Օրերս խորհրդարանում ընդունել եմ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանին, ով շարունակում է իր պայքարը կոռուպցիայի դեմ՝ բացահայտելով Երևանի քաղաքապետարանի գործունեության բացերը։

Ի պատասխան իր ակտիվ բացահայտումներին՝ նա թիրախավորվել է գործող իշխանության կողմից և ենթարկվել հստակ հրահանգով կատարված հետապնդումների ու հարձակումների։ Այդ են վկայում դեպքի առթիվ կատարված բազմաթիվ հրապարակումները։

Ա․ Չախոյանի հետ զրուցել ենք իր գործունեությամբ բացահայտումների շարունակականության խիստ անհրաժեշտության մասին, որն իր խթանը կարող է բերել հետագայում քաղաքային բյուջեի խնայման գործում:

Պատրաստակամություն եմ հայտնել հնարավոր բոլոր տարբերակներով աջակցել նրան՝ թույլ չտալու իր խոսքի ազատության իրավունքի խաթարումը:

Միջազգային իմ գործընկերների հետ հանդիպումներում շարունակելու եմ բարձրաձայնել նաև Արթուր Չախոյանի իրավունքների պաշտպանության խնդիրը։ Կարծում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ դատախազությունը պետք է խորը և օբյեկտիվ ուսումնասիրության ենթարկեն գործը՝ Ա․ Չախոյանին ճանաչելով որպես տուժող կողմ՝ մեղադրանք ներկայացնելու փոխարեն։

Պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Ա․ Չախոյանի նկատմամբ անհայտ անձինք փորձել են հաշվեհարդար տեսնել ադրբեջանական աղբյուրներին ինչ-որ տեղեկություններ տրամադրելու մտացածին պատճաբանությամբ, վկայում է պետական ինստիտուտների անգործության և ինքնադատաստանի ինստիտուտի գոյության մասին։

Սա միանշանակորեն դատապարտելի է և նշանակում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ահռելի աշխատանք ունեն գործը արդար քննության ենթարկելու հարցում, որին անձամբ շարունակելու եմ ուշադրությամբ հետևել ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։