....Դեմքը ազնվական շուք ուներ: Մաշկի տակ ասես լույս կար, որ ցոլում էր մեղմ ու թաքուն: Աչքերը խոշոր էին, նշաձև ու թախծոտ: Թախծոտ , երբ անգամ ժպտում էր, անգամ ծիծաղում:
Իմ տեսած ամենահմայիչ տղամարդկանցից էր, Ու զարմանում էի , որ անպատասխան սեր է ունեցել:
...1938թվի ամռանն եմ տեսել, Ծաղկաձորում:Պիոներական ճամբարի հրապարակում խաղում էինք, երբ լսեցինք՝,, Իսահակյանն է գալու, հանդիպում է լինելու բանաստեղծի հետ,,... Մեջտեղ եկան Իսահակյանի գրքերը: Մի քանի օր անընդհատ ճամբարային սենյակներից, թփերի տակից Իսահակյանի բանաստեղծություններն էին հնչում:
Ինձ հանձնարարված էր արտասանել իմ սեփական բանաստեղծություններից:
ԵՎ ահա ընկեր Վիրապը՝ մեր ճամբարի պետը, թևանցուկ արած բերեց Իսահակյանին: Նա եկավ, նստեց շրջանի կենտրոնում դրված աթոռին ու սկսեց զրուցել մեզ հետ: ՈՒ ինձ պատեց երկրորդ զարմանքը. շատ էր ,, հասարակ,, խոսում, դանդաղ, կմկմում էր ու կակազում... Մինչդեռ ես այլ, բոլորովին այլ բան էի սպասում, ես կարծում էի, թե նա գեղեցիկ, շքեղ, մինչ այդ չլսված խոսքերի հեղեղ պիտի տեղա մեզ վրա...
Հիմա ես նրա ասածներից ոչինչ չեմ կարողանում մտաբերել. հիշողությանս մեջ է մնացել միայն նրա խոսքի դանդաղ, անշտապ տոնը:
Հետո ընկեր Վիրապի պահանջով երեխաները սկսեցին հարցեր տալ Իսահակյանին: Այդ հարց ու պատասխանից էլ քիչ բան եմ հիշում և հիշածս հետևյալն է. մի շատ ակտիվ պատանի, որ հետո կոմերիտական ղեկավար աշխատող դարձավ, համարձակորեն առաջ եկավ, զգաստ կանգնեց ու ասաց.
- Ընկեր Իսահակյան, պատմեցեք, թե արտասահմանում կապիտալիստներն ինչպես էին ճնշում ձեզ...
Համոզված էի , որ այդ հարցը տեղին չէ, ու այդ պատանու փոխարեն ինձ շատ անհարմար զգացի:
Իսահակյանը ժպտաց ու ասաց.
_Տղա ջան, կապիտալիստները բանվորներուն կճնշեն , ինձի ինչոու՞ պիտի ճնշեն...
Հարց տվող տղայի հիասթափությունը կատարյալ էր:
Սկսվեցին արտասանությունները, ընկեր Վիրապը ձայն տվեց նաև ինձ, <,մեր ճամբարի պատանի բանաստեղծին>>...
Ես արտասանեցի մի փոքրիկ բանաստեղծություն.
. Ամպերը գանգուր
. Հագան կարմիր քող
. Թաքնվեց հեռվում
. Արփին ոսկեշող:
. Երեկոն իջավ
. ՈՒ բերեց անդորր
. ԵՎ իր թևի տակ
. Ծածկեց հանդ ու ձոր... և այլն:
Երբ ավարտեցի Իսահակյանը ձեռքի շարժումով ինձ կանչեց մոտը:
-Անունդ ինչպե՞ս էր...
- Վահագն...
-Վահագն, լավ անուն է... Գիտե՞ս, թե ով էր Վահագնը...
Բարեբախտաբար գիտեի, ասացի:
-Ապրիս: Լավ է, որ բնության մասին ես գրում, այդպես էլ շարունակե:
Հատված ,, Հուշի բեկորներ,, - ից / ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ/
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
1974 օգոստոս