2008 թվականի հուլիսի 12-ին ստեղծվեց «Հանրային խորհուրդ» կոչվող կառույցը, որի նպատակն էր «հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը' իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց»:
Անցել է 5 տարի, և արդեն իսկ կարող ենք պատասխանել հարցին, թե արդյո՞ք այս կառույցը արդյունավետ կերպով ծառայում է իր նպատակին: Թեպետ Խորհրդի կազմը իսկզբանե պատրանքներ չստեղծեց, որ այն կարող է ակտիվ կառույց լինել, այնուամենայնիվ որոշակի հույսեր, չեմ թաքցնում, ունեի: Բայց այսօր, իմ կարծիքով, պետք է արձանագրել որ հասարակություն-Հանրային խորհուրդ կապը գրեթե բացակայում է:
Հասարակության մտահոգությունները և կարծիքները իմանալու լավագույն միջոցներից մեկը համացանցն է, որում, կարծում եմ, պետք է ակտիվորեն ներգրավված լինեին Հանրային խորհրդի անդամները: Տեսնո՞ւմ եք նրանց քննարկումներում, հանդես գալի՞ս են հարցումներով և նախաձեռնություններով:
Էլ չասած, որ եթե ցանկանում եք կապ հաստատել և որևէ բան հայտնել Հանրային խորհրդին, այդ կառույցի հետ կապի միակ միջոցը «հասցե, հեռախոսահամար, էլ.փոստ» ձևաչափն է, որը տեղադրված է պաշտոնական կայքում: Այսինքն քննարկումները, առաջարկությունները թափանցիկ, բաց ու մատչելի չեն լայն հասարակության համար: Շատ ավելի լավ կլիներ, որ այդ կապը ավելի աշխույժ ու բաց լիներ: Գուցե արժե՞ Խորհրդի անդամներին մտածել հասարակությանը մերձենալու ուղղությամբ...