Որ ասում եմ՝ դեռ գեղ ենք, նեղանում եք... Երկու տարի առաջ քեռուս վրաերթի էին ենթարկել, ու շատ ծանր վիճակում նա մոտ մեկ ամիս պառկած էր Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում։ Ամեն անգամ հիվանդանոց գնալուց ավելի շատ նյարդայնանում էի ոչ թե նրանից, որ քեռիս այդ վիճակով հիվանդանոցում է, այլ նրանից, թե ծանրագույն վիճակում գտնվող տասնյակ հիվանդների մոտ ինչքան մարդ էր մտնում վերակենդանացման բաժանմունքի ղեկավարին կամ պատասխանատու բժշկին ճնշելուց, միջնորդ գտնելուց կամ էլ սանիտառկի գրպանը մի 1000 դրամ դնելուց հետո։ Ինչու՞ սա հիշեցի։ Ի՞նչ կապ ունի Հայրկիյանն է վերակենդանացման բաժնում, թե Պողոսյանը, քաղաքական կուսակցության ղեկավար է, նախագահի թեկնածու, թե սովորական մի բանվոր... Վերակենդանացման բաժնում պառկած են ծանր հիվանդ տասնյակ մարդիկ, ու երեկ մի 100 հոգի մտել է Հայրիկյանի մոտ՝ իրենց հետ տանելով բոլոր հնարավոր ինֆեկցիաները, որոնք կարող են ճակատագրական լինել այդ բաժանմունքում գտնվող հիվանդների համար։ Ասենք Տիգրան Սարգսյանը կամ Հովիկ Աբրահամյանը մտան, լավ, ջհանդամ, մեծ վերապահումով համարվում են երկրի առաջին դեմքեր, բա Աշոտյանը, Բագրատյանը, նախագահի մյուս թեկնածուներ ու նախարարներ, եսիմ ինչ շուն ու շանգյալներ... Բա այդտեղ գտնվող առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կամ հիվանդանոցի գլխավոր բժիշկը չպե՞տք է ասի՝ մի րոպե, ընկերներ ջան, էս ինչ եք անում, մի հատ դուրս բոլորդ, հետո՞ ինչ Հայրիկյանն է, բա մյուս հիվանդները, որոնց առնվազն հանգիստ է պետք... Էս տնայնավարությունն ու ախպերվարությունը դարձել են անտանելի... Որ ասում եմ՝ դեռ գեղ ենք, նեղանում եք...