ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի էջից.

Գործող իշխանություն կոչվածները ոչ մի կերպ չեն հասկանում, որ 2020թ. աշնանային խայտառակ պատերազմից, և այդ պատերազմում իրենց տեղեկատվական կեղծարարություններից հետո, շատերն այլևս չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը: Հատկապես՝ երբ այն վերաբերվում է անվտանգությանը:

Սրանք էլի շարունակում են իրենց գործելաոճը՝ ըստ որի այսօր էլ մեղքը բարդում են լրատվամիջոցների ու սյունեցիների վրա: Լրատվամիջոցը հնարավոր է նաև չճշտված տեղեկատվություն տրամադրել, հատկապես, երբ ունի աղբյուր: Բայց այստեղ խնդիրը բոլորովին այլ է:

Պրոբլեմը նա է, որ նույնիսկ նիկոլական իշխանության համար էր անակնկալ ադրբեջանցիների գործողությունները Սյունիքում: Դա երևում է նրանց մեկնաբանություններից, որովհետև չի հերքվում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները հայկական սահմաններին են մոտեցել առանց նախապես տեղեկացնելու: Այդ մասին ասել է նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Այվազյանը ՌԴ ԱԳՆ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցում՝ Ադրբեջանի գործողությունը որակելով որպես Հայաստանի սահմանի նկատմամբ սադրանք:

Սա խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները թքած ունեն նիկոլական իշխանության վրա, հաշվի չեն առնում նրանց գոյությունը և սադրանքներով փորձում են ստեղծել իրավիճակ, որտեղ խնդիրները պատրաստ են քննարկել բացառապես ռուսական ուժերի հրամանատարության հետ:

Իսկ նիկոլականները փորձում են սվաղել, մեղմել իրավիճակը, որովհետև վախենում են նախընտրական շրջանում ձայներ կորցնելուց: