Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գարեգին Նժդեհի ստորև բերված տողերն արժանի են, որ փակցվեն հայկական դպրոցների դասասենյակներում։
Առհասարակ, Գարեգին Նժդեհը կլիներ մեծ պատմաբան, հատկապես ռազմական պատմաբան, եթե ինչ-որ պահից իրեն նվիրեր գիտությանը։

Այդ են փաստում Հայոց պատմության մասին նրա բազմաթիվ քննախույզ դիտարկումները։ Ահա, օրինակ, մեր անցյալի, Ոսկեդարի, Եղիշեի և Ավարայրի մասին նրա տված խորահայաց գնահատականները, որոնք սրբում-տանում են օտարի ստրուկ դարձած կեղծարարների մաղձն ու կեղտը։

«Բարոյական մեծություններով և փառքի գործերով հարուստ է մեր պատմությունը:
Նա ունի փառահեղ էջեր՝ մեր Ոսկեդարը:

Եղիշեի և իր անմահ ժամանակակիցների դարը հերիք պիտի լիներ, եթե գունատված չլիներ մեր հիշողության մեջ, մեր ժողովրդի սրտի մեջ վառ պահելու հայրենասիրության բոցը:
ԱՎԱՐԱՅՐԸ ԿՄՆԱ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԵՀԱՓԱՌ ԳՈՐԾԵՐԻՑ ՄԵԿԸ:
ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԽԻԶԱԽՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԴՅՈՒՑԱԶՆԱԿԱՆ ԽՈՅԱՆՔՆԵՐՈՎ ՆԱ ԱՎԵԼԻ ՎԵՀ Է ՈՒ ԳԵՂԵՑԻԿ, ՔԱՆ ՄԵՐ ԴԱՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՆԵՐԸ։
Անմահ էջեր ունի և մեր նորագույն պատմությունը:

Նոր և հերոսական Ավարայրներ շա՜տ և անմահ մեռելների մի ամբողջ պլեադա՝ նահատակներ, մեծ իրենց գործերով, հրահանգիչ իրենց բարձր նկարագրով:
Կա՛, կա՛ այդ բոլորը, կա՛ այն, որն իրավունք է տալիս մարդկային մի զանգվածի ազգ կոչվելու»
(Գ. Նժդեհ. Էջեր իմ օրագրեն։ Գահիրէ. Տպարան «Յուսաբեր», 1924, էջ 63-64)։

Եվ սա գրվել է 1924 թվականին, այսինքն՝ Առաջին աշխարհամարտի ահռելի ճակատամարտերից, Ռուսական աշխարհացունց հեղափոխությունից ու քաղաքացիական մեծ պատերազմից հետո։ Այո, այդպիսին է Ավարայրը։ Եվ հենց այդ պատճառով էլ հայոց թշնամիներն ու մեզանում հայտնված նրանց վարձու գործակալները փորձում են վարկաբեկել Ավարայրի արժեքն ու նսեմացնել նրա «հաղթական նահատակներին» ու նախևառաջ նրանց զորավարին՝ մեծն Վարդան Մամիկոնյանին։

Չեք հաջողելու, ողորմելինե՛ր»։