Միակը ժամանակակիցներից, որ չվախեցավ Չարենցի հետ հանդիպումներից, բանաստեղծ Ավետիք Իսահակյանն էր,ով Հայաստան գալուց անմիջապես հետո, 1936թ. դեկտեմբերին, մշտապես հանդիպում էր Չարենցի հետ, մինչև նրա ձերբակալությունը:
Իսահակյանը և Չարենցը սերտ բարեկամությունը հաստատվել է 1924թ.: Երբ Իսահակյանը որպես քաղաքական վտարանդի, 1920թ.-ից մշտապես ապրում էր Վենետիկում, իսկ երիտասարդ, բայց արդեն հայտնի բանաստեղծ Չարենցը, անկեղծորեն հրապուրված հոկտեմբերյան գաղափարներով, կյանքում առաջին անգամ ստեղծագործական գործուղման էր ուղարկվել Եվրոպայի մշակութային կենտրոններ: Եվ առաջին հերթին նա մեկնեց Վենետիկ, ուր ապրում էր Իսահակյանը:
Իսահակյանը ծանր էր տանում Չարենցի ձերբակալությունը: Այն տան պատշգամբից, որտեղ նա ապրում էր այն տարիներին, երևում էր Չարենցի տան տանիքը: Տների արանքում աղմկում էր հին այգին, ուր մինչև ուշ գիշեր Իսահակյանը շրջում էր Չարենցի հետ' նրա տնային կալանքի ժամանակ: Նրանց անպայման ուղեկցում էր Իսահակյանի սիրելի շունը' «Ջեկի» անունով սետերը:
Տարիներ անց, երբ պատերազմն ավարտվեց և շատ բան այլ լույսով էր երևում, Իսահակյանը բացեց 1937թ. հոկտեմբերին Իզաբելայի վերջին այցելության գաղտնիքը:
Պարզվում է, երբ Իզաբելան բանտում ստացել է Չարենցի սպիտակեղենը' լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցել Չարենցի նամակը: Այն նախատեսված էր Իսահակյանի համար և գրված էր մատիտով, սպիտակ թաշկինակի վրա: Այդ նամակն էր բերել Իզաբելան: Իսահակյանն այն պահում էր որպես ամենաթանկ մասունք' երբեմն այն հանելով և ցույց տալով ամենահուսալի մարդկանց: Այդ թաշկինակն այսօր էլ պահվում է Իսահակյան ընտանիքի ձեռագրերի հավաքածուում, բայց թաշկինակի գլխավոր արժեքն այն է, որ նրա վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը: Եվ այն նվիրված է Ավետիք Իսահակյանին: Չարենցը գրում է. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:
Որքան գնում – այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար'
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային
Եվ ծերունու սրտում մնա:
Սիրտդ կարող է վեհանալ,
Որ անսալով նրա սրտին'
Երգ ես տվել ժողովրդին,
Որ իր երգով անմահանա:
Ա՜խ, կուզեի ես ունենալ
Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին –
Եվ նա հավետ այնտեղ մնար:
Եվ սերունդենր այսպես գային,
Եվ կարդային խուղիս որմին
Սրտիս միակ երգը ջերմին,-
Եվ երգս այդ ես քեզ տայի:
1937.27.IX. բանտ, գիշեր
Բանաստեղծությանը հաջորդում էր բանաստեղծի հետևյալ վերջին խոստովանությունը. «Այս է, սիրելի Ավետիք: Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքիս հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին:
1937.6.X. բանտ»: