Սպասում էի: Չէ որ մենք մի ամբողջ օր մենք միասին ժպտացել էինք: Սպասում էի այն աչքերին, որոնք կյանքումս առաջին անգամ վախեցել էի կորցնել, բայց կորցրել էի, որովհետեւ օրը հիմարաբար ավարտվել էր: Սպասում էի, որովհետեւ չգիտեի անգամ' ինչպես պետք է փնտրել քեզ. չնայած եթե անգամ իմանայի էլ, աղջկական հպարտությունս երեւի թույլ չէր տա փնտրել: Մի օր հայտնվեցիր' ահագին ուշ. չգիտեմ էլ ինչու կամ ինչպես մտքովդ անցա : Անմիջապես տեղավորվեցիր իմ կյանքում, ինչպես այն ժամանակ էիր տեղավորվել իմ օրվա մեջ: Սկսեցիր փոխել իմ առօրյան, մտքերս, քնելուս ու արթնանալուս ժամանակը, ցանկություններս ու պատկերացումներս, իրավունքներս ու պարտականություններս…..ինձ սկսեցիր փոխել… Ես հավատարիմ էի իմ ստեղծած սիրուն. սկսեցի վանել բոլոր մարդկանց, ովքեր իրենց սիրով կապացուցեին, որ դու ինձ չես սիրում: Վախենում էի սթափվել, որովհետեւ գիտեի, որ կկորցնեի քեզ: Ես շրջանցում էի համեմատության բոլոր ձեւերը, բայց չկարողացա չհամեմատել իմ սերն ու քո… չգիտեմ ինչը: Ու դու սկսեցիր հավատացնել, որ ինձ չես նեղացնում, որովհետեւ գիտեիր, որ ինձ շատ եմ սիրում:
… Արդեն վստահ էիր, որ ինձ էլ ես դարձրել քեզ նման…կամ էլ նման քո ստեղծած մյուսներին: Զարմացար ու չհավատացիր, երբ մի օր նեղացա հերթական լկստված խոսքիցդ ու էլ չխոսեցի: Երեւի երբեք էլ չես հասկանա, որ մի օրում չէր, որ նեղացա:
Ես էլ երբեք չէի պատկերացնի, որ հնարավոր է չխոսել մեկի հետ ու կարծել, որ լռել է ամբողջ աշխարհը:
Երանի երբեք չզգաս, թե ինչ է նշանակում կարոտել մեկին ու գիտակցել, որ նա անարժան է:
…Սպասում էի….Երանի երբեք չհայտնվեիր նորից… չէ որ այն օրը մենք միասին ժպտում էինք:
Արաքս Մամուլյան