ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ երրորդ նախագահի վերջին ճեպազրույցը կրկին անհանգստություն է սերմանել իշխանական ու ոչ իշխանական որոշ շրջանակներում: Իշխանականները խիստ մտահոգվել են այն հանգամանքից, որ նախագահ Սարգսյանը տրամաբանական և իրացնելի է գնահատել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի առաջարկը:
Այս հարցազրուցի առթիվ' իր նվնվոցն ու խղճահարություն առաջացնող «մեկնաբանությունն» է հրապարակել կապիտուլյացիոն ռեժիմի ազգակործան քաղաքականության մունետիկ ու փարոս «Հայկական ժամանակ»-ը: Չէի անդրադառնա այս հանգամանքին, ինչպես չեմ անդրադառնում այլ կայքերի օդատիեզերական մակարդակի «վերլուծություններին», եթե «ՀԺ»-ի ծլվլոցների հետևում թաքնված չլիներ ապազգային դավադրությունների իշխանական «միտքը»:
Ինչպես միշտ, փաստերի և մեկնաբանությունների աղավաղման անկրկնելի վարպետները, գնացել մտել էին իրենց սիրած նախկինների համապատասխան տեղերը և մանիպուլացնում էին ինչ հնարավոր է: Այնինչ, սրանց վախերը այլ տեղում են, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Օսկանյանի առաջարկությունն իրականում տրամաբաբական է և հնարավոր կլինի պայմաններ ստեղծել անհամեմատ ավելի նպաստավոր դիրքերից բանակցային գործընթաց մեկնարկելու համար: Բայց քանի որ դավաճանների ցանկությունը ոչ թե Հայաստանի և Արցախի ճակատագրի հարցում նպաստավոր դիրքն է, այլ սեփական թուլամորթ կաշին փրկելը, հետևաբար, նման ցինիկ հոդվածներն են լինելու ընդդիմության առաջարկների նրանց պատասխանը:
Մտածեք ինքներդ. ազգ-պետություն կործանողը, հասարակության որոշ խմբի անգրագիտության վրա հույսները դրած իշխանությունը ինչու՞ պետք է համաձայնվի իրավիճակից ելքեր ենթադրող գաղափարներ քննարկել' երբ իրենց նպատակը վերջնական կործանելն է:
Այո´, իրավացի է 3-րդ նախագահը, բանակցողի փոխվելով իրավիճակը փոխվելու է և առաջին անգամ չէ, որ նա խոսում է այդ մասին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որովհետև իր սեփական կետից ու զրոյից «բանակցողը» այսօր զրոյից ցածր հնարավորություններ ունի իր իսկ բերած սպառնալիքներին դիմագրավելու համար, որովհետև եթե մեկը հասցրել է այն վիճակի, որում քաղաքական բոսյակները' որբի դեմքով ասում են «մի´ խոսեք, մի´ մտածեք, մի´ ստորագրեք' որպեսզի պատերազմ չլինի», ի՞նչ է այլևս հնարավոր ակնկալել դրանցից:
Վարդան Օսկայանի առաջարկի տրամաբանությունն էլ հենց դա է. եթե ոստիկանների շալակին թառած կառչել ես իշխանությանը և քո վնասակար գոյությամբ կործանում ես երկրի ապագան, ապա գոնե հնարավորություն տուր փրկելու իրավիճակը: Դրա համար պահանջվում է ընդամենը ծպտուն չհանել: Պատկերացնո՞ւմ եք աբսուրդի աստիճանը. ծպտուն չհանել, որ ավելի վատ չլինի և հնարավոր լինի դուրս գալ վիճակից:
Այնպես որ, «Հայկական ժամանակ» կայքին պետք է խնդրել' ի շահ և ի նպաստ հայ ժողովրդի' դուք էլ ծպտուն մի հանեք, որովհետև հայրենիքը կապիտուլյանտից կարևոր է:
Հ.Գ. «ՀԺ»-ի խմբագրակազմին և ոչ միայն նրանց անկեղծորեն խղճում եմ: Նրանք էլ մեր ժողովրդի պես խորտակվող նավի անհույս ուղևորներ են, բայց երբեմն «ստիպված են» լինում թիավարել խորտակումը կանխելուն հակառակ...»։