
ՌՈԶԻ ԱՐՄԵՆ. «ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ»…
Ռոզի Արմենը ծնվել է 1943 թվականի մայիսի 1-ին, Փարիզում, Ցեղասպանությունից մազապուրծ Խուրշուդ Հովհաննիսյանի ընտանիքում:
Նախիջևանում ծնված Խուրշուդ Հովհաննիսյանը և Անկարայի արվարձաններից մեկում ծնված Նվարդ Ալոզյանը, Մեծ եղեռնից հետո 20-ական թվականներին գաղթում են Փարիզ ու հետո հանդիպելով՝ ընտանիք կազմում: Ռոզիի ծնողները ցանկանում էին, որ իրենց դուստրը բժշկի մասնագիտությունն ընտրեր, սակայն 4-ամյա Ռոզին սկսեց երգել, ու սերը դեպի երաժշտությունն ու կատարողական արվեստը հաղթանակեց, և Ռոզի Հովհաննիսյանը (այնուհետեւ Պետրոսյան) վերջնականապես ընտրեց երգի ուղին՝ կնքելով իրեն Ռոզի Արմեն:
«Երգը մանկուց է իմ մեջ, եւ առանց դրա ես չեմ կարող ապրել: Երգել եմ եւ երգելու եմ շարունակ: Երբ զգում ես, որ դու ժողովրդի կարիքը ունես, ժողովուրդը քեզ սիրում է, ծափերով է ողջունում քեզ, դու պարտավոր ես գոհացնել նրան: Ես շատ ուրախ եմ, որ 14 տարվա դադարից հետո Հայաստանի իմ հանդիսատեսը, իմ երկրպագուներն ինձ չեն մոռացել: Վկան. երբ մենք շրջում էինք քաղաքում, մարդիկ ճանաչում էին ինձ ու ջերմ զրույցի բռնվում ինձ հետ: Իսկ երբ 3 օր չարչարվելուց հետո մառախլապատ եղանակի պատճառով Փարիզից մեր օդանավը վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, պիտի տեսնեիք, թե ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ էր դիմավորում ինձ, եւ հենց դա էլ ինձ պարտադրում է մշտապես գոհացնել իմ հանդիսատեսին»:- Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ այսպես խոսեց Ռոզի Արմենը՝ հաստատելով այն մեծ ճշմարտությունը, որ տարիներ շարունակ ինքն ապրել է երգով ու ժողովրդի սիրով, որ այդ սերն է իրեն ուժ ու կորով տվել:
Չորս տարեկան հասակում Ռոզին կանգնել է դպրոցական նվագախմբի առջև և ղեկավարել այն: Զարմանալ կարելի է՝ չորս տարեկան և… դպրոցական նվագախմբի ղեկավար: Հետո արդեն հանդես է եկել դպրոցական երգչախմբում և երկար ժամանակ երգել՝ մեկընդմիշտ երգը դարձնելով իր համար կյանքի նշանաբան: Շուտով հանդես է եկել հիվանդանոցներում, ընդամենը 12 տարեկան՝ կազմակերպել շոուներ հիվանդների համար: Ամենուրեք փոքրիկ երգչուհուն ընդունել են սիրով, Ռոզին դարձել է բոլոր համերգների հոգին:
1961 թվականին արդեն առաջին անգամ հանդես է եկել ֆրանսիական ազգային հեռուստատեսությամբ, ձայնագրել իր առաջին ձայնասկավառակն ու դարձել նշանավոր: Երգչուհու առաջին հաջողությունները ոգևորել են նրան և հարազատներին, ֆրանսիական էստրադա բերել մի չափազանց ինքնատիպ անուն, Ռոզիին տարբերել արդեն նշանավոր դարձած անուններից: Ֆրանսիան էստրադային երգն ընկալում և ընդունում էր Էդիթ Պիաֆի մաներայնությամբ և սկզբունքներով, Ֆրանսիայի համար ընդունելի էին կատարման այն ձևերը, որոնք բերել ու հաստատել էին Ազնավուրը, Ժակ Բրելը, Միրեյ Մաթիեն: Ռոզի Արմենն իր տաք արևելյան երգեցողությամբ հայտնություն էր ֆրանսիական էստրադայի համար, նա ժխտում էր կատարման մի շարք ավանդույթներ և հաստատում սեփական ներկայությունը, գլխավորապես դիմում քնարական երգերի կատարմանը՝ առաջնային դարձնելով հույզի գերակայությունը: Շարլ Ազնավուրը, լսելով Ռոզի Արմենի կատարումները, գրեց. «Ռոզին ունի շատ մելամաղձոտ ձայն, նուրբ քնարականություն: Հաճույքով եմ լսում նրան: Ֆրանսիայում ծնված այս աղջիկն ամբողջապես հայ է, հայի թախիծ կա նրա երգեցողության մեջ»:
Ֆրանսիացու դեմքով հայուհին, ում երգերից հայկական զգացմունքայնություն է հորդում, հետո՝ տարիներ անց, ասաց. «Նոր երաժշտությանը լավ ծանոթ չեմ: Իմ երգացանկում, իհարկե, ֆրանսիական երգերն են շատ, բայց ամեն անգամ երբ Հայաստան եմ գալիս, ուզում եմ հայերեն երգեր երգել: Ես Փարիզում եմ ծնվել եւ դաստիարակվել եմ ֆրանսիական մշակույթով: Անշու´շտ այդպես պետք է լիներ, քանի որ ես ֆրանսիական դպրոց եմ գնացել: Հայկական դպրոցներ այն ժամանակ չկային, կարող էինք շաբաթը միայն մեկ օր հաճախել հայերենի դպրոց, բայց հասկանում էինք, որ պետք է անպայման սովորենք մեր լեզուն»: Նա սովորեց մեր լեզուն, սովորեց մեր երգերը և այնպես կատարեց դրանք, որ հիացրեց ողջ աշխարհը: Հետո մեր լեզվի մասին արդեն ասաց. «Շատերն ուզում են պահպանել հայերեն լեզուն, բայց ոչ բոլորը: Անշուշտ երիտասարդները փորձում են պահպանել լեզուն, քանի որ զգում են հայության հետ շփվելու կարիքը: Հայկական ոգին շատ զորեղ է Ֆրանսիայում, հայերը շատ բան են անում Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու դեմ պայքարելով: Ասում են՝ չենք ուզում Թուրքիան Եվրոպա դառնա, քանի որ Եղեռնի հարց կա»:
Ռոզի Արմենին շուտով հրավիրեցին համերգների Մերձավոր Արևելք, նա հանդես եկավ տարբեր երկրներում, զարմացրեց ու հիացրեց: Հրավիրվեց նաև Իրան, որտեղ էլ մտերմացավ Պարսկաստանի թագուհի Ֆարահդի Բայի հետ, մասնակցեց նրա թագադրման արարողությանը:
1960-ականների վերջերին արդեն Ռոզի Արմենը միջազգայնորեն ընդունված անուն էր: Նրա անունը հաճախ էր հնչում Սիլվի Վարդանի անվանը զուգահեռ՝ այսպես նշանավոր երկու հայուհուն դարձնելով այդ ժամանակների Ֆրանսիայի ինքնահատուկ խորհրդանիշները: 1965 թվականին երգչուհին առաջին անգամ հանդես եկավ հայ հասարակության առջև, իսկ հետո արդեն մոսկովյան երաժշտասերներն ընդունեցին նրան: Մոսկվայում Ռոզի Արմենն ունեցավ 12 համերգ, աննախընթաց մի բան, մեծ հաջողություն: Մոսկովյան թերթերն ու հանդեսները ողողվեցին Ռոզի Արմենին նվիրված հոդվածներով, մեծ հանդեսների շապիկներից բոլորին ժպտում էր հմայիչ ու գեղեցիկ Ռոզին՝ ճիշտ և ճիշտ վարդի նման…
«Այս 12 համերգներն այնքան հաջողված էին, որ արդյունքում ունեցա 28 համերգ: Այդ համերգների ընթացքում իմ երկրպագուների շարքում էին Տիգրան Պետրոսյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, Առնո Բաբաջանյանը, բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն: Հիշում եմ, թե ինչպես էր մեծն Առնո Բաբաջանյանն ամեն համերգից հետո գալիս ինձ տեսնելու, որպեսզի գնամ իր ընտանիքի հետ ճաշելու, և մինչև վաղ առավոտ նա նվագում էր իր ստեղծագործությունները՝ առաջարկելով որևէ բան ընտրել իմ երգացանկի համար: Դրանք անմոռանալի երեկոներ էին»- պատմում է նշանավոր երգչուհին: Մոսկվայում Ռոզի Արմենին ունկնդրելու է գնացել նաև Արամ Խաչատրյանը և նրան նվիրել իր «Սև կակաչ» երգը: Արամ Խաչատրյանը երգարվեստով քիչ էր հետաքրքրվում, սակայն Ռոզին գերել էր նրան, հմայել, ուստի ապրող դասականը ոչ միայն այս, այլև «Գարուն Երևան» երգը նվիրեց նրան: Իսկ «Գարուն Երևանը» դարձավ Ռոզիի յուրատեսակ անցաթուղթը, երգչական անձնագիրը: «Մաեստրոն իր տիկնոջ հետ եկավ իմ օթյակ, բռնեց ձեռքս և ասաց «Փոքր´կս, դու վերածնեցիր իմ երգը, և ես ուզում եմ քեզ ուրիշ երգեր առաջարկել»: Այդ խոսքերից ես արտասվեցի: Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան և Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը՝ երգը պետք է մատուցվի հոգով կամ՝ երգն էլ հոգի ունի»- հիշում է երգչուհին:
Իր երաժշտական գործունեության ողջ ընթացքում երգչուհին ձայնագրել է 45 ալբոմ, մասնակցել բազմաթիվ համերգների, հանդես եկել Միշել Լեգրանի, Խուլիո Իգլեսիասի հետ, մենահամերգներ տվել Ամերիկայում՝ հանդես գալով ամենանշանավոր բեմերում: «Ամեն մի բեմում հանդես գալով՝ ես իմ մեջ երկու զգացողություն եմ կրել. Ես Ֆրանսիան եմ ներկայացնում որպես հայ երգչուհի: Ես իմ երկրի քաղաքացին եմ, բայց դուստրն եմ մի ժողովրդի, որը աշխարհի բոլոր ծագերում իր ներկայացուցիչներն ունի: Հպարտ եմ եղել միշտ, որ երկու երկիր ու երկու հայրենիք եմ ներկայացրել: Անբացատրելի ու մեծ հպարտություն է դա»- ասում է Ռոզի Արմենը: Երգչուհու երկրորդ հայրենիքն է Հայաստանը, որի ամեն մի ընտանիքի համար թանկ ու սիրելի անուն է նա: Երևանյան փողոցներից մեկում կայանած տաքսու վարորդներից մեկի խոսակցությունը գրավեց ինձ. «Օրինակ, էն օրը «Երկու աստղ» նախագծով Սիրուշոն ու Ավետ Բարսեղյանը երգում էին' «Կարմիր ծաղիկ մը գարունքի» երգը: Էդ ի՜նչ երգ է, էդ ի՜նչ մեղեդայնություն կա, էդ ինչ ազդեցիկ է: Ես ուղղակի խելագարվում եմ էդ երգի համար: Լսում ես, ու մարմինդ սարսռում է: Ա՛յ, իսկական երգն ու երաժշտությունը էդպես պետք է լինի, որ լսես ու ազդվես, շատ սիրեցի էդ երգը: Գիտե՞ք, շատ-շատ եմ ափսոսում, որ հայկական էստրադայի էդ շեդեւրները մոռացության են տրվել: Օրինակ' հիմա երիտասարդությանը մեղադրում են, ասում են' ինչի՞ են Թաթուլ, Թաթա լսում, բայց պետք է էդ երգերը եթերներով պտտեն, որ երեխեքն իմանան, թե ժամանակին մենք ինչ էստրադա ենք ունեցել,- ասում է Սուրենն ու, ընկնելով հիշողությունների գիրկը, շարունակում է,- Էն ժամանակ մեր երգիչները շատ հարգանք ունեին ժողովրդի կողմից: Ես հիշում եմ' Ռաիսա Մկրտչյանը, Օֆելյա Համբարձումյանը, Մարիետա Բադալյանը մեր կուռքն էին, տղամարդիկ ցնդվում էին նրանց համար: Բոլոր հայ տղամարդկանց համար Ռաիսա Մկրտչյանը իդեալ էր, կնոջ իդեալական կերպար: Մի տեսակ ձգտում էինք իրենց տեսնել, հանդիպել: Էն տարիներին արվեստագետների հավաքատեղին «Կազիրյոկն» էր: Ամեն անցնելիս աչքներս չռած նայում էինք, որ տեսնեինք մի երգչի կամ դերասանի ու, եթե տեսնում էինք' գնում, բոլորին պատմում, հպարտանում էինք: Շատ էինք սիրում Ռոզի Արմենին: Ա՛յ, նրա համերգները երեւանցիների համար իսկական տոն էին: Երբ իմանում էինք, որ գալու, ինչ-որ տեղ երգելու է' մեջներիցս ճղվելով ուզում էինք ներկա գտնվել: Էդ կնոջ ձենն աննկարագրելի է, բայց ո՞ւր է, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչի՞ ինքը կորավ ու կորավ: Իսկապես նրա երգերը, ձայնը շատ արժեքավոր էին, ու շատ եմ ափսոսում, որ էլ չի երգում»։ Նա Մշակույթի նախարարությանը կոչ է անում Հայաստան հրավիրել Ռոզի Արմենին, որովհետեւ նրա համերգներին շատ մարդիկ են սպասում: «Ես խոստանում եմ մի 100 տոմսի հարց լուծել»,- ասում էր վարորդը:
Չէ´, Ռոզի Արմենը «չկորավ»: Նա նորից եկավ Հայաստան և մասնակցեց «Երգում է 70-ականների Երևանը» համերգին: Ինքը չերգեց, որովհետև երգչուհին խնդիրներ ունի ձայնի հետ կապված, բայց հնչեց նրա ձայնը, նորից հնչեց«Գարուն Երևանը» , որը բոլորին պարտադրեց մեկ անգամ ևս վերապրել մեծագույն հաճույքը, նորից զգալ Ռոզիի ներկայությունը… Մամուլն այս առթիվ գրեց. «Հայի սրտով ֆրանսուհի». այդպես է ինքն իրեն կոչում հայտնի ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Նա 20-րդ դարի մեր լեգենդներից է, ֆրանսիական երգի վառ աստղերից, ով աշխարհի տարբեր բեմերում ելույթ ունենալով, պարտադիր մի քանի հայերեն երգ է կատարել: Ռոզի Արմենը երգել է Շառլ Ազնավուրի, Ժիլբեր Բեկոյի, Մորիս Շեւալյեի հետ, իսկ Խուլիո Իգլեսիասը հատուկ նրա համար երգեր է գրել: Նրա գեղեցիկ ու նուրբ կատարումները լսել են աշխարհի բազմաթիվ երկրներում:
Ֆրանսուհիների հայտնի հմայքը զգալու համար բավական է տեսնել Ռոզի Արմենին, եւ հասկանալի կդառնա, որ ապրած տարիները եւ հույզերը միայն գեղեցկացնում են կնոջը: Նրա կեցվածքը եւ երգեցիկ առոգանությունը բեմի լուսարձակների ու ծափահարությունների հուշերն են պահպանել: Էլեգանտ, համեստ ու բարձրաճաշակ Ռոզի Արմենն իսկական աստղ է, թեեւ վաղուց արդեն մեծ մենահամերգներ չի ունենում: Իր վերջին այցելությունը Հայաստան եղել է 16 տարի առաջ: Նրա երգերը սիրել են մեր մայրերն ու տատիկները, նրանց համար Ռոզի Արմենը լեգենդ է եղել: Դեկտեմբերի սկզբին Ռոզի Արմենը մի քանի օրով Երեւան էր այցելել' Հանրային հեռուստատեսության ամանորյա երաժշտական ծրագրում նկարահանվելու համար: Տիկին Ռոզիի այցը նրա արվեստը վերհիշելու լավ առիթ կլինի»:
Իսկ Երևանով հմայված Ռոզի Արմենն ասաց. «Այն, ինչ հիմա տեսնում եմ Հայաստանում, շատ լավ է: Նոր տներ են, շնորհքով սարքած շենքեր, արտասահմանյան ավտոմեքենաներ շատ կան: Բայց Հայաստանի խորքը տեսնել դեռ չեմ հասցրել: Հուսով եմ, որ նույն կուլտուրան ու նույն արվեստի շունչը կա: Չգիտեմ, դեռ չեմ հասցրել զգալ»:
Ռոզին տեսավ ու գնահատեց նաև հայ կանանց. «Հայ կանայք հագնվում են այնպես, ինչպես ֆրանսուհիները: Լրիվ նույն հագուստն է, քանի որ հագուստի խանութներն էլ են նույնը: Ես զբոսնեցի Երեւանում, մի քանի խանութ մտա ու տեսա, որ բոլորովին նույն ֆիրմաների հագուստն է վաճառվում, որոնք կան նաեւ Ֆրանսիայում: Հիմա աշխարհի բոլոր ժողովուրդները նույն բաներն են հագնում՝ ե´ւ ֆրանսիացիները, ե´ւ չինացիները, ե´ւ ռուսները, ե´ւ հայերը»:
Հիմա հայ կանայք իրենց տոնի օրը նաև Ռոզիին են հիշում և հեռավոր Ֆրանսիա ուղղում իրենց ջերմագին շնորհավորանքները…Իսկ իր ու ընտանիքի, իր ստեղծագործության մեջ ընտանիքի դերի մասին ասաց. «Ընտանիքս կարող է և հաճախ խանգարում է: Այդ ժամանակ պետք է զիջումների գնալ: Եթե ես մտածեի, որ միայն իմ կարիերայի մասին պետք է հոգամ, չպիտի ամուսնանայի ու երեխաներ ունենայի: Եվ այդ ժամանակ երգչուհի Դալիդայի պես միայնակ ու չոր անձ կլինեի: Ու անպայման կյանքիս վերջում կասեի' ի՞նչ արեցի, երգեցի-երգեցի, հետո՞ ինչ: Միայն երգելը պարապ բան է: Ես դա զգացի, երբ երեսուն տարեկան դարձա: Յուրաքանչյուր տարվա ընթացում ես ինը ամիս երգում էի, հյուրախաղերի էի մեկնում: Տարվա մեծ մասն օդանավերում, հյուրանոցներում, ճաշարաններում եւ բեմերի վրա էի: Երգում էի, ապա համերգից հետո գնում էի հյուրանոցի իմ սենյակն ու մեն-մենակ մտածում էի' նույնիսկ ուտել չեմ ուզում, ուտելու սիրտ չունեմ, ավելի լավ է՝ շուտ քնեմ, որ վաղը նորից համերգ երգեմ: Իսկ կողքիս ոչ ոք չկար: Մտածում էի' մինչեւ ե՞րբ այսպես պիտի երգեմ ու ինձ մենակ զգամ: Այնպես որ, երկուսն էլ պետք են' ե´ւ ընտանիքը, ե´ւ արվեստը: Եվ երկուսն էլ պետք է հավասարակշռված լինեն»:
Լևոն Մութաֆյան