ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ Նիկոլը հերթական անգամ հասկացնում էր, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի արհեստական սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում։ Այդ մասին բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։
Կոմունիկացիաների բացումը դեռևս չի նշանակում, որ քեզ թշնամի համարող պետությունը, երբ կամենա, որտեղ կամենա պետք է տեղակայի իր ուժային կառույցները, և վորահսկողության տակ առնի իրեն հարմար ճանապարհներն ու տարածքները։
Դա կարող է տեղի ունենալ միայն պետական սահմանների վերջնական ճշգրտման, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման արդյունքում։ Քանի դեռ այն արված չէ, որևէ մեկը, այդ թվում նաև Նիկոլը, իրավունք չունի որևէ տարածք համարել ադրբեջանական, թուրքական, հռոմեական կամ մոնղոլ-թաթարական։
2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազտման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան։
Ո՞վ է թույլ տվել Նիկոլին, ինքնագլուխ կերպով այդպես անփույթ և թշնամաբար վերաբերվել Հայաստանի պետական սահմաններին։ Ընտրողնե՞րը, իհարկե ո՛չ։ Նրան չեն ընտրել Նիկոլին, որ Ադրբեջանի շահերը սպասարկի։ Իսկ նա կրկին խաբում է միամիտ և խճճված մարդկանց։
Երեկ էլ ԱԺ-ում կեղծում էր 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի իմաստն ու բովանդակությունը, փորձելով իր նենգ բնավորության համաձայն, մեղքը բարդել «նախկինների» վրա։ Կապիտուլյանտի կողմից շարունակ կրկնվող կեղծ պնդումները թութակի պես կրկնում են նաև նրա թիմի որոշ անդամները:
Այն, ինչ ասում է Նիկոլը, «ֆեյք նյուզի» դասական օրինակ է, որովհետև «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010թ-ին (Սերժ Սարգսյանի օրոք), այլ դեռես 1995թ-ին (Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք)։ Դրանով Նիկոլը փորձում է ստել, իբրև թե «նախկինների» (ՀՀԿ) օրոք է որոշվել Ադրբեջանի հետ պետական սահմանը։
Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 1995թ-ին ընդունված և 2010թ.-ին արված փոփոխություններով, Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների (քաղաք, գյուղ) միջև:
Իսկ պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001թ. : Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:
Անկախությունից ի վեր Հայաստանն Ադրբեջանի հետ ՉԻ ԿՆՔԵԼ պայմանագիր պետական սահմանի որոշման կամ տեղորոշման մասին, այդ հարցը բաց է: Այսինքն՝ երեկ ԱԺ-ում Նիկոլի արած պնդումը Հայաստանի կողմից իր պետական սահմանների որոշման և տեղորոշման մասին՝ պաշտոնական մակարդակով արված հանցավոր կեղծիք է»։