Բառերը չորացան կոկորդում, որովհետև երազից արթնացում տանող ճանպարհին կուլ էր տվել կարոտի ճիչը: Ուսը բոթել էին ամենակոպիտ հրումով: Համարյա վեր թռավ տեղից, բայց անմիջապես հասկացավ, որ կես մետրից ոչ մոտ պառկած ամուսինը չէր կարող իրեն արթնացնել, քանի որ երկուսի համար էլ մեջք-մեջքի դարձրած քնելը ելք էր աչքերի մեջ չնայելու համար: Երեխաները վաղուց իրենց սենյակում չէին քնում: Սենյակի պատերին քարացած սուգ կար: Միշտ էլ նկատել էր, որ անշունչներն ավելի երկար ու հավատարիմ են սգում կորուստները: Շնչավորները կարողանում են մարմինը մխիթարելով կուրացնել հիշողությունը: Ամեն բան նույնն էր: Մութ էր առաստաղը, պատերին նույն գիշերն էր, ինչ որ քսան տարի առաջ: Բայց իրեն բոթելով էին արթնացրել ու չէին ներկայացել: Նա ետ գցեց ցցված գլուխը, մազերը նորից թափեց մթության մեջ ճերմակով փայլող բարձին: Միշտ նայել է առաստաղին ու փնտրել է այն հարցի պատասխանը, որը դեռ ձևակերպում չուներ: Ոտնաձայն լսեց ու հետո տեսավ: Մեկը խախտեց սահմանը: Քայլեց՝ առաստաղի մութը ստվերոտ ոտքով տրորելով: Սարսափը կոկորդին սեղմվեց, ստիպեց անշարժանալ ու դիտել: Անմիջապես հասկացավ, որ ինչ-որ մի տեղ մեկը չի կարողանում քնել, ու ինքը դրա հետ կապ ունի: Աչքերը թափառեցին, սահեցին առաստաղի վրայով, գտան դռան վերևի անկյունը: Եթե փախչի, մի քանի շարժում է հարկավոր անել դրա համար, ելքին հասնելու հնարավորություն գրեթե չկա: Վախին հավասար ցավ ապրեց. մենակ էր ուզում փախչել: Իսկ ոտնաձայնն ու խուլ հառաչող կուրծքը հիմա այնքան մոտ էին, որ մաշկը մրմռում էր դիպչելու ցանկությունից: Նա խոսում էր, բայց տարածությունը փոշոտ ճանապարհին կուլ էր տալիս բառերն ու միայն արձագանքն էր բերում իր ականջներին: Հետո ծխի հոտը խանձեց գիտակցությունը: Քայլերն ավելի արագացան՝ մարելով ու դոփելով անհայտության միջանցքում: Զարմանալին, ամենազարմանալին այն էր, որ ամբողջ ընթացքում, քանի դեռ ոտնաձայնն ուհառաչանքը որոշակի ու շոշափելի էին դառնում, իր սեփական մարմինը ընդգծվում էր մթության մեջ: Լսե՞լ եք երբևէ, թե ոնց է արյունը խշշում երակների մեջ՝ տրոփյունը փոխանցելով հրաշքից խենթացած գիտակցությանը: Արագ-արագ թարթեց աչքերը: Նորից ծխի հոտն ու մի խոնավ բույր սեփական շուրթերին: Ինչու՞ աղի…Այս անգամ այնքան կարևոր էր դա, որ նա արագ ցատկեց տեղից: Ոտքերը թմրած էին... նորից: Կանանց մի երազող տեսակ կա, որ ամբողջ օրը չի կարողանում իրականացնել իր երազանքի պարաքայլը ու ամեն առավոտ արթնանում է՝ սավանի ամպերը ոտքերին փաթաթված: Բայց պետք էր արագ ուշքի բերել ոտքերը: Անտանելի մի գլխապտույտ սկսվեց, երբ տեսավ, որ սենյակի կեսը, ուղիղ կեսը լուսավոր է: Աղոտ լույս էր՝ գրեթե կապույտ: Իսկ իր սենյակում երբեք լուսամփոփ չէր եղել արդեն քսան տարի: Լույսի գծերով նոր գույն ու պաստառ հիշեցնող նախշեր էին գծվել: Օտար սենյակի կեսը հիմա իր սենյակում էր: Նա փնտրեց հողաթափերը, չգտավ… Արագ իջավ մահճակալից, բայց նորից հրվեց ետ ու, մինչ ձեռքին կստիպեր բարձրանալ ու ճակատից ետ տանել մազերը, աչքերը մրմռացին: Սենյակում դեռ ծխում էին, հառաչում ու աղի համը փոխանցում իր դողացող շնչին: Որքա՜ն հարազատ էր այդ համը: Ձախ ուսը սեղմվեց: Մեկը զգույշ գլուխը հենեց հարթ մաշկին, շնչեց հենց ականջի մոտ ու կանչեց ծանոթ ձայնով. «Որտե՞ղ ես, ե՞րբ ես գալու: Զզվել եմ…»: Նա անցել էր սահմանը՝ կեսերը ոտնահարած, փոշին հպարտ ափերով քերած ու մաքուր հոգով: Էլ չէր ծխում, արդեն շնչում էր տաք ուսին հպած հարազատ կարոտն ու հանգիստ վայելում էր թմրած մեղքերը մաքրող աղոթքը: Աստծո ձայնն ու իրեն էր փնտրում... Հարազատի իրավունքով պահանջում էր ամուր քայլերով ոտնաթաթերը սեղմել իր ուժեղ ափերին: Լույսը ավելի թաքնվեց, սենյակը կիսող գծերը շաղվեցին: Շունչը սուլոցի նման էր արդեն, ու քունը դանդաղ կյանք էր վերադառնում: Ոչ մի շարժում չէր կարողանում անել, ուսը չէր հոգնում, վայելում էր խոնավ մազերից տարածվող այնքան ծանոթ բույրը: Երբ շնչառությունից հասկացավ, որ արդեն խորը քնած է, թեթևակի շրջեց երեսը՝ փորձելով տեսնել նրան: Դիմագծերը չտեսավ, բայց կզակի վրա իր մատնահետքերն էին, որ երկար տրորելով փորձել էին ջնջել ծխախոտի ու գարեջրի հետքերը: Ամբողջ մարմնով զգաց, թե ոնց են խրտնած շուրթերը ետ փախել հաճելի հոտով շրթներկի հպումից, ու ոտքը մի կողմ է հրել դատարկ շիշը: Հետո հիասթափությունից խոնավ կոպեր՝ նորից աղի, նորից թանկ… Աջ ձեռքի մատները դանդաղ, բայց ուղիղ գծով կտրեցին մութը, հասան այտին ու, դիպչելով, ցնցվեցին: Մինչև մազերի ծայրերը զգաց այդ ցնցումը, արագ խոնարհվեց, շուրթերին առավ նրա ժպիտը: Ծույլ, ատամները դանդաղ մերկացնող ժպիտ էր, աղի համ ուներ ու այնքան չարաճճի փայլ, որ սիրտը սեղմվեց: Իսկ նա հաստատ ժպտում էր՝ իր գիժ գանգուրների հպումից վարակված: Հենց արթնանար իրական գրկում, մատները կդիպչեին մազերի ծայրերին, ու բառերն այս անգամ չէին մոլորվի անհայտության միջանցքում: Նա հայացքն անշարժ ու տագնապով հառել էր պատուհանին: Թող երբեք լույսը չգողանա նրան: Թափառական ձեռքերով կսեղմի կոպերը, բայց հայացքը չի փրկի օրվա լույսից: Լուսաբացը լցվեց ներս: Սողաց, նրա ոտքերին հասավ, անդամահատելու նման մաս-մաս պոկեց հարազատին հարազատից ու քարշ տալով տարավ:
Սեղանին մի լիքը գավաթ կաթ կար ու տաքանում էր սպասումից: Նա սառած կանգնել էր՝ մեջքով դեպի իրականություն: Դանդաղ հաշվում էր նրա ոտնաձայները, որ դեռ հնչում էին գիտակցության մութ առաստաղին: Ուսը ցավում էր, այդ օրվանից սկսեց այնքան ցավել, որ վիրավոր էր: Բաց վերքի զգացողությունն էր տանջում: Քմծիծաղով կուլ էր տալիս արցունքներն ու ցավազրկող դեղահաբերը: Աջ ձեռքով միշտ գրկում էր ձախ ուսն ու թևը, որպեսզի ոչ մի աչք ու մարմին չդիպչեն նվիրական կարոտին: Նա այնտեղ ամենաթանկն էր պահում, այդ ուսով փորձել էր վանդակաճաղեր փշրել ու վիրավոր էր: Բայց գիտակցությունն անօգնական էր: Փախուստի ծրագիր մշակելու ուժ չուներ:
Նազիկ Հակոբյան