Ադրբեջանը Հայաստանի ռազմական մատակարարումների դեմ մեծ արշավ տանելուն զուգահեռ շարունակում է զինվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Զինված ուժերի բարեփոխումների առաջնահերթությունների շրջանակներում, մեծ ուշադրություն է կենտրոնացնում ՆԱՏՕ-ի կազմում գործող թուրքական բանակի մոդելին և գնում այդ ուղղությամբ:

Վերջին տարիներին անընդհատ մեծացվող հատուկ նշանակության ստորաբաժանումներից բացի «Կոմանդո» տիպի զորատեսակն է զարգացնում, որն ամբողջովին վերցված է թուրքական զինուժից:

Մեծ թվով զորամասեր վերակազմավորվել են և բավականին մեծ շեշտ է դրվում զորքերի նոր մարտավարական փոփոխությունների, անհատական պաշտպանական միջոցների և նոր տեխնոլոգիաների զարգացմանը:

Թուրքական բանակի հետ ներդաշնակ գործելուն զուգահեռ, մեծ ուշադրություն է հատկացվում զորքերի կառավարման հարցին, հատկապես, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո դրանք համատեղ են իրականացվում:

Ադրբեջանի նախաձեռնած աղմուկը Հայաստանի ռազմական մատակարարումների մասով բացի խոչընդոտներ ստեղծելուց, նպատակ ունի քողարկել Ադրբեջանի ակտիվ վերազինումները և այս պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ է գնվել կամ ի՞նչ ծավալով:

Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության միակ ու գլխավոր սպառնալիքն է, որը շարունակում է իր ապակառուցողական քաղաքական կուրսը»։