Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սեւանից եւ Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի առջեւ բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել։

Տիկին դեսպանը, որ առիթը բաց չի թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, հուզված ու արցունքն աչքերին քաղաքական գնահատականներ է հնչեցնում մարտի 1-ի մասին, խուլ ու համր է ձեւանում հունիսի 3-ին հենց իր դեսպանատան շենքի մոտ ժողովրդի դեմ կիրառված նռնակների մասին։

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին, փակ դռների ետեւում չեղած ժողովրդավարության մասին քննարկումները՝ ձեզ սփոփանք։ Ձեր այս տգեղ պահվածքով եք նաեւ հայ հասարակության աչքերում խեղաթյուրում արեւմտյան արժեքները, ժողովրդավարությունն ու տարրական քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը, որից այնքան հեռու եղաք։ Ուրախ եմ, որ շուտով ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում։