն անշարժ ու տագնապով հառել էր պատուհանին: Թող երբեք լույսը չգողանա նրան: Թափառական ձեռքերով կսեղմի կոպերը, բայց հայացքը չի փրկի օրվա լույսից: Լուսաբացը լցվեց ներս: Սողաց, նրա ոտքերին հասավ, անդամահատելու նման մաս-մաս պոկեց հարազատին հարազատից ու, քարշ տալով տարավ:
Սեղանին մի լիքը գավաթ կաթ կար ու տաքանում էր սպասումից: Նա սառած կանգնել էր, մեջքով դեպի իրականություն: Դանդաղ հաշվում էր նրա ոտնաձայները, որ դեռ հնչում էին գիտակցության մութ առաստաղին: Ուսը ցավում էր, այդ օրվանից սկսեց այնքան ցավել, որ վիրավոր էր: Բաց վերքի զգացողությունն էր տանջում: Քմծիծաղով կուլ էր տալիս արցունքներն ու ցավազրկող դեղահաբերը: Աջ ձեռքով միշտ գրկում էր ձախ ուսն ու թևը, որպեսզի ոչ մի աչք ու մարմին չդիպչեն նվիրական կարոտին: Նա այնտեղ ամենաթանկն էր պահում, այդ ուսով փորձել էր վանդակաճաղեր փշրել ու վիրավոր էր: Բայց գիտակցությունն անօգնական էր: Փախուստի ծրագիր մշակելու ուժ չուներ: