Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել: Իրադրային այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով:
Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը տեղակայումից անմիջապես հետո:
Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլ հարևան Իրանն ու ՌԴ-ն:
Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է' սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից:
ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ:
Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է' սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել:
Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում:
Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը' հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է»: