Վարժական հավաքների կարևոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին բազմիցս եմ խոսել, սակայն դրանց առանցքային նպատակները երկրորդ պլան են մղված: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք:

Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա:

Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքների առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավել տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա:

Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:

Իսկ երբ պաշտպանության նախարարությունը համալսարանական կրթության ավարտին` դիպլոմ ստանալուց առաջ, վարժական հավաքի ծանուցագիր է տալիս պատերազմի մասնակցին, ապա դա խոսում է այն մասին, որ կառավարությանը խնդիրը ոչ թե կոնկրետ օրենքով սահմանված առաջնահերթություններն են, այլ թիվ, պլան կատարելը»։