ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիայից 1 տարի է անցել, բայց մեր վերքերը ամենևին էլ սպիացած չեն։ Դժվար է համապատասխան բառեր գտնել՝ մեր երախտիքի խոսքը հղելու հանուն հայրենիքի ընկած մեր հերոսներին, հայրենիքի հանդեպ նրանց այդքան սեր փոխանցած ծնողներին, չէ՞ որ նրանք արել են անհնարինը, զոհել են իրենց կյանքը հանուն Արցախի, Հայաստանի, մեզ բոլորիս։
Իհարկե կարող ենք անվերջ հպարտանալ մեր հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու կամք ունեցող մեր ազգակիցներով, բայց, կարծում եմ, 1 տարի անց մենք պարզապես պետք է լռենք, լուռ հարգանքի տուրք մատուցենք մեր ընկած քաջորդիներին, և վերջապես շարունակենք այն սուրբ առաքելությունը, որը պատվով կատարում էին մեր նվիրյալները։
Մի ամբողջ տարի է անցել, բայց, ցավոք, նույնիսկ չենք փորձում որևէ կերպ արժանի լինել մեր հերոս զավակներին։ Վստահ եմ՝ թուրքի հետ կեղծ խաղաղության, մեր հայրենիքը առանց փամփուշտի հանձնելու համար չէր բոլորիս պայքարը։ Եվ որքան էլ ցավալի լինի, ուշքի չենք գալիս, չենք գիտակցում այն մեծագույն սպառնալիքները, որոնք առաջ են եկել Արցախի զգալի մասի կորստից հետո։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր: Եվ Արցախի շրջանները կորցնելով՝ արդեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովման լրջագույն խնդիրներ են առաջ եկել:
Մեզ պետք չէ շարունակել այն կործանարար քաղաքականությունը, որը սևերի և սպիտակների բաժանմամբ հարվածեց մեր միասնականությանը, համախմբվածությանը։ Պետք է ձևավորենք ազգային գաղափար, որի շուրջը համախմբվենք բոլորս՝ անկախ ամեն ինչից։
Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիայի ուղղությամբ շտապ քայլեր պետք է իրականացնենք։ Հիշենք՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ հրադադարի հայտարարություն: Եվ այս հատվածը պետք առավելագույնս օգտագործենք՝ ի շահ հայրենիքի անվտանգության մակարդակի որակական բարձրացման:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով պետք է մնա մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը՝ Արցախի ժողովրդի առանց որեւէ սահմանափակման ինքնորոշման իրավունքի հիման վրա: Մեր օրակարգում պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը, և պետք է հստակ ընդգծենք, որ Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիան որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի եւ սահմանների որոշման գործընթացի վրա:
Անելիքները շատ են, խնդիրները՝ հրատապ: Հայրենիքը վիրավոր է, իսկ ապագան՝ անորոշ: Գործել է պետք»: